Մշակույթն ու առաքելությունը եզակի են. Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
Հասարակություն
Հոգեշնորհ ՏԵՐ ԻՍԱՀԱԿ վարդապետ ՊՈՂՈՍՅԱՆՆ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից ԱԺ ամբիոնից հնչեցված հակաեկեղեցական ելույթին:
«Շատերի պես, ես էլ լսեցի Մարիա Կարապետյանի ելույթը… Ամենաբավական տրամադրվածությամբ՝ տպավորությունս այնպիսին էր, որ հայ ժողովուրդը երբեւէ չի ունեցել ո՛չ պետություն ու ո՛չ էլ պետականություն, եւ ինչ-որ ունի, ձեռք է բերել նախընթաց մի քանի տարիների ընթացքում: Իհարկե, այդպես էլ անընկալելի մնաց՝ եկեղեցու գաղափա՞րն է առաջացել պետության բացակայության պայմաններում, Եկեղեցի՞ն, թե՞ հաստատությունը: Բայց հստակ էր, որ գաղափարների ու ինստիտուտների միօրինականացման միտում կար եւ որ Եկեղեցին միտված է ընդդիմանալու պետությունը. երեւի այս դեպքում պետք է հասկանալ իշխանությանը: Թե ով եւ ինչպես է ընդդիմացել պետական մարմինների գերակայությանը, դժվար է ասել, բայց իբրեւ անուղղակի փաստարկ վկայակոչվում էր հատված Վեհափառ Հայրապետի «Զատկական» անդրադարձից:
Համաժամանակ՝ օրինակներով եւ ընդգծված հարգանքով դիտարկում կար, որ թեպետեւ եկեղեցին՝ ինքը, կարիք ունի փոխակերպվելու, մինչդեռ զբաղված է քաղաքականությամբ: Եվ որ եթե հարկ կա համագործակցելու հայրենի իշխանությունների հետ, ապա բացառապես հոգեւոր, զորօրինակ՝ մատաղի փոխակերպման (որտեղ, եթե՛ ճիշտ եմ ընկալել, խնդիր չեմ տեսնում), հարկային դաշտի եւ այսօրինակ պարագաներում: Ինչից եզրահանգելի է, որ շփման այլ եզր չի կարող գոյություն ունենալ, քանի որ մտահոգություն առաջ բերող այլ հարցերը պատկանում են քաղաքական դաշտին, հետեւապես եկեղեցուն չեն վերաբերում: Ուրիշ խոսքով՝ եկեղեցին հավատացյալների հետ գործ ունի այնքանով, որքանով…
Իսկ ու՞ր մնաց բարոյական դաշտը, որ եկեղեցու բուն առաքելության ծիրում է: Նման հավակնություն, «իրավունքով», եկեղեցի՛ն կարող էր առաջ բերել, բայց երբեւէ չի անդրադարձել, պարզ պատճառով, որովհետեւ, անհեթեթ կլիներ: Եթե հարցը սկզբունքային դաշտում է, ապա առնվազն զարմանալի է, ինչպես է, որ մինչեւ հիմա, միեւնույն սկզբունքով, ընտանիքներին, որովհետեւ ընտանիքը եւս հաստատություն է եւ այլ հաստատություններին չի արգելում զբաղվել քաղաքականությամբ: Հետաքրքրական է նաեւ, թե ինչ ասել է՝ քաղաքականություն: Որովհետեւ վաղուց ի վեր մենք՝ ամենքս, աշխարհաքաղաքականության մաս ենք: Եթե բանը հասել է օրինակներին, ապա՝ Քրիստոսի առաքելությունն ինչպիսի՞ն էր. հոգեւոր, աշխարհիկ, մշակութային, համամարդկային, քաղաքական, սոցիալական… Քանի որ Քրիստոսին մեղադրելու դրդապատճառները եւս քաղաքական էին:
Երբ Հովհան Օձնեեցի հայրապետը, ազգային դիմագիծը պահպանելուն ընդառաջ, հրավիրում էր 726 թ. Մանազկերտի ժողովը, նույնկերպ Ներսես Մեծը՝ դեռեւս 356թ. Աշտիշատի ժողովը, հեթանոսական նախապաշարումներից ձերբազատվելու եւ ժողովրդին քաղաքակրթելու նպատակով, ելակետային նախադրյալներն ինչպիսի՞ն էին. Պետականության բացակայությո՞ւնը, հոգեւորի վերարթնացու՞մը, թե՞ քաղաքական հավակնությունները (էլ չեմ ասում, որ սոցիալական ինստիտուտն, ինքնին, եկեղեցու ծնունդ է): Մ. Խորենացին հայ պատմագրության սկզբնավորմամբ, Հովհաննես Սարկավագը՝ գիտության մեջ, Մխ. Հերացին ու Ամիրդովլաթ Ամասիացին՝ բժշկագիտական ասպարեզում, Շնորհալի հայրապետը՝ հավասարապես հոգեւոր եւ աշխարհիկ բնույթի գրականության ջատագովությամբ, Ան. Շիրակացու, Հ. Պլուզի, Տաթեւի ու Որոտնավանքի եւ այլ գիտաուսումնական հաստատությունների, հոգեւոր, աշխարհիկ ու մշակութային դրսեւորումները ո՞ր ելակետից են բխում եւ ինչ մեկնակետում են տեղավորվում… Նարեկացին, Ներսես Աշտարակեցին ու Մոմիկը ազգային, կրոնական թե՞ եկեղեցական գործիչներ են: Ո՞վ կարող է տարանջատել վերոբերյալների հսկա փաղանգը: Եվ եթե, Աստված մի արասցե, եկեղեցին տեղի տա, վաղը դատափետվելու է հենց դրա համար:
Հայ եկեղեցին ու ժողովուրդը երբեւէ չեն կարող գոյակցել իրարից զատ-զատ: Համաձայն եկեղեցական պատմագրության՝ անհնար է տարանջատել ազգայինն ու կրոնա-եկեղեցականը միմյանցից՝ առանց վնասելու դրանց ամբողջությանը: Որովհետեւ, բաժանումը կոչնչացնի երկուսն էլ: Եվ ուրեմն՝ վերեւից , ճնշելով կամ որեւէ այլ եղանակով անկարելի է լինելու հասարակություն ձեւավորել, որովհետեւ այսկերպ սեփական ազգային ընտանիքում արմատավորվելու է անհանդուրժողականությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ քանակական առավելության եւ համընդհանուր բնության մեջ, անհրաժեշտաբար ծնվելու է մեկ այլ ՝ ավելի փոքր լույս, որն էլ ընդլայնվելու է եւ առաջնորդելու է հանուրին: Այս դեպքում, ո՞ւր մնաց նպատակը:
Այն, որ Եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ստանձնել է պետության գործառույթները, ոչ ոք չի ժխտում, որովհետեւ ժխտել այդ իրողությունը, նշանակում է ուրանալ սրբությունը, բայց, ինչպես եզրահանգելի էր ելույթից, հիմա, որ հայ ժողովուրդը վերջապես, պետություն ու Պետականություն ունի, (ոչինչ որ ոչ մի կերպ չի երեւում, ո՛չ պետության քաղաքական ուղեծիրը, ո՛չ էլ Պետականության տեսլականը. Իսկ այն, ինչ երևում է՝ հաճախ զարհուրեցնող է), առաջարկվում է բավարարվել անցյալից շնորհակալություն հայտնելով եւ առաջ ընթանալ: Ոչինչ, որ ազգային մտախառնվածքի, հայ ժողովրդի հավաքական՝ հայրենիքի գիտակցության սկզբնավորողը եւս եկեղեցին է… Իսկ առաջ ընթանալը, այլ խոսքով՝ նշանակելու է, որ վաղն էլ, դիցուք՝ ընտանիքի հաստատության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխակերպվեն, հետո հարցը կարող է տեղափոխվել մեկ այլ, ասենք՝ Հաղորդության սուրբ խորհրդի անդաստան: Եվ այն, որ պետությունը չի զբաղվում զուտ քաղաքական հարցերով եւ առնչվել է ուզում հոգեւոր դաշտին, ասել է թե՝ իրավունքով եւ բնական է, իսկ Եկեղեցին պետք է զբաղվի գեթ հոգևոր խնդիրներով: Այսինքն՝ եկեղեցին, բուն իմաստով անելիք ունի միայն, երբ կորսված է Պետականությու՞նը: Իսկ եղածը պահպանման երաշխավորությունը, ո՞ր հաստատությունն է հանձն առել: Հետաքրքրական է հավասարապես՝ ի՞նչ է ընկալվում «հոգեւոր» բնորոշման տակ… Չարմանալի չպիտի նկատեմ, եթե մեկի-մյուսի ընկալումով, հոգեւոր հարցը ծրարվում է «կնունքի, պսակի ու թաղման» շրջագծում: Իսկ մատաղ ասելով հասկացվում է լոկ աղօրհնեքն ու կենդանու մորթը… Ի դեպ՝ պարադոքսալ զուգադիպությամբ, մեր բազմաճյուղ ձեռքբերումների ու ժառանգության զգալի մասը, որոնցով բարձրագլուխ ենք ամենքս, հենց պետության ու Պետականության բացակայության պայմաններում են եղել:
Պետական կառույցը ներկայացնող(ներ)ի այսօրինակ դիրքորոշումը, ամենայն հարգանքով, բայցեւ լավագույնս վկայում եւ վերհանում է, Եկեղեցու առաքելության նկատմամբ տարրական չիմացությունը կամ ընկալման բացակայությունը: Եկեղեցու առաքելությունը, առհասարակ, համամարդկային է, ուրիշ խոսքով՝ եկեղեցին Աստծո ընտանիքն է, թեեւ մեզանում մշտապես նշանավորվել է ո՛չ թե կրոնական ազատությունը, այլ՝ ազգային կրոնը: Եկեղեցու իրավասությունը գալիս է Քրիստոսից: Եկեղեցու միությունը տարբերվում է մյուս հաստատություններից ոչ միայն իր գոյությամբ, այլեւ գործունեությամբ, որպես մարդու կյանքի խորհրդավոր նախահիմք: Խորհրդաբանորեն, այն ազգային ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր գործառույթը: Կրոնը, ընտանիքը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը հոգեւոր ինստիտուտի անբաժանելի մասն են: Որով եկեղեցին ոչ միայն չի շեղվում իր առաքելությունից, այլեւ գործնականում հատկորոշում է իր հավատարմությունը ստանձնած առաքելությանը:
Ուստիեւ Պետությունն ու Եկեղեցին, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասնական օրակարգով պետք է աջակցեն ու կանխեն աննպաստավոր փոփոխություններն ու վերահաս վտանգները: Որովհետեւ, եթե սովորաբար պետական գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների կիզակետը հանրային բարիքն է, ապա եկեղեցական կյանքի անբաժանելի մասն է, մի կողմից՝ բարոյական բարիքը, իսկ մյուս կողմից՝ սերը մերձավորի նկատմամբ: Առավել հստակ՝ սերը եւ սիրո արտահայտությունը գործնականում եկեղեցու աշխարհայացքի եւ աստվածաբանության անբաժանելի մասն են: Պետության ու Եկեղեցու՝ միասնական օրակարգով համագործակցության սահմանը բավականին լայն է… Թեեւ ժամանակակից աշխարհում պետությանն առավելաբար ներհատուկ է աշխարհիկ բնույթն ու բովանդակությունը, այդուհանդերձ, որպես կանոն, պետությունն ընդունում է, որ երկրային բարգավաճումն անկարելի է իրականացնել առանց բարոյական ու հոգեւոր հատկորոշիչների ու որակների: Հետեւաբար, Եկեղեցու եւ պետության առաջնահերթություններն ու գործողությունները համընկնում են ոչ միայն զուտ երկրային կամ ֆիզիկական օգտակարության տեսանկյունից, այլեւ՝ Քրիստոսին իբրեւ գլուխ ունեցող Եկեղեցու փրկարար առաքելության իրականացման ճանապարհին: Միանգամայն հստակ է, որ աշխարհի եւ մարդու փրկության ծառայությունը չի կարող սահմանափակվել միայն ազգային կամ կրոնական սահմաններով... հերթական վկայությունը՝ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւի գործուն մասնակցությամբ, Մեսրոպ Մաշտոցի երեւան գալը (հիմա, թող մեկնաբանվի «Գրերի գյուտի» ի հայտ գալը, ավելիով ո՞ր համածիրում է. ազգային, հոգեւոր, թե՞ քաղաքական): Հետեւապես, եկեղեցին եւ պետությունը պետք է սերտորեն համագործակցեն ապահովելու եւ երաշխավորելու հանրային բարիքը: Պետությունն ու Եկեղեցին ունեն աշխատանքային այլ աղերսներ ու ընդհանրություններ եւս: Սակայն ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ պետության նպատակը, նախեւառաջ, մարդկանց երկրային բարեկեցությունն է, իսկ Եկեղեցու նպատակը՝ մարդկանց հավերժական փրկությունը», - ընդգծել է Հայր Իսահակը: