Պատմանան մասշտաբի դավաճանության առանձնահատկությունները
ՎերլուծությունԱյն, որ վերջին ժամանակներս նորից ակտիվացել է Հայաստանի սահմաններին ՀԱՊԿ ուժերի տեղակայման, նիկոլյան խունտայի կողմից այն մերժելու եւ փոխարենը սահմանները «եվրաշպիոններով» լցնելու թեման, աչքի առաջ է: Ընդ որում, այս ֆոնին, հիշեցնենք, հերթական անգամ հիմնավորվեց, որ եվրոպացիները մեր սահմաններին զբաղված են շպիոնաժով. տեղեկություններ են հավաքում եւ վերջում փոխանցում նաեւ Ադրբեջանին, ընդ որում, շրջանցելով Հայաստանը: Բայց ահա հայաստանյան իշխանություն կոչվածներից եւ ոչ մի հոդաբաշխ մեկնաբանություն չկա:
ԻՆՉ ԷՐ ՔԱՐՈԶՈՒՄ ԱՐՇԱԿՅԱՆԸ
Չնայած, նախօրեին, ի դեմս ԱԺ փոխխոսնակի աթոռը զբաղեցնող Հակոբ Արշակյանի, որոշակի ռեակցիա եղավ: Սա պե՞տք է համարել իշխանությունների միասնական դիրքորոշում. դժվար է ասել, հաշվի առնելով նրանց շարքերում տիրող հակասական իրողությունները, երբ իշխանական տարբեր կլաններ առաջ են տանում տարբեր արտաքին տերերի հրահանգները: Սակայն առաջնորդվենք փաստով. ԱԺ փոխխոսնակը պաշտոնական հերարխիայի վերին աստիճաններից է, ըստ այդմ էլ, այդ պաշտոնը զբաղեցնողների ասածները պետք է ընկալել՝ որպես պաշտոնական դիրքորոշում:
Եվ ահա, թեեւ Միրզոյան Արոն ընդամենը ամիսուկես առաջ էր Մոսկվայում հայտարարում, թե ՀԱՊԿ-ի տեղակայման հարցը օրակարգում է, Արշակյանն այդ նույն խնդիրը տանում է այն տափակ եւ ակնհայտորեն արհեստական բացատրությանը, որը ի սկզբանե էր որդեգրել Նիկոլը: Թե, ՀԱՊԿ-ը նախ պետք է քաղաքական գնահատական տա եւ մատնանշի, թե որն է Հայաստանի սահման ասվածը. «Եթե քաղաքական գնահատականը չի տրվում, ապա որտե՞ղ պետք է կանգնի ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքը, եւ ինչպե՞ս պետք է գնահատվի` արդյո՞ք հայկական տարածքներ են, թե հայկական տարածքներ չեն»: Իհարկե, նման պատասխանը եղել եւ մնում է ոչ միայն ԱԺ փոխխոսնակի, առավել եւս՝ ԱԳ նախարարի եւ վարչապետի պաշտոնի մակարդակի համար խայտառակություն (ավելի ճշգրիտ տերմիններ էլ կան): Իսկ ահա Պրահայի եւ դրան հաջորդած Սոչիի հանդիպումներից հետո, երբ Ալիեւն ու Նիկոլը Պուտինին հայտնեցին, թե համաձայն են Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատմանը, «որտեղ պետք է կանգնի ՀԱՊԿ-ը» հարցը դարձավ մանկամսուրի մակարդակի: Արշակյանին եւս հուշենք. ՀԱՊԿ-ը պետք է կանգնի 1991թ. սահմաններին, որի հստակ գծագրումը կա ՌԴ ԳՇ-ում: Իսկ այն հատվածներում, որտեղ ազերիները Նիկոլի թողտվությամբ առաջ են եկել եւ մնում են, ապա այստեղ սահմանների վերականգնումը նախ հայաստանյան իշխանությունների գործն է, եւ ՀԱՊԿ-ին, որպես ռազմական կառույցի, կարող են դիմել այն դեպքում, երբ որոշեն, որ սահմանների վերականգնումը ռազմական միջոցներով պետք է լինի:
Չնայած, երեւի հայաստանյան իշխանությունները, այս դեպքում՝ ի դեմս Արշակյանի, հասկանում են, թե իրականում ինչ դիրքերում կարող է ՀԱՊԿ-ը կանգնել, այսինքն, թե որն է կազմակերպության պատասխանատվության գոտին: Բայց երբ մինչեւ հիմա խոսում են այդ մասին, դա մեկ բան է նշանակում՝ սա ընդամենը պատրվակ է, ընդ որում՝ մանկական մակարդակի, որ դաշնակիցներին Հայաստանի սահման չթողնեն: Ըստ այդմ էլ, երբ Արշակյանից հարցնում են, թե՝ «Իսկ նրանց հետ քննարկվե՞լ է, թե որտեղ պետք է կանգնի ՀԱՊԿ զորքը», նա ընդամենը պատասխանում է. «Ես մասնավոր քննարկումների դետալների մեջ չեմ ցանկանում մտնել, բայց պետական մակարդակով ֆիքսել պետական սահման, սուվերեն տարածք նշանակում է ունենալ քաղաքական գնահատական ստեղծված իրավիճակին: Սա է ամբողջ հարցը»: Լո՞ւրջ, այդ դեպքում միգուցե Արշակյանը կամ նրա շեֆ Նիկոլը կբացատրի՞, թե իրենք պաշտոնապես ֆիքսե՞լ են պետական սահմանը, հայաստանյան ո՞ր փաստաթղթով, որ հիմա էլ ուրիշներից են պահանջում ֆիքսել:
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ավելի կոնկրետ, որ նրանք Ադրբեջանին տալիս են դիտարկվելիք հատվածից ինֆորմացիա, ապա Արշակյանն ընդամենը նման պատասխան է տալիս. «Դիտորդական առաքելության նպատակները պարզ են: Սահմանային տարբեր իրավիճակներում հնչում է երկու կարծիք` հայկական պաշտոնական կարծիք եւ ադրբեջանական: Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտվում է աշխարհում ստեղծված իրավիճակից եւ նաեւ նրանից, որ որոշակի անհավասարակշռություն կա ուժային առումով եւ փորձում է սադրել: Իրենք այստեղ լինելով եւ սահմանային իրավիճակում ադրբեջանական զորքերի Հայաստանում գտնվելու առումով տրամադրում են տեղեկատվություն, որը երկրորդում է ՀՀ պաշտոնական տեղեկատվությանը: Ես համարում եմ շատ կարեւոր»: Երեւի Արշակյանը հարցը լավ չի հասկացել. եթե եվրոպացիները տեղեկությունը տրամադրեին իրենց վերադասին, էլի ոչինչ: Սակայն նրանք այդ տեղեկատվությունը փոխանցում են Ադրբեջանին, որն իրականում Հայաստանի հանդեպ հանցագործություն է: Եվ ահա նիկոլյան խունտան պարզապես գերադասում է դա շրջանցել, ու ստիպված են նման անհեթեթ բացատրություններ մոգոնել:
Այսպիսով, Արշակյանը, ըստ էության, Նիկոլի անունից (որպես նրա պաշտոնյա) հայտարարում է, որ չնայած ներկա քննարկումներին, մնում է այն դիրքորոշմանը, որն ուներ ի սկզբանե: Այսինքն, որ այդ դիրքորոշման վրա չի ազդել ո՛չ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատման որոշումը, ո՛չ փաստը, որ դրանից հետո ազերիները շարունակել են գրավել հայաստանյան տարածքները, ո՛չ փաստը, որ դա այլ տեսք կունենար ՀԱՊԿ-ի ռազմական ներկայության պարագայում եւ ո՛չ էլ այն, որ իրականում եվրադիտորդները որեւէ ռեալ օգնություն չեն ցուցաբերում, փոխարենը զբաղվում են շպիոնաժով:
ԻՆՉ ԷՐ ՔԱՐՈԶՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Որ այս մոտեցումը միայն Արշակյանինը չէ, երեկվա իր ճառում հաստատեց նաեւ Նիկոլը:
Բայց նախ մեկ հանգամանք: Այն, որ ներկա զարգացումները «պեչատվեցին» Հայաստան՝ բրիտանական MI-6-ի ղեկավարի այցի արդյունքում, շատ է խոսվել: Իսկ ի՞նչ է ուզում Բրիտանիան, բացի հայաստանյան, ասենք, նաեւ ադրբեջանական հանքային ռեսուրսները թալանելուց: Բրիտանիայի մոտեցումը նախօրեին ավելորդ անգամ ֆիքսեց փոխարտգործնախարար Լորդ Ահմադը` խորհրդարանում ունեցած ելույթով: Նա եւս, բնականաբար, նախ խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ երկխոսության կարեւորությունից` տարածաշրջանի ապագայի hամար: Նաեւ, որ դրանում` «խաղաղության պայմանագրի» հարցում պետք է դեր ունենան ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, կարճ ասած` «միջազգային հանրությունը»: Եվ իր խոսքն ավարտեց հետեւյալով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:
Սա նոր բան չէ, նաեւ, որ նույն տեսլականն առաջ է տանում Բրիտանիայի անգլոսաքսոնական «մեծ եղբայրը»` ԱՄՆ-ն: Պարզապես այս հերթական հայտարարությունը ներկայացրինք` համեմատելու երեկ ԱԺ-ում Նիկոլի առաջ քաշած մոտեցումների հետ:
«Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Փաշինյանը: Մի փոքր ճշգրտենք. ոչ թե Հայաստանն է ճանաչում, ինչքան էլ որ այստեղ իշխանությունը խունտայի ձեռքին է, այլ Նիկոլն ու նրա դրանիկները: Ավելին ասենք. Նիկոլը սրանով դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ այն միակ ղեկավարը (թեկուզեւ` աթոռազավթած), ով պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջան:
Իհարկե, ավելորդ է ասել, որ սա նաեւ պատմական նշանակության դավաճանություն է, որի համար դեռ գալու է հայ ժողովրդին պատասխան տալու ժամանակը: Ընդ որում, թերեւս Նիկոլն էլ է հասկանում, որ այս ասածը չի կարող հենց այնպես, առանց լրջագույն դիմադրության սղացնել մինչեւ վերջ, որ կարող է անգամ պայմանագիր ստորագրել, բայց դա, կգա ժամանակը, եւ կարժանանա հին «Ալեքսանդրոպոլի պայմանագրի» ճակատագրին: Ամեն դեպքում, հենց այդ մասին է խոսում այն, որ նա հայտարարում է, թե. «Եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, որքանով դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, ու քաղաքացիները որքանով թույլ կտան այդ կոմպրոմիսների՝ երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»: Ընդ որում, նաեւ խոստանում է. «Մենք պետք է մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին»: Այսինքն ի՞նչ, արտաքին ուժերին ուզում է հասկացնել, թե ինքը դեռ անելի՞ք ունի, որ պահեն նրա աթոռը…
Սակայն այս անգամ սրա մասին չէ խոսքը, հաշվի առնելով, որ դեռ 2018թ.-ին էինք մատնանշում, որ հենց այս ամենն է Նիկոլին իշխանության բերելու ծրագրի հիմքում դրված: Ըստ այդմ էլ, այս անգամ պարզապես ուզում ենք համեմատել, թե ինչ է ասում Նիկոլը, եւ ինչ` անգլոսաքսերը` ի դեմս բրիտանական փոխարտգործնախարարի: Ըստ էության, նույն բանը. «տարածաշրջանային խախաղություն» գեղեցիկ փաթեթավորմամբ Արցախն անվերապահորեն Ադրբեջանի կազմ հռչակելը: Եվ եթե դրան գումարում ենք, որ փաստացի նորից մերժվում է ՀԱՊԿ-ին հայաստանյան սահմաններ ներգրավելու առաջարկը, պատկերն ամբողջանում է: Այսինքն, թեեւ Նիկոլի ենթականերից Միրզոյան Արոն շարունակում է ռուսների հետ «խաղեր տալ»` փորձելով ներշնչել, որ քննարկում են Արցախի հետ կապված ռուսական «խաղաղության պայմանագրի» տարբերակը, «տակից» խաղը տանում են դեպի անգլոսաքսոնանան ծրագիր:

