Արցախի արձագանքը կասկածելիորեն թույլ էր
Վերլուծություն«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Փաշինյանի հայտարարությանը զուգահեռ՝ Ալիեւը Բաքվից օրգանապես լրացրեց այն: Ալիեւն ասել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրեն՝ ընդունե՞լ Ադրբեջանի քաղաքացիությունը, թե՞ ապրելու այլ տեղ փնտրել: Արցախի բնակիչների ճնշող մեծամասնության համար սա նշանակում է էթնիկական գծով վտարում, այսինքն` էթնոցիդ»: Ահա այսպես են ռուսական մի շարք տելեգրամյան աղբյուրներ գնահատել Նիկոլի եւ Ալիեւի վերջին հայտարարությունները` մանրամասնելով, որ այդպիսով, պաշտոնական Երեւանը որոշեց աչք փակել հայոց նոր ցեղասպանության վրա:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ ԵՎ ԱԼԻԵՎԻՆ
Ռուսական մեկ այլ հեղինակավոր փորձագետ, որը տարիներ շարունակ փորձել է դրական գույներով ներկայացնել Հայաստանի շահերը` Ստանիսլավ Տարասովը Նիկոլի ելույթին մոտեցել է «արեւմտյան կողմից»: Տարասովը մատնանշել է փաստը, որ Նիկոլը ապրիլի 18-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին է հարկ համարել հայտարարել թուրքական սահմանը բացելու մասին, եւ ակնհայտ է, որ փորձագետը դրա տակ դնում է ուրացման գաղափարը:
Ասել, թե այս աղբյուրներն իրենց գնահատականներում չափազանցության են հասել, իհարկե, սխալ կլինի: Ավելի շուտ կարելի է մեղմացում տեսնել: Ամեն դեպքում, ասվածն էլ բավական է հասկանալու համար, որ խոսքը մեծ, պատմական մասշտաբների դավաճանության մասին է, ընդ որում, որ նիկոլյան խունտան զոհասեղանին է դրել ոչ միայն Արցախը, այլ ողջ Հայաստանը: Ու այս իրավիճակում արդեն Նիկոլի արարքները գնահատելը պարզապես դառնում է պարապ զբաղմունք (թեեւ 2018թ.-ից էր դա այդպես, հաշվի առնելով, որ նման ծրագրերի մասին դեռ այն ժամանակներից ենք խոսել): Հիմա հայության համար եւ առանձնացված տեսքով` Հայաստանի եւ Արցախի բնակչության առաջ պարզագույն հարց կա` ինչ է պետք անել այս իրավիճակում:
Հայաստանի բնակչությունից, իհարկե, դեռ միասնական ռեակցիա ակնկալել պետք չէ, թեեւ այստեղ կան որոշակի նյուանսներ, որոնց դեռ կհասնենք: Ինչ վերաբերում է Արցախին, ապա նրա միասնական ռեակցիան չուշացավ: Ամեն դեպքում, միասնական հայտարարությունը, որով Նիկոլի ելույթի հենց հաջորդ օրը հանդես եկան Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունները, կարելի է միասնական պատասխան համարել: Նախ հայտարարությամբ ասվում է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»»: Այսինքն, Նիկոլը չէ, որ պետք է Արցախի կարգավիճակին գնահատական տա: Ապա մեկ այլ կարեւոր փաստ է մատնանշվում. «Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը»: Կարճ ասած, Ստեփանակերտը գնահատում է, որ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը նույն լեզվով են խոսում:
Սակայն այս ամենը փաստելը բավական չէ: Կրկնում ենք, դեռ 2018թ.-ին էր այս սցենարն ակնհայտ, որի հիմնավորումը դարձավ Նիկոլի այն բոլոր քայլերը, որոնք նա թույլ է տվել այս ժամանակահատվածում` հասնելով ՀՀ ԱԺ-ում վերջին հայտարարություններին: Այսինքն, ինչքան էլ Ստեփանակերտը պնդում է, որ Հայաստանի «ոչ մի իշխանություն իրավունք չունի», սակայն փաստն այն է, որ Նիկոլը կարող է գնալ Պրահա, իր անունից Ալիեւի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել եւ, դրան անգամ միջպետական պայմանագրի ուժ չտալով, այն է` առանց անգամ իր իսկ սեփական ԱԺ-ի հաստատմանը չներկայացնելով, փաթաթել հայ ժողովրդի վզին: Սա, հասկանալի է, ծայրից ծայր անօրինականություն է, բայց, կրկնենք, Նիկոլը ոչ մի բանի չնայելով, գնում է դրան` քննադատության ու սովորական ողջամտության հանդեպ զրոյական դիմադրություն ունեցող ինչ-որ «բացատրություններ մոգոնելով»: Այսինքն, այս իրավիճակում խնդիրը ոչ թե պաշտոնական գնահատումները պետք է լինեն, թե` «իրավունք չունի» կամ նման բան, այլ շատ պարզ հարցի պատասխան է պետք տալ` ի՞նչ է Արցախն անելու այս իրավիճակում:
Արցախյան խմբակցությունները, որպես գործնական քայլեր, առաջարկում են.
«Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերստին հորդորում ենք՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաեւ Հայաստանի պետականության համար...»: Սա անիմաստ կետ է. դա Նիկոլն էլ շատ լավ գիտի, բայց գնում է այդ ուղղությամբ:
Հաջորդիվ դիմում են տարբեր կառույցներ. «Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով եւ դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջեւ հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափով բանակցությունները»: Սրանք եւս գործնական առումով անիմաստ, անգամ վնասակար դրույթներ են: «Միջազգային հանրություն» հորջորջող անհեթեթության գլխին կանգնած ԱՄՆ-ն, Բրիտանիան եւ Իսրայելն անթաքույց ցույց են տվել իրենց դիրքորոշումը Արցախի նկատմամբ: Ընդ որում, Բրիտանիայի ԱԳՆ-ն, երեւի ծայրահեղ անհասկացողների համար օրերս հատուկ ընդգծեց, որ Արցախը ճանաչում է՝ որպես Ադրբեջան: Այն, ինչ անմիջապես կրկնեցին Նիկոլն ու Ալիեւը: Կամ միգուցե հույսները ՄԽ համանախագահներից` Ֆրանսիայի վրա՞ են հույս դրել, որը ներկայումս ղեկավարում է ռոտշիլդական բանկերից մեկի երբեմնի աշխատակից Մակրոնը, որին սարքեցին նախագահ: Այսինքն, եթե Արցախում դեռ չեն հասկացել, թե ինչ ասել է «միջազգային հանրություն», ուրեմն վայ նրանց եւ մեզ: Եթե հասկացել են, բայց դեռ ձեւականորեն հույսեր են կապում նրանց հետ, ապա դա նշանակում է, որ նույն կործանարար խաղի մեջ են:
ՌՈՒՍԱԿԱՆ ՊՐՈՏԵԿՏՈՐԱՏԸ ՄԻԱԿ ՌԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է
Միակ քիչ թե շատ գործնական հայտարարության այս դրույթն է. «Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը»:
Սա էլ է կիսաքայլ: Նախ, այդ ի՞նչ «լրացուցիչ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական միջոցներ» են սպասում ռուսներից, երբ նույն Արցախում ռուսների դեմ ցույցեր են կազմակերպում եւ կոնկրետ պաշտոնյաների մասնակցությամբ: Դա էլ մի կողմ: Իսկ Ստեփանակերտում իրենք իրենց հարցրե՞լ են, թե ինչի հիման վրա ռուսները կարող են «լրացուցիչ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել», էլ չասած` հանուն ինչի՞: Չէ՞ որ ռուսները կարող են լավագույն դեպքում պատասխանել` մենք Արցախում ենք նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան, որը կոնկրետ ռազմաքաղաքական եւ դիվանագիտական հնարավորություններ է տալիս, ուրեմն, ի՞նչ հիմքով կարող ենք «լրացուցիչ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել»: Ստեփանակերտը կարող էր 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ռուսների համար գոնե ձեւական, պատրվակային հիմքեր ապահովել` Արցախում դիրքերն էապես ամրապնդելու համար: Պետք էր պարզապես հայտարարել, որ ՌԴ-ին համարում են Արցախի, արցախահայերի անվտանգության, կյանքի, սեփական հողի վրա ապրելու միակ հույսը, ավելին, պետք էր պաշտոնապես դիմել եթե ոչ ՌԴ կազմ մտնելու համար, ինչպես արեց Դոնբասը, այլ գոնե ռուսական պրոտեկտորատի տակ անցնելու համար, եւ եթե կարողանային Մոսկվային համոզել` համաձայնվել` դրանով մեծ բեռի տակ մտնելով, հիմա այլ իրավիճակ կունենային:
Ընդ որում, ՌԴ-ի համար «լրացուցիչ դիվանագիտական եւ ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկելու» համար օրինական հիմքեր գտնելու այլ տարբերակներ եւս կարելի է գտնել: Ընդհուպ, պահանջելով կյանքի կոչել Թուրքմենչայի պայմանագրի դրույթները: Այդ պայմանագիրը, ի դեպ, ոչ մեկը չեղյալ չի համարել, եւ վերջերս էլ Իրանից շատ տրամաբանական հայտարարություն լսվեց: Որ այդ պայմանագրով Պարսկաստանը ժամանակին իր տարածքները հանձնել է Ռուսաստանին, եւ եթե Մոսկվան հանկարծ մտածի հրաժարվել տվյալ պայմանագրից բխող աշխարհաքաղաքական իրավիճակից, որը պետք է Իրանի սահմանները պահպանի այլ ուժերի ներկայությունից, ապա Թեհրանը կարող է այլ քայլեր կատարել: Այսինքն, եթե չեղարկվում է Թուրքմենչայի պայմանագիրը, ապա Իրանն այդպիսով առաջ է քաշում Ռուսաստանի հանձնած տարածքների նկատմանբ հավակնության թեման: Եվ ռուս-իրանական ներկայիս փայլուն հարաբերությունների պարագայում Ստեփանակերտը կարող էր գոնե Թուրքմենչայի պայմանագիրը խաղարկման թեմա դարձնել:
Բայց երբ մի ձեռքդ մեկնում ես Մոսկվային, մյուսը` «միջազգային հանրությանը», իրոք հավատո՞ւմ ես, որ երկուսն էլ շնչակտուր կնետվեն օգնելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

