Արեվմտահայությունը չի´ ենթարկվել «լուռ սպանդի». Հայոց ցեղասպանության մասին կեղծ թեզերի հակառակ երեսը. Genesis Armenia
ԹեմաՀատկապես վերջին տարիներին հայկական մեդիադաշտը ցեղասպանության մասին խոսելիս առավել հաճախ է առաջ մղում գաղափարը, թե արևմտահայությունը ենթարկվել է «լուռ սպանդի»: Առավել «հանճարեղ» մասնագետներ պնդում են, որ հայությունը խոնարհ գլխով գնացել է մորթի՝ գիտակցելով իր վախճանը և որևէ լուրջ դիմադրություն ցույց չտալով: Խոսվում է, թե ինչ հեշտությամբ երիտթուրքական Թուրքիան կարողացավ իրականացնել արևմտահայության ցեղասպանությունը: Բայց այստեղ կա որոշակի հստակեցման անհրաժեշտություն:
Հանգամանքներ, որոնք կանխորոշեցին ցեղասպանության ընթացքը և արդյունքը.
1. Առաջին աշխարհամարտի հենց սկզբից (1914թ.) երիտթուրք կառավարությունը հավաքել էր հայերի զենքերը, նույնիսկ խոհանոցի դանակները: Հայերը զինաթափված էին և գոյամարտերի ընթացքում թուրքական զինված բանակների դեմ հաճախ կռվում էին ինքնաշեն զենքերով:
2. Մինչև ցեղասպանության մասսայական գործողություններին անցնելը կառավարությունը թուրքական բանակ էր զորակոչել 17–45 տարեկան հայ երիտասարդներին, որոնց աչքից հեռու վայրերում դաժանորեն ոչնչացրել էին, ուստի գոյամարտող տարրը թուլացել էր:
3. Մինչև ցեղասպանության մասսայական գործողություններին անցնելը կառավարությունը հավաքել և անապատներում քարերով փշրել էր հայ բազմաշնորհ մտավորականների գանգերը, որպեսզի արևմտահայերը զրկվեն ոչ միայն ռազմունակ ուժից, այլև ղեկավար մտքից:
4. Հայ ժողովուրդն իր դիմադրողական-ինքնապաշտպանական գոյամարտերի ընթացքում մշտապես եղել է մենակ, անօգնական, հաճախ նաև դավաճանված` իր անմնացորդ նվիրվածության դիմաց: Մեծ տերությունները դիտորդի դերում են եղել և ուշացած սոսկ մարդասիրական ու որբախնամ օգնություն են ցուցաբերել:
5. Քաղաքական միասնություն չկար քաղաքական կուսակցությունների մեջ: Չկար միասնական կարծիք, գնահատական և դիրքորոշում կատարվող իրադարձությունների շուրջ: Չկար միասնական ղեկավար կենտրոն, որը կառաջնորդեր հայության դիմադրական պայքարը:
Չնայած վերոնշյալին՝ ցեղասպանության ամիսներին հայությունը մի շարք վայրերում կարողացավ համախմբվել և միահամուռ պայքար մղել իր գոյության իրավունքը պաշտպանելու համար. կարևոր է նշել, որ արևտահայությունը համեմատաբար քիչ զոհեր ունեցավ միայն այն վայրերում, որտեղ կարողացել էր համախմբվել և դիմադրություն ցույց տալ։
Պայքարի մի քանի վառ օրինակ
1915թ ապրիլից մոտ 22-23 հազար հայ բնակչություն ունեցող Վան քաղաքը, ունենալով մոտ 500 գործող հրացան, ուղիղ մեկ ամիս հերոսաբար դիմադրեց մոտ 15 հազարանոց թուրքական կանոնավոր բանակին: Քաղաքի ներքին ինքնակազմակերպումն այնպիսի բարձր մակարդակի էր հասել, որ աշխարհից թուրքական պաշարումով կտրված Վանը վառոդ էր արտադրում: Ապահովված էր միջդիրքային լոգիստիկան, պարենի և ռազմամթերքի մատակարարումը: Հերոսական դիմադրության շնորհիվ Վան քաղաքի և վիլայեթի մոտ 200 հազար հայեր կարողացան ապահով գաղթել ռուսական կայսրության տարածք:
Երիտթուրք ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Կազմվում է Զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Տեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող բերդում, որը շրջապատվում է թշնամու կողմից։
Ինքնապաշտպանակաան մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14-ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը և փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի և հատկապես ջրի սպառման վտանգը ստիպում է գարահիսարցիներին հանդուգն գրոհի դիմել՝ դուրս գալու շրջապատումից։ 1915 թվականի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը, մի քանի ուղղություններով գրոհելով, ծանր մարտերից հետո ճեղքում է հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։
1915 թվականի հուլիսի վերջին, ստանալով գաղթելու հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է Զինվորական խորհուրդ, որում ընդգրկվում են Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը: Մուսա լեռ է բարձրանում ավելի քան 4 հազար մարդ։
Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում հակառակորդին։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։ Բերվում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։ Թշնամին մեծ ուժերով, հրետանու աջակցությամբ, կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին և գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները, սակայն, հավաքելով իրենց ուժերը, անակնկալ հարձակում են ձեռնարկում և հետ շպրտում հակառակորդին։
Մի շարք անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ակտիվ մարտական գործողությունների չի դիմում։ Նա ավելի ու ավելի է սեղմում պաշարման օղակը՝ սուետիահայերին դատապարտելով դանդաղ սովամահության։ Չնայած ծանր դրությանը՝ հայերը պահպանում էին ոգու արիությունը։ Լեռան բարձր գագաթներին նրանք երկու մեծ դրոշ էին ամրացրել։ Մեկին ասեղնագործված էր կարմիր խաչ, իսկ մյուսին գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։
Ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որ պարեկություն էր անում Միջերկրական ծովի այս հատվածում, սեպտեմբերի 10-ին սկսում է սուետիահայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրանում կանայք, երեխաները և տարեցները։ Տղամարդիկ այդ ժամանակ շարունակում էին մնալ դիրքերում՝ ապահովելով յուրայինների անվտանգ տեղափոխումը։ Ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայ հասնում է Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։
Թեպետ թուրքական կառավարությունը Հայոց ցեղասպանության ընթացքում դաժանորեն ճնշում էր կայսրության տարբեր վայրերում արևմտահայերի դիմադրող-ինքնապաշտպանական հերոսամարտերը, սակայն իրենց ապրելու տարրական իրավունքի և ազգի ֆիզիկական գոյության համար մարտնչող անձնուրաց հայ հերոսները փայլուն հետք թողեցին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ:
Այսպիսի օրինակները մոտ 3 տասնյակ են՝ Մուշ, Սասուն, Բիթլիս, Ուրֆա, Ագդաղ, Չաթի և այլն: Բայց ակնհայտ է մի բան, որ հայության «լուռ մորթվելու» թեզը շինծու է և առանց գիտական հենքի: Ավելին, այն ծառայում է որոշակի նպատակների, ինչպես, օրինակ, ներշնչել ժամանակակից հայությանը, որ փոքր մարդկային և նյութական ռեսուրսներով հնարավոր չէր պայքար մղել ավելի լայն հնարավորություններ ունեցող պետությունների և համակարգերի դեմ:
Մինչդեռ այդ պայքարը եղել է, ընդ որում՝ երբեմն այնպիսի բացառիկ անձնուրացությամբ և հերոսականությամբ, որ որոշ օրինակների դեպքում մինչև այժմ ուսումնասիրվում է աշխարհի տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում:
Հայկական թաղամասերի պաշարմանը մասնակցած գերմանացի սպան վկայում է. «Հայերը հուսահատորեն պաշտպանվում էին բոցավառվող տների ավերակներում` մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի և Սուրբ Խաչի հաղթանակի համար։ Ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբևիցե կրկին կտեսնեմ այդպիսի կատաղի կռիվ, ինչպիսին ականատես եղա Վանի պաշարման ժամանակ»:
Հայոց ցեղասպանությունը միայն սգի և ցավի պատմություն չէ, դա նաև հերոսական էջ է, և պետք է ցույց տալ այդ էջի ավելի կարևոր երեսը, թե ինչպես, առանց ուղեղային կենտրոնի դեր տանող մտավորականության և երիտասարդության, հայ ժողովուրդը շատ դեպքերում կարողացավ ջարդ տալ պետական ամբողջ ապարատի աջակցությունն ունեցող թուրքական բանակին:
Պետք է մի կողմ դնել անապատներում գլուխը կախ մորթվելու գնացող հայ մարդու մասին արհեստածին և կեղծ պնդումները և հասկանալ, որ հայոց պահանջատիրությունը չունի ժամանակային սահմանափակում:
Հասարակական բարքերը, իշխանությունները և իշխանական՝ ժողովրդին հրամցվող կեղծ արժեքները անցողիկ են, բայց պատմական հիշողությունը երկարաժամկետ է:
24 ապր, 2023 թ.
https://iravunk.com/sim/?p=254010&l=am/

