Մի ճամբարից մյուսը թռիչքի ժամանակ Հայաստանը կարող է ընդհանրապես դադարի գոյություն ունենալ. Գայդա
ՄիջազգայինՀայաստանի եւ Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասին «Իրավունք»-ը զրուցել է Մոսկվայի Պետական համալսարանի դոցենտ, պատմական գիտությունների դոկտոր ՖՅՈԴՈՐ ԳԱՅԴԱՅԻ հետ:
«ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՓՆՏՐԵՆ»
— Իրավիճակը կրկին պայթյունավտանգ է դարձել մեր տարածաշրջանում եւ մասնավորապես՝ Հայաստանի շուրջ: Իհարկե, Ռուսաստանի համար էլ երազելի ժամանակներ չեն: Ի՞նչ է մեզ սպասվում:
— Աշխարհում բազմավեկտորությունն աստիճանաբար անցյալում է մնում: Ռեսուրսների համար պայքարի եւ ընդհանրապես հակամարտությունների սրացումները հանգեցնում են նրան, որ բոլոր երկրները պետք է հուսալի դաշնակիցներ փնտրեն: Հատկապես սա վերաբերում է փոքր երկրներին, այլապես այդ երկրների անվտանգության հարցը ոչ միայն չի լուծվի, այլ նաեւ կսրվի: Բոլորս տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը: Խնդիրը հասել է նրան, որ աշխարհում իր միջուկային ներուժով առաջին կամ երկրորդը համարվող երկիրը չի կարող ասել, որ ինչ-որ անառիկ անվտանգային վիճակում է: Սա վերաբերում է առավել եւս այն երկրներին, որոնց միջուկային ներուժը փոքր է կամ առհասարակ չունեն: Այնպես որ, ցավոք, բոլորս ունենք մեծ խնդիրներ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրները վերջին երեք տարիներին՝ 2020-2023 թթ.-ին, լուրջ խնդիրների են բախվել եւ այս կամ այն կերպ հսկայակական ճնշման ենթարկվել: Այս ամենն ակնհայտ է եւ ոչ ոք չի պատրաստվում թաքցնել ու աչք փակել: Բայց այստեղ հարցը մեր հնարավորությունների մեջ է այս պահի համար: Նկատի ունեմ, թե հենց հիմա որքանով է հնարավոր ընդունված համաձայնագրերը իրականացնել, որոնք վերաբերում են ամբողջ ռեգիոնալ անվտանգությանը: Դրա համար բոլոր երկրները, որոնք գտնվում են այս մեծ տարածաշրջանում, կոչեք այն Կովկաս կամ Հարավային Կովկաս, ինչ-որ կերպ պետք է պայմանավորվեն:
— Ֆյոդոր Ալեքսանդրովիչ, իսկ եթե չկարողանանք պայմանավորվե՞լ, հատկապես երբ ոչ բոլոր կողմերն ունեն նման ցանկություն…
— Եթե չկարողանանք պայմանավորվել, իրականում բոլորս կտուժենք, ու որեւէ մեկին այն քիչ չի թվա: Ե՛վ Ռուսաստանը կտուժի, ե՛ւ Իրանը, էլ չեմ ասում Հայաստանի մասին: Հիմա թռիչքները, հիմնական դաշնակիցների փոփոխությունները հղի են անդառնալի վտանգներով: Տեսեք, թե ինչ է անում ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ: Իհարկե, դուք մատնացույց կանեք, որ Ուկրաինան աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, բայց ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Ուկրաինան անընդհատ բողոքում այդ աջակցության անբավարար լինելուց, այդ թվում՝ ռազմական: Այսինքն՝ այն աջակցությունից, որը իրենց հիմա պետք է մաքսիմալ քանակի, չափը չի բավարարում: Կամ, օրինակ, տեսեք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում. ամերիկացիները ուղղակի ցանկացան գնալ այնտեղից, որտեղ 20 տարի ներկայություն ունեին: Ուղղակի մատով ճտացրեցին ու հեռացան: Ամերիկացիները չեն տալիս ոչ մեկին որեւէ երաշխիք, ավելի ճիշտ՝ նրանք, իհարկե, տալիս են այդ երաշխիքները, բայց հաջորդ րոպեին դրանից հրաժարվում են: Այսպիսին է ԱՄՆ-ի անվտանգության համակարգը: Բնականաբար, մինչ այդ նրանք կպատմեն, որ իրենք համաշխարհային քաղաքակրթության ավանգարդում են, ամբողջ աշխարհն իրենց հետ է եւ այլն: Մինչդեռ ամբողջ աշխարհն իրենց հետ չէ, ինչը լիովին ակնհայտ է: Եվրասիական տարածքում ամերիկյան դաշնակիցների քանակը կրճատվել է` հասնելով նվազագույնի: Իրենց ավանդական դաշնակիցները չեն ցանկանում իրենց հետ գործ ունենալ: Վառ օրինակ` Սաուդյան Արաբիան:
«ՀԻՄԱ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԷ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՈՒՊԵՐ ԱԿՏԻՎ ԼԻՆԻ»
— Արտաքին վեկտորի փոփոխության հարցը Հայաստանում առկա է` պայմանավորված առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի իրավիճակով: Հիմնական բողոքը Ռուսաստանից այն է, որ կոնկրետ քայլեր չեն արվում` օր առաջ իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Հասկանալի է այդ ամենը, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի վիճակը հիմա այնպիսին է, որ չի կարող լինել մաքսինալ ուժեղ բոլոր ուղղություներով: Մինչեւ ուկրաինական կոնֆլիկտը` նա իրեն հենց մաքսիմալ ուժեղ ձեւով էլ դրսեւորում էր: Օրինակ` Ղազախստանում կարողացավ այնպես անել, որ երկիրը մնա «ջրի երեսին» ու «չխորտակվի», որովհետեւ այնտեղ քաղաքական ռեժիմ կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ այլեւս: Իսկ հիմա իրավիճակը այդպիսին չէ, որ Ռուսաստանը սուպեր ակտիվ լինի, ինչպիսին եղել է: Բայց ի՞նչ արած, հիմա պետք է քննարկենք այլ հնարավորություններ: Օրինակ, այս իրավիճակում Հայաստանն ինչպիսի՞ պահվածք պետք է դրսեւորի, որ իր անվտանգությունն ապահովված լինի ամբողջ համակարգով: Հայաստանը պետք է լավ հաշվարկի իր ուժերը, հնարավորությունները եւ դաշնակիցներին: Փորձերը` ինչ-որ մեծ խաղի մեջ մտնելու, ուրիշ ռազմավարություն մշակելու, հղի է ընդհանրապես պետության կորստով: Պետք է հաշիվ տաս քեզ, թե ինչ ռիսկեր կան հիմա Հայաստանում: Իհարկե, կարելի է ասել` հիմա մեզ մոտ վիճակը շատ վատ է, եւ դրա համար փոխում ենք մեր ամբողջ կոնֆիգուրացիան ու մեր բոլոր դաշնակիցներին: Բայց հետո իրավիճակը մի քանի անգամ ավելի կվատանա: Սա է գլխավոր խնդիրը, որին բախվում է Հայաստանը:
— Ադրբեջանի զինված ուժերն արդեն Սյունիքում են, որը ոչ միայն Հայաստանի հարավային դարպասն է, այլ ԵԱՏՄ մաքսային սահմանը: Հետեւապես չե՞ք կարծում, որ սա, ամեն դեպքում, միայն Հայաստանի խնդիրը չէ:
— Իհարկե, Դուք ճիշտ եք, բայց այսօր բոլորս ենք հայտնվել ոչ սովորական իրավիճակում: Վերցրեք ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր, բոլորն ունեն խնդիրներ: Ոչ մի դեպքում չի կարելի պարփակվել միայն սեփական խնդիրների վրա, որոնք անխոս կան եւ ոչ ոք չի հերքում: Սակայն, այնպես չէ, որ բոլորի մոտ ամեն ինչ հրաշալի է, իսկ Ձեզ մոտ ամեն ինչ վատ է: Ուստի` պետք է թռնել մի ճամբարից մյուսը: Այդ թռիչքի ժամանակ կարող է ընդհանրապես Հայաստանը դադարի գոյություն ունենալ: Արդյունքում ստացվի, որ Հայաստանի համար այն թռիչք էր դեպի դատարկություն:
«ԵԹԵ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՐԻ ԿԱՄՔ ԴՐՍԵՎՈՐԻ, ԻՀԱՐԿԵ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԱՍ ԿԱԶՄԻ»
— Եթե փրկություն չփնտրել «ճամբարային թռիչքների» մեջ, ապա այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի եւ ԼՂ-ի անվտանգային խնդիրների լուծումը:
— Ցավոք, որեւէ այլ տարբերակ փնտրել հնարավոր չէ, քան փոխզիջման գնալը ռեգիոնալ մակարդակով, ինչը պետք է բավարարի տարածաշրջանի բոլոր կողմերին, այդ թվում` Իրանին, Ադրբեջանին, Ղարաբաղին, իհարկե, նաեւ Թուրքիային, Վրաստանին, Ռուսաստանին: Ուրիշ տարբերակ չկա, պետք է անխուսափելիորեն բոլորս պայմանավորվենք: Դրա համար երաշխիքները պետք է շատ լուրջ ծանրութեթեւ անել: Եթե չենք ուզում պայմանավորվել, թե այս կամ այն կերպ ինչ փոխադարձ զիջումների ենք գնում, ոչինչ մեզ մոտ չի ստացվի: Այդ դեպքում ամեն ինչ կավարտվի հերթական կոնֆլիկտով, փակուղիով, արյունահեղությամբ եւ աղետով:
— Որպես հնարավոր ելք` ինչպե՞ս եք դիտարկում, որ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մաս կազմի Հայաստանը:
— Եթե այդ հարցում Հայաստանը բարի կամք դրսեւորի, իհարկե, հնարավոր է: Բայց դրա համար պետք է հայ ժողովրդի եւ կառավարության ցանկությունը: Այդ դեպքում գտնում եմ, որ լիովին հնարավոր է:
— Իսկ Արցախի համար փրկություն կարո՞ղ է լինել, եթե Ռուսաստանը պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ:
— Գտնում եմ, որ սա հարց է, որը վերաբերում է Ղարաբաղում ռուսական կոնտիգենտի կարգավիճակին: Հետեւաբար, սա պետք է լինի Ղարաբաղի ժողովրդի հայտարարության հիման վրա: Նախ ցանկանություն պետք է լինի հայ ժողովրդի կողմից: Ամեն դեպքում, այն եւս պետք է լինի բազմակողմ համաձայնության արդյունքում: Մենք դրանից չենք փախչում, բայցեւ ձեւ չենք անում, թե մեզնից բացի այստեղ ոչ մեկը գոյություն չունի, որովհետեւ այդ դեպքում կվերջանա ամեն ինչ նրանով, որ մենք այստեղ գոյություն չենք ունենա: Սա է խնդիրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=254259&l=am/

