«ՄԻ ՓՈՔՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՆՔ» ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ
ՍպորտՄինչ Հայաստանում մեկնարկում էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, Թուրքիայի Անթալիա քաղաքում Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն ավարտվեց։ Այս մրցաշարում հատկապես տպավորիչ էր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ, գերազանց ցատկերով հռչակվելով Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն։
Իսկ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ բավարարվեց փոխչեմպիոնի աստիճանով։ Հայաստան վերադարձած Եվրոպայի կրկնակի չեմպիոնն այսպես մեկնաբանեց իր փառահեղ հաղթանակը.
«Անչափ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում հայրենիք։ Հենացատկում դժվար պայքար էր։ Անգլիացի Ջեյք Ջարմանն իր ցատկը չորս տասնորդական ավելի բարձր կատարեց։ Ինձ ոսկե մեդալ շնորհեց երկրորդ ցատկս, որը շատ հստակ էր։ Իմ ու անգլիացի մրցակցիս միավորների տարբերությունը չնչին էր, և ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի։ Դժվար էր, սակայն հաջողությամբ կատարեցի այն, ինչ անում էի մարզումներին։ Մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էինք։ Իհարկե, մեզ շատ լավ ընդունեցին, ոչ մի խնդիր չկար, բայց, անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողություն կար, որ Թուրքիայում ես։ Ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել ու հիմնը հնչեցնել։ Այդքան էլ կապ չունի, Թուրքիայում ես, թե այլ երկրում, ուրախալի է այն փաստը, որ ամբողջ Եվրոպայում դու հաղթող ես։ Նժույգ թափերի բրոնզե մեդալի համար ևս շատ ուրախ եմ։ Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը ու դուրս գալ եզրափակիչ։ Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել և մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ։ Օլիմպիական խաղերի համար ցատկերիցս մեկը կբարդացնեմ։ Շատ կարևոր է, որ վնասվածքներ չունենամ։ Եթե ստացվի վարժությունս բարդացնել, շատ լավ կլինի։Եթե չավելացնենք, ուրեմն միշտ պետք է շատ անթերի ցատկեմ, որպեսզի հաղթեմ։ Օլիմպիական խաղերում միայն անգլիացին չի լինելու ինձ մրցակից, շատ ուժեղ մարմնամարզիկներ կան, որոնք ինձ մրցակից են։ Առջևում մեծ աշխատանք կա»։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու հավաքականի մեդալակիր անդամները ամփոփելով Անթալիայի աշխարհի երիտասարդական առաջնության և Եվրոպայի առաջնության արդյունքները, նորից հիշեցրին, որ Հայաստանի հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում։ Նաև Աշխարհի երիտասարդների առաջնությունում կրկնակի չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը. 15 ամյա մարզիկը երկու ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր և օղակների վարժություններում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

