«Ալեքսանդրապոլի պայմանագիր-2»-ի շեմին
ՎերլուծությունԱյսպիսով, Նիկոլի երեկվա ելույթն ավելորդ անգամ եկավ ցույց տալու, որ Արեւմուտքը շարունակում է ակտիվորեն Հայաստանը տանել ոչնչացման` «Ալեքսանդրոպոլի պայմանագիր-2»-ի տեսքով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=253624&l=am): Նաեւ հաշվի առնելով, որ բացի ադրբեջանականից, Նիկոլը չշրջանցեց նաեւ թուրքական ուղղությունը: Սկսած սահմանը բացելու տեսլականից, վերջացրած, թե. «Մենք որեւէ այլ երկրից որեւէ այլ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլեւ չենք ունենալու: Եթե մենք այդ միտքը չարձանագրենք, այն չդրաձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ…»: Կարճ ասած, մոռանում եք Ցեղասպանությունը, Հայաստանից խլած հողերը, եւ, առհասարակ, մոռանանք այն ամենը, ինչին հավատացել ենք վերջին հարյուր տարիներին: Հասկացա՞ք, «Ալեքսանդրոպոլի պայմանագիրը» հո պոզով ու պոչով չի՞ լինելու:
Միայն թե մինչեւ վերջ փակագծերն այսպիսով բացելով, Նիկոլը կարծես թե մոռանում է այն սխալը, որը գործեցին ժամանակին «Ալեքսանդրոպոլի պայմանագիր» կնքողները: Նրանց այն ժամանակ էլ, հիմա էլ, թվում էր, թե Արեւմուտքն ամենազոր է, ռուսները` ոչնչացված, բայց սխալվեցին: Եվ հիմա էլ Նիկոլը այս ճառերից հետո անգամ դեռ պետք է գտնի իր համար ամենակարեւոր հարցի պատասխանը. իսկ ի՞նչ է այս դեպքում անելու Հայաստանում եւ Արցախում գտնվող ռուսական, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի հարեւանությամբ գտնվող իրանական ուժերի հետ: Հաշվի առնելով, որ, հայտնի փաստ է, այս ամենն իրականում, թեեւ ոչնչացնում է Հայաստանը, սակայն անգլոսաքսերն ուղղել են հենց ՌԴ-ի եւ Իրանի դեմ, եւ գլխավոր խնդիր ռուսական եւ իրանական ուժերի հարցը լուծելն է:
Նկատենք նաեւ, որ այս օրերին ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններն այն մասին, որ Նիկոլի առաջ Արեւմուտքը հստակ պահանջ է դրել` միանալ հակառուսական պատժամիջոցներին: Բայց նույնիսկ միանալու դեպքում հիշատակված խնդիրը չի լուծվում. ինչպե՞ս են հեռացնելու ռուսական ուժերին:
Լավ, ընդունենք կարողացան նաեւ Հայաստանից հեռացնել: Սակայն Արցախի հետ կապված կա փակուղի, որն անուղղակիորեն օրերս ցույց տվեց նաեւ Լավրովը` Մերձդնեստրի օրինակով: Այսինքն, որ ռուսական զորքերը մնում են Մերձդնեստրում, այդ չճանաչված հանրապետության ժողովրդի կյանքի իրավունքը պաշտպանելու համար: Այսինքն, որ կարող են մնալ նաեւ Արցախում` արցախահայության կյանքը պաշտպանելու համար:
Ուժային մեթոդն այս դեպքում հազիվ թե աշխատի: Այսինքն, Ալիեւը պետք է անցնի հարձակման, սակայն աչքի առաջ ունենալով Սահակաշվիլու 2008թ.-ի օրինակը: Միգուցե ավելի վատ, հաշվի առնելով, որ մյուս թեւում էլ իրանական բանակն է: Նաեւ հաշվի առնելով, որ երեկ Իրանի բանակի հյուսիսային ուղղությամբ ցամաքային զորքերի հրամանատարությունը, չնայած վերջին ժամանակների առկա որոշ դրական դինամիկայի, հայտարարեց, որ իսրայելյան ռազմակայանները, այդ թվում` քողարկվածները հրթիռային նշանառության տակ են: Ընդ որում, ավելի համոզիչ լինելու համար ներկայացվեց նաեւ արբանյակային լուսանկարներ, որոնք պատկերում են Իսրայելի ռազմաբազաներից մեկն Ադրբեջանում` Եվլախի շրջանում:
Ու, թերեւս, Ալիեւի ու Նիկոլի միակ հաշվարկը, որի մասին խոսելու առիթներ ունեցել ենք, մնում է այն, որ Ուկրաինայում ռուսները կձախողվեն: Ընդ որում, այս օրերին շարունակում է ակտիվորեն խոսվել ուկրաինական բանակի մեծ հակահարձակման մասին: Կլինի՞ նման հակահարձակում, թե՞ դա ընդամենը քարոզչական հնարք է, դեռ կտեսնենք: Սակայն մեկ այլ դետալ այս պահին բավական հետաքրքիր կերպով ակնարկում է հետագա զարգացումների մասին: Նկատի ունենք Պուտինի` անսպասելի այցը ռազմաճակատային գոտի` Խերսոն: Սա, ի թիվս այլ բաների, նաեւ քաղաքական ակցիա է. սրանով Պուտինը վերջնականապես ֆիքսեց, որ այդ տարածքները համարում է Ռուսաստանի մաս, այսինքն` անձնական քաղաքական պատասխանատվություն ստանձնեց, որ դրանք հանձնելու որեւէ տարբերակ չի դիտարկում: Իսկ դա նշանակում է, որ կգործադրվեն այդ տարածքները պաշտպանելու համար առկա բոլոր միջոցները, այդ թվում` միջուկային: Ընդ որում որքան էլ այս օրերին Արեւմուտքն աղմկում է, թե թող Պուտինը հայտարարի, որ որեւէ պարագայում միջուկային զենքի չի դիմի, բայց նաեւ ՌԴ-ում ակտիվ քարոզչության մեջ է միտքը, թե այդ դեպքում ինչի՞ համար է միջուկային զենքը, եթե այն չպետք է երբեւէ գործարկվի:
Իսկ ռազմական տեսանկյունից ուշագրավ էր, որ այս անգամ նախագահին չէր ուղեկցում ո՛չ պաշտպանության նախարարը եւ ո՛չ էլ` Գլխավոր շտաբի պետը: Իսկ սա ակնարկ է, որ Պուտինը ցանկանում էր առանց նրանց ներկայության ծանոթանալ իրերի վիճակին, որը, իհարկե, շատ հետաքրքիր է:
Այսպիսով, ուկրաինական հարթակում «կենացները մինչեւ վերջ քաղցրանալու» հակում են ցույց տալիս, եւ այս ֆոնին ուկրաինական բանակի սպասվող հակահարձակումն արդեն դառնում է գոնե էֆեկտիվության իմաստով քիչ հավանական: Իսկ ժամանակ, չմոռանանք, ԱՄՆ-ն չունի` սպասվող ընտրությունների հետ կապված, այսինքն, չունի նաեւ Ուկրաինան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

