Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերում:
«Այսօր մենք՝ հայերս, հարգում ենք 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ինձ համար սա մտորումների օր է, երբ մտածում եմ, թե ինչի եմ հասել՝ որպես մեր ազգի ներկայացուցիչ։ Իմ ընկալմամբ՝ հիշատակի և պահանջի ուղերձը պետք է ուղղված լինի մեզ:
Ես հիշում եմ իմ նախահայրերին, իմ մշակույթը, իմ հավատքը և հայ լինելու իմաստը։ Ես ինձնից պահանջում եմ լինել մաքուր, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Հիշում եմ, որ ներկայացնում եմ իմ ազգը և պահանջում եմ, որ ամեն ինչում փորձեմ լավագույնը լինել:
Իմաստուն ասացվածք կա՝ «Կյանքը, որն ավարտվում է մահով, չարժե ապրել»։ Թող բոլորս ապրենք և փորձենք մեզ հիշել այն բարիքներով, որ արել ենք մեր ազգի և աշխարհի համար»,- գրել է 40-ամյա Արոնյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Արոնյանը ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո:

