«ԿԱՐՈՂ ԷԻ ՊԱՅՔԱՐԵԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ» ԻԶԱԲԵԼԼԱ ՅԱՅԼՅԱՆ
ՍպորտԱպրիլի 14-ին Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ։ Բացման արարողության ժամանակ բեմ բերված ինքնաթիռներից իջնում էին «բորդուղեկցորդուհիները» մասնակից երկրների դրոշներով։ Արդեն բացման արարողության ժամանակ գրանցվեց այս առաջնության թերևս գլխավոր սկանդալը. դիզայներ Արամ Նիկոլյանը այրեց մեր թշնամի երկրի Ադրբեջանի դրոշը, դրանից հետո, այդ երկրի մարզիկները չմասնակցեցին առաջնությանը ու հեռացան իրենց երկիր։ Թե ինչ հետևանքներ կունենա այս բացառապես քաղաքական ակցիան, հետո կերևա։ Սակայն այժմ կենտրոնանանք մարզական կողմի վրա։ Նշենք, որ այս առաջնությունը վարկանշային է Օլիմպիական խաղերի համար։ Եվ ահա, Հայաստանը իր առաջին մեդալը նվաճեց կիրակի օրը, ապրիլի 16-ին, 55 կգ քաշային կարգում, մեր երկրի ներկայացուցիչ ԻԶԱԲԵԼԼԱ ՅԱՅԼՅԱՆԸ 196 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս քաշային կարգում, Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդն է։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յայլյանը, պոկում վարժությունն անհաջող սկսեց։
Առաջին և երկրորդ մոտեցումները ձախողեց չկարողանալով գլխավերևում պահել 87 կգ ծանրաձողը միայն երրորդ մոտեցմամբ հաջողվեց պոկել 87 կգ-ն։ Այս վարժությունում Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 105 կգ - ը, երկրորդ մոտեցման համար պատվիրված 108 կգ ձախողեց։ Երրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 109 կգ։ Այս վարժությունում ևս Յայլյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ պոկեց 77 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրված 80 կգ - ն ձախողեց, երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերևում ֆիքսեց 80 կգ։
Հրում վարժությունում, Գրիգորյանը հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը գլխավերևում պահելով 99 կգ-ը։ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռումինացի Անդրեա Կոտրուտան, երկամարտի 201 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր դարձավ, Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սամուլյակը երկամարտի 199 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալ նվաճած, մեր մարզուհին ԻԶԱԲԵԼԼԱ ՅԱՅԼՅԱՆԸ, ով Եվրոպայի Երիտասարդների չեմպիոն է, նշել է.
«Դժգոհ եմ իմ ելույթից, որովհետև մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ մեծահասակների պայքարում կարողացա նվաճել իմ առաջին մեդալը։ Ուրախ եմ նաև, որ զրո չստացա։ Չնայած լարվածություն ունեի, բայց հավաքվեցի ու լավ օգտագործեցի երրորդ մոտեցումը։ Ինձ օգնեցին երկրպագուները, որովհետև նրանք շատ լավ աջակցություն էին ցույց տալիս։
Սեփական հարկի տակ հանդես գալն ինձ օգնեց, ավելորդ լարվածություն չէի զգում։ Կարող էի պայքարել ոսկե մեդալի համար, ափսոս այսպես ստացվեց»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

