Այսօրվա իշխող ուժը վերացնում է բոլոր խոչընդոտները «Մեծ Թուրան» ծրագրի իրականացման համար. Մանասերյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

«ՄԱՐԴԻԿ ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԵՆ, ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՈՔԻ, ՍԱ ԱՄԵՆԱՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔՆ Է»

- Լրացավ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Գործող իշխանությունների կողմից որեւէ հիշատակի միջոցառում չկազմակերպվեց, ավելին՝ մինչեւ ապրիլի 23-ը երեկոյան Մարզահամերգային համալիրում ընթանում էր Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Ինչպե՞ս կգնահատեք այս ամենի վերաբերյալ ժողովրդի արձագանքը։

- Ես ինքս Հայոց ցեղասպանության նահատակվածի ժառանգ եմ, իմ համար միշտ մեծ ցավ է խոսել 1915 թվականի ցեղասպանության մասին։ Անմիջապես իմ տատիկից եմ լսել (այդ ժամանկ նա 15 տարեկան է եղել) այն խոշտանգումների, դաժանությունների եւ սարսափների մասին, որ իրենք ապրել են։ Տատիկիս աչքի առաջ մորթել են իր ողջ ընտանիքը, միայն փրկվել էին ինքը եւ եղբայրը։ Տատիկս տեղափոխվել էր Գյումրիի մանկատուն, իսկ եղբորը տարել էին Ֆրանսիա։ 70-ական թվականերին եղբայրը գտել էր տատիկիս, սակայն ԱԱԾ-ի կողմից մեծ խնդիրներ էր առաջացել: Ինչպես գիտեք, Սովետական միություն էր, տատիկս եղբոր հետ կապված բոլոր նամակները, նկարները գաղտնի այրել էր, որ կարողանա այդպես խնայի իր եղբորը։ Մինչ այս պահը փնտրում եմ մորեղբորս ժառանգներին, սակայն չեմ կարողանում գտնել: Միայն գիտեմ, որ Մարսելում են ապրել։ Ինչ եմ ուզում ասել, մինչ իր կյանքի վերջը տատիկիս աչքերից չչորացավ արցունքները, այն ցավն ու վիշտը, որ կար նրա աչքերում ասում էր այն ամեն դաժանությունների մասին, որ թուրքն արել էր հայ ժողովրդի հետ։ Ոչ մի հայ դա չպետք է մոռանա, ոչ մի պահ չպետք է իր մտքից հանի իր նախնիների համար վրեժի ցասումը։ Ես պահանջատեր եմ եւ ամեն հնարավորը պետք է անեմ, որ երբեք հայի թափված արյունը  ուրիշների համար առեւտրի առարկա չդառնա։ Դա չի կարող անել նաեւ գործող իշխանությունը, որքան էլ ցանկանա, հայը ունի հիշողություն եւ մի օր բոլորը պետք է պատասխան տան հայ ժողովրդի, մարդկության դեմ իրականցված այդ դաժան ու սարսափելի ցեղասպանության համար։

Կարծում եմ՝ ժողովրդի հիմնական մասը դեռեւս հավատում է, որ հնարավություն կա վերականգնելու Հայաստանի միջազգային վարկը եւ պատրաստ է պայքարելու իր իրավունքների, եւ այս երկրագնդի վրա իր արժանապատիվ տեղի համար, միակ խնդիրն այն է, որ հասարակությունը հստակ բաժանված է մի քանի մասերի, հարուստների եւ աղքատների, գնահատվածների ու չգնահատվածների եւ այլն, որքան էլ ասենք, որ դա չկա, այն գոյություն ունի, իսկ ներկա իշխանությունն իր մանիպուլատիվ գործողություններով դա հստակ օգտագործում է ի շահ իրեն։

Պարզ օրինակ, այսօր Հայաստանի գոյության եւ չգոյության հարցն է, իսկ հիմա ակտիվ դատավարություններ են սկսվել ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ։ Մեղադրական եզրակացություններն ակնհայտ հասու են հանրությանը եւ ի՞նչ, եւ այն, որ միջին խավի ներկայացուցիչը, որոնց թվում են ուսանողները, ուսուցիչները, ծառայողները, գյուղացիները եւ այլն, տեսնում են, թե ինչպիսի հարտություններ կարող են ունենալ այս կամ այն պաշտոնյան՝ ընդամենը մի քանի տարի պաշտոնավարելով այն էլ աղքատ, զարգացող փոքրիկ մի երկրում։ Մարդիկ հուսալքված են, չեն հավատում ոչ ոքի, սա ամենամեծագույն չարիքն է։

«ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՄԵԾ ԹՈՒՐԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

- Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ԱԺ ամբիոնից, ըստ էության, հայտարարեց, որ ձեռքերը լվանում է Արցախից՝ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին, թե իբր դեռ այն ժամանակ Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի մաս: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եթե Ն. Փաշինյանը լիներ, ինչպես նախկինում դեղին մամուլի մի գլխավոր խմբագիր, ապա նրա յուրաքանչյուր բառը, նախադասությունը, միտքը կամ «չմիտքը» միայն պետք էր ընդունել ժպիտով, կամ զզվանքով, բայց ոչ երբեք մեկնաբանել, սակայն այսօր իրավիճակը լրիվ այլ է, դժբախտաբար, նա ղեկավարում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաեւ հանդիսանում է իշխող ուժի լիդերը՝ մի ուժ, որի անդամները մեծ ջանք ու եռանդ են դրել պաշտպանելու եւ ներկայացնելու ադրբեջանա-թուրքական շահերը ՀՀ-ում, որը, կարծես, հայ ազգի եւ հայ հասարակության անտարբերության արդյունքում ստացվում է եւ հյութալի պտուղներ է տալիս ադրբեջանա-թուրքական տանդեմին եւ նրանց լիդերներին:

Զարմանալի չէ, որ Ն. Փաշինյանը, ըստ նպատակահարմարության, որը բնավ Հայաստանի եւ հայերի շահերից չի բխում, կարող է անել հայտարարություններ, մոռանալ նախկինում արված հայտարարությունները, կամ իրեն հատուկ խորամանկությամբ վերամեկնաբանել դրանք, սակայն իրողությունը այն է, որ նշյալ անձի յուրաքանչյուր հայտարարություն եւ յուրաքանչյուր փաստաթուղթ, որը ստորագրվել է եւ առաջիկայում պատրաստվում է ստորագրվել, Հայաստանի եւ հայերի շահերից չի բխում, ավելին՝ դեմ է այդ շահերին:

Եթե վերոնշյալ անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նույնը «ակնկալում» Ադրբեջանի Հանրապետության նախագահից եւ հստակ նշում է 29,800 քառ.կմ տարածքի մասին, ապա ակնհայտ է, որ այս պահին արդեն Հայաաստանը նման չափի տարածք չունի: Սա նրա հերթական մանիպուլյատիվ քայլերից մեկն է, որ հետագայում հայտարարի, թե ես կարողացա պահել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փաստն այն է, որ արդեն ունենք տարածքային կորուստներ եւ ՀՀ Սահմանդրությամբ սահմանված տարածքային ամբողջականության խախտում:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա Նիկոլ Փաշինյանը, ինչպես Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», այսօր էլ հայտարարում է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ», համենայնդեպս, նրա բոլոր հայտարարությունների հիմքում այն փաստն է, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մասն է: Միակ զարմանալի եւ ցավալի փաստն այն է, որ սա հայտարարում է Հայաստանի վարչապետը եւ նրա թիմը եւ ոչ թե Ադրբեջանի ղեկավարը, որի շահերից է բխում նման հայտարարությունը՝ ինչպես ներքին լսարանի, այնպես էլ միջազգային լսարանի եւ դիվանագիտության համար:

Մի փաստի վրա էլ պետք է ուշադրություն դարձնենք, այն է, որ այսօրվա իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ Աննա Հակոբյանի կողմից իրականացնում են այնպիսի քայլեր, որ տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական իշխանությունները փորձել են իրականացնել, այսինքն՝ վերացնել բոլոր խոչընդոտները Մեծ Թուրան ծրագրի իրականացման համար:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Մի քանի օրինակ պահանջներից՝

  1. Հայաստանի վրայից հանել Արարատ լեռան նկարը։
  2. Հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստից, ավելին ասեմ, մի կարճ ժամանակ անց այս իշխանությունները կսկսեն քարոզել եւ «հիմնավորել» այն թեզը, որ չի եղել Հայոց Ցեղասպանություն, նույնիսկ ավելին հայերն են «ցեղասպանել» թուրքերին։ Վստահորեն ասում եմ, որ այդ օրը կգա, եթե Նիկոլ Փաշինյանը եւ ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող նրա խունտան կառավարեն եւս մեկ-երկու տարի։
  3. Հրաժարվել Արեւմտյան Հայաստանի տարածքային պահանջներից, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ժառանգներին ֆինանսական փոխհատուցման պահանջից եւ դրա հետ կապված մի շարք այլ պահանջներից։
  4. ՀՅԴ-ին եւ ԱՍԱԼԱ-ին «հռչակել» տեռորիստական կազմակերպություններ, քանի որ հայկական լոբբինգի հիմնական կառավարող ուժը սփյուռքում Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է։
  5. Արցախյան Առաջին պատերազմի հերոսներին հռչակել ռազմական հանցագործներ եւ հանձել Հաագայի միջազգային դատարան, վատագույն դեպքում՝ Ադրբեջանին։
  6. Հայաստանը հռչակել ագրեսոր պետություն, իսկ հայերին ագրեսորներ, որը, ի դեպ, արդեն արվում է։ Ձեր հիշատակած Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հիմնավորումներից ամենակարեւորը նշեց այն, որ «դրանով հնարավորություն կստեղծվի, որ Հայաստանը դադարի ագրեսոր պետություն կոչվելուց»։ Նշեմ, որ մինչ այս պահը միայն Ադրբեջանը, Թուրքիան եւ հիմա նաեւ Նիկկոլ Փաշինյանն են նման հայտարարություն արել։

Այս շարքը, հերթականությունը անսահման կարելի է թվարկել, բայց կարծում եմ առաջիկայում դեռևս հնարավությյուն կունենանք անրադառնալ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներիին։

Ինչ վերաբերում է «Մադրիդյան սկզբունքներին», ապա սկզբից եւեթ չպետք է մոռանանք, որ այդ սկզբունքների հիմքում դրված է եղել երեք հիմնարար սկզբունքներ՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում եւ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում: «Մադրիդյան սկզբունքների» մասին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տասնյակ անգամ անդրադարձել է: Որքանով հասանելի է այդ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, էական նշանակություն կարող էին ունենալ Արցախի ինքնորոշման եւ անկախ պետության ճանաչման առումով, եթե Նիկոլ Փաշինյանը չհայտարարեր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից եւ գաղտնի չպահեր այն բանակցությունները, փաստաթղթերը, որոնք կնքվում էին կամ դրվում էին զրոյական կետով սկսվող բանակցությունների հիմքում:

«ՀԱՅԸ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ, ՔԱՆ ԹՈՒՐՔՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ»

— Այսօր Փաշինյանը հայտարարում է, որը «ինքը որեւէ բան էլ չի բանակցել…»:

— Եթե մենք իսկապես ժողովրդավար պետություն լինեինք, ապա նման ստախոս ղեկավարը վաղուց քաղաքական եւ իրավական պատասխանատվության առաջ կանգնած կլիներ, սակայն այսօր Հայաստանում ապրող հայի հոգեբանությունը բավականին փոխվել է, կա հիասթափություն, չկա հավատ, կա հասարակության մի մաս, որի համար «լավ» ապրելը ավելի կարեւոր է, քան հայրենիքը եւ պետությունը, այս իրավիճակն էլ նպաստում է Նիկոլ Փաշինյանի երկարակեցությանը:

«Մադրիդյան սկզբունքների» ամենագլխավոր բաղադրիչը այն է, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն էր ստանում որոշելու հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը: Մինչեւ 2018 թ.-ը կար նաեւ մի իրավիճակ, որ որոշ կառույցներ եւ երկրներ ճանաչում էին Արցախի դե ֆակտո կարգավիճակը, նույնիսկ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերվում՝ որպես չճանաչված պետություն: Արցախը դե ֆակտո ընդունվում էր, որպես պետություն, այլ հարց է, որ 30 տարի հնարավորություն կար Արցախի կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթ շրջանառության մեջ դնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որը չարվեց: Այն արվեց միայն 2018 թ.-ի Արցախի արտգործնախարարության կողմից, որը մինչեւ այս պահը շրջանառության մեջ է, սակայն, ցավոք, որեւէ գործընթաց, կամ ի շահ այդ փաստաթղթի գործողություններ չեն արվում ո՛չ Հայաստանի կառավարության եւ ո՛չ էլ հայկական լոբբինգի կողմից: Եթե այդ աշխատանքները նպատակաուղղված կատարվեին մինչ 2020 թ.-ը, ապա մենք հավանաբար չէինք ունենա 44-օրյա պատերազմ եւ մինչ այս պահը շարունակվող մարդկային ու տարածքային կորուստներ:

«Մադրիդյան սկզբունքները» նրանով էին նաեւ կարեւոր, որ Արցախը ունենալու էր ժամանակավոր, բայց գոնե միջանկյալ կարգավիճակ, որի երաշխավորը պետք է լիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ մինչեւ հանրաքվեի իրականացումը: Իսկ հանրաքվեի արդյունքները, բնականաբար, ակնհայտ էր, որ լինելու էր Արցախի ինքնորոշման իրավունքի արձանագրումը՝ որպես անկախ եւ ճանաչված պետություն:

Գործող իշխանության հակահայ քաղաքականության հետեւանքով մենք կորցրինք այս բոլոր հնարավորությունները, նույնիսկ ավելին՝ այսօր վտանգված է ՀՀ-ի եւ նրա քաղաքացիների անվտանգությունը, որի մասին բացահայտ հայտարարում է Ն. Փաշինյանը, որն ի պաշտոնե պետք է լիներ դրա երաշխավորը:

Իմ միակ կարծիքն այն է, որ եթե ուզում ենք ունենալ պետություն, եւ այդ պետությունում հայ ժողովուրդը անվտանգ եւ ազատ ապրելու իր իրավունքը իրականացնի, ապա միակ ճանաապարհը գործող իշխանության հեռացումն է, հակառակ դեպքում կարճ ժամանակ անց կունենանք կամ մի փոքրիկ վիլայեթ, որի ղեկավարը կլինի Ն. Փաշինյանը, որը կշարունակի իր հակահայ գործունեությունը՝ մինչեւ վերջին հայի հեռացումն իր հայրենիքից, կամ կլինի էթնիկ զտում եւ բնաջնջում:  Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ հայը իր հայրենիքում ավելի քիչ է պաշտպանված, քան թուրքն ու ադրբեջանցին:  Չզարմանանք, որ մի կարճ ժամանակ անց ադրբեջանցի դիվերսանտներին, որից մեկը նաեւ մարդասպան էր, որի մասին հայտարարեց դատախազությունը հանձնվեն Ադրբեջանին, որպես «մոլորյալներ»։

- Անընդհատ Փաշինյանը փորձում է ինչ-որ փաստաթղթեր մատնացույց անելով՝ արդարացնել, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի Արցախից ընդհանրապես: Իսկ միջազգային հանրության համար այսօր ի՞նչ նշանակություն ունեն այդ փաստաթղթերը, երբ Հաագայի դատարանի անհապաղ որոշումներն անգամ չեն իրագործվում:

- Կներեք, իսկ ի՞նչ փաստաթուղթ է մատնանշվում։ Նրա նշած որեւէ փաստաթղթում՝ Մադրիդյան, նույնիսկ անգամ Ալմա Աթայի, Արցախի եւ Հայաստանի համար նման անբարենպաստ կետ չկա, այլապես նա կբացահայտեր այդ փաստաթղթերը, կհրապարակեր իր «ընտանեկան» թերթում եւ բոլորին էլ կհամարեր ազգի մեծագույն դավաճան։ Նրա համար պետական գաղտնիք հասկացությունը չկա, այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է ոչ թե «պետական գործիչ» լինելու սկզբունքով, այլ անձնական նպատակահարմարությամբ։ Ըստ իս, Նիկոլ Փաշինյանը պարզապես պրոֆեսիոնալ ստախոս է, որովհետեւ նա դեռեւս իր ոչ մի ասված խոսք փաստաթղթով չի հիմնավորել, հիմա էլ խեղճ ժողովրդին «Բանկ Օտոմանի» դեպք են հիշեցնում։ Ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այն իրականությունը այսքան ցավալի չդարձներ։

«ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՄԵՋ ՉԻ ԼԻՆԻ»

- Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ալիեւն էլ զուգահեռաբար հայտարարեց, որ Հայաստանը այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, թե Ղարաբաղը Ադրբեջան է: Այս հռետորաբանությունը տանում է Փաշինյան-Ալիեւ խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, թե՞ Հայաստան-Ադրբեջան պատերազմի:

- Հայաստան եւ Ադրբեջան պատերազմ առաջիկա մեկ տարվա մեջ չի լինի, այս ամենը հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշման միջոց է՝ նոր տարածքների կորզման եւ Ադրբեջանի համար ցանկալի «խաղաղության պայմանգրի» կնքման ու դրա արդարացման համար։ Եթե հիմա հայ ազգը մեկ մարդու պես պետք է ոտքի չկանգնի եւ ընդվզի այս իշխանության հակահայ գործողություններիի դեմ, ապա երկար տասնյակ տարիներ, միգուցե հարյուրավոր տարի Հայկական պետություն ունենալը կմնա երազանք։ Տարածաշրջանում տեղի է ունենում մեծ խաղ, խաղաքարտից պետք է դառնանք խաղացող, իսկ դրա համար հարկավոր է ուժեղ հայկական իշխանություն, պրոֆեսիոնալ թիմով, որոնք կգործեն ի շահ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողոովրդի։

- Այս իրավիճակում Արցախից միայն ԱԺ բոլոր խմբակցությունների անունից հայտարարություններ են հնչում, ինչպես միշտ: Որոշ քաղաքական գործիչներ էլ զբաղված են սեփական փիառով՝ մեկը պետնախարարի պաշտոն է ուզում, մյուսը կենացներ ասում, թե վաղ թե ուշ Ալիեւը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ: Այս ամենից զատ, ի՞նչ կարող է անել Արցախը:

- Արցախը ու արցախցին ունեն միայն մեկ հնարավորություն՝ պետք է տեղի ունենա հանրաքվե՝ իրավական այս ճանապարհով իրականացնի ինքնորոշման իր իրավունքը։ 

- Եթե Հայաստանը դե ֆակտո հրաժարվում է Արցախից, գուցե ժամանա՞կն է, որ Արցախն էլ հույսը կապի այն երկրի հետ, որի խաղաղապահը եկել ու հիմա պաշտպանում է իրեն:

- Շատերն են այն կարծիքին, որ սա է միակ փրկօղակը, բայց ես այդպես չեմ կարծում։ Այսօր վտանգված է 125 հազար արցախցի հայ բնակչության կյանքի, ապրելու իրավունքը,  Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի , էթնիկ զտման եւ ցեղասպանվելու վտանգի առաջ ու  Միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել Արցախում տեղի ունենալիք հանրաքվեի արդյունքները, որովհետեւ դա միակ միջոցն է եւ իրավունքն է իրացնելու իր կամքը՝ որպես ժողովուրդ։ Սա է փրկօղակը։

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ «ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԸ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՈՒԾԵԼ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ Է»

- Չհաշված փոքրաթիվ նախաձեռնությունները՝ ընդդիմությունն անգամ Փաշինյանի «ցնցող» ելույթից հետո՝ դուրս չի գալիս փողոց: Վերջիվերջո, ինչպե՞ս պետք է հեռացվի փաշինյանական իշխանությունը, եթե իրապես կա նման ցանկություն:

- Առաջինը՝ ընդդիմությունը պետք է «ինքնամաքրվի», բառիս ուղղակի իմաստով, հստակ գործողությունների ծրագիր եւ այդ ծրագիր իրակացնող պրոֆեսիոնալներ այն պետք է ներկայացնեն, եւ ոչ թե նրանք, ովքեր ավելի գումար ունեն, որի պահելու համար ժամանակի ընթացքում սկսեն հաճոյանալ գործող իշխանությանը, որ իրենց հարստության անձեռնմխելիությունը ապահովեն, այլ նրանք, որոնք կորցնելու ոչինչ չունեն եւ ունեն միայն գիտելլիքներ ու սեր դեպի հայրենիք եւ պատրաստ են հանուն հայրենիքի  բարգավաճման համար անգամ կրեն քաղաքական հետապնդումների «դաժան բեռը»։

Այսպիսի հայրենասերների, նվիրյալների թիմ ես տեսնում եմ, նրանց պետք է հստակ ղեկավարի պրոֆեսիոնալների թիմը, որը հմուտ պետք է լինի նաեւ դիվանագիտության մեջ։ Ամենակարեւորը՝ ժողովրդին պետք է մենակ չթողել, անընդմեջ հանդիպել, ներկայացնել իրավիճակը եւ լուծման ուղիները։ Ժողովրդի հոգեբանության մեջից հանել «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» անպտուղ ու վտանգավոր թեզը։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, միջազգային հանրությունը հաշվի կնստի այդ ժողովրդի կարծիքի հետ, եթե ո՛չ, ապա այն որպես մանրադրամ կօգտագործվի ի շահ այլ պետության գերակա շահերի։

Չի կարող լիդերը լինել այն անձը, որ իր տանը նստած սպասի, թե ժողովուրդը իրեն պետք է խնդրի, որ իրեն առաջնորդի, պետք է մոռանալ նամ «լիդերների» մասին։ Այսօր երկիրը այս վիճակից հանելու համար լիդեր է հարկավոր, որը կառաջնորդի ժողովրդին՝ առանց խտրականության եւ կդադարի վիրավորական բառեր ասել այն ընտրազանգվածին, որին  ցանկանում է նաեւ ղեկավարել։

- Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությանը հուզում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկություն անելու հարցը՝ քաղաքացու վրա թքելու համար: Ի վերջո, ի՞նչ խնդիր է փորձում լուծել սրանով առաջին նախագահը:

- Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «խնդիրները ու ծրագրերը» Նիկոլ Փաշինյանի միջոցով լուծել եւ լուծում է։ Այսօր Արցախի հանձման ծրագիրն էլ նրա ծրագիրն է, Նիկոլ Փաշինյանը նրա լավագույն աշակերտն է, նրանք երկուսն էլ հայ ժողովրդի չարորակ ուռուցքն են։ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկություն անելու հարցը՝ քաղաքացու վրա թքելու համար, Ազգային ժողովում ապրիլի 20-ին, ապօրինի ձեւով, ընդդիմության պատգամավորներին անվտանգության աշխատակիցներով հեռացնելու եւ նույն Ալեն Սիմոնյանի թքելու ցանկության կրկնության դեպքերով ընդամենը «քաղաքական շոու», այսպես ասած, քաղաքական ակտիվություն եւ «դեմոկրատիա» են խաղում։ Պետք է այս ամենը շրջանցել, համախմբել ժողովրդին, համախմբվել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջը եւ դուրս գալ պայքարի՝ ի շահ Հայոց պետականության եւ հայ ազգի գոյապահպանման։ Սա է միակ լուծումը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=254060&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ