ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԲՅՈՒՋԵՆ ԱՂԵ՞Կ ԷՐ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵ՛Ր
ՎերլուծությունՄինչ ՔՊ-ականները աղեկտուր վնգստում էին թշնամի Ադրբեջանի դրոշը վառելու կապակցությամբ և ծնկաչոք հայցում թուրքի և «միջազգային հանրության» ներումը, զարմանալի բաներ ի հայտ եկան: Oragir.News-ի տեղեկություններով` «Առաջնության բացման արարողությունը Հայաստանից բացի, ուրիշ երկիր չի ցուցադրել»: Մինչդեռ մեծ-մեծ փողեր են ծախսվել:
ՃՇՄԱՐԻՏ ԹՐՔԱԴԱՎԱՆՆԵՐԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Անշուշտ, ամենակարևորն այն է, որ հայերն են տեսել թշնամու դրոշը վառելը, աշխարհի գլուխը քարը, զի առաջնահերթ հայերիս էր պետք այդ արժանապատվության ակտը: Սակայն ծախսերը արվել են հարկատուների փողերով, և վերը հիշատակված կայքի պնդմամբ. «Կազմակերպական աշխատանքներով ակտիվորեն զբաղվում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով կոտրած տաշտակի առաջ է հայտնվել: Նա աջ ու ձախ գումարներ է ծախսել, իբր այս միջոցառմամբ Հայաստանի վարկանիշը բարձրացնելու համար, բայց ոչինչ էլ չի ստացվել: Ինչպես հայտնի է, մոտ 20 մլն դրամ միայն ծախսել են հագուստների վրա»: Նույն ԶԼՄ-ի խոսքով. «Մեզ հայտնի դարձավ նաև, որ գովազդային արշավն էլ իրականացրել է Արայիկ Հարությունյանի եղբոր` Երևանի ավագանու անդամ, Երևանի արտաքին գովազդի զարգացման խորհրդի անդամ Արման Հարությունյանի «Մեդիահաուզ Արմենիա» ընկերությունը»:
Դե, զարմանալու ոչինչ չկա, զի ցանկացած ճշմարիտ թրքադավան ՔՊ-ական պետք է լավ տեղերում տեղավորի իր ազգուտակը: Այդ առումով «Թավշյա դդումը» քաղաքացիների վրա ուղտի պես թքող Ալենից ինչո՞վ է պակաս: Մանավանդ, եթե թերթենք 2018-ի ադրբեջանաթուրքական հեղաշրջման մեկնարկի ալբոմները... Դե, իսկ որ ծրագրած (բայց բարեբախտաբար «փոշմիշլար» եղած) թշնամու հանդեպ մահաբեր «տոլերանտության» կադրերը աշխարհով մեկ չէին սփռվելու` դրանից Բաքվի ու Անկարայի «պապաները» չեն նեղանա: Կարևորը` խունտան ճշգրտորեն սպասարկում է իրենց շահերը, և դա անում է ցանկացած թուրքից էլ ջանադիր:
Արամ Նիկոլյանի հանդեպ զազրելի գարշարշավի առնչությամբ քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող, ռեստորանային բիզնեսի շահերը ներկայացնող ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը հեգնանքով հարցադրել էր. «Իսկ Սողոմոն Թեհլերյանի արարքը «ձեր երկրի վարկանիշի» վրա բացասական չի ազդե՞լ: Ներողություն չեք ուզո՞ւմ խնդրել թուրքերից: Սողոմոնի անձը ու անձնականը չե՞ք ուզում քննարկել\քննադատել: Խի՞ չեք ուզում բա»: Մի շտապիր, Աշոտ ջան, Նիկոլը դա անպայման կանի: Արդեն սկսել է անել` ԱԺ-ի իր վերջին ելույթով:
Իսկ այդ ելույթից ցանկացած հայ մարդու ուղեղը կպայթի` դավաճանության և հայատյացության խտանյութ է: Ամենամեղմ «միտքը» սա էր. «Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում, ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29800 ք/կմ տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թ.-ին անկախություն ենք ստացել և մենք որևէ այլ երկրից որևէ տարծքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու երբևէ»: Այսինքն` պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ Հայաստանը երբեք չի զբաղվի Հայ դատի խնդիրներով, ընդմիշտ կհրաժարվի Հայ ազգի բոլոր արդար պահանջներից. «Որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում, ուժեղանում ենք և այդ ուժն ուղղում ենք ուրիշների դեմ մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար: Ավելին՝ ոչ միայն մեր երկրի զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր, առնվազը, պետության գոյության թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր, և այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու, մեզ ոչ ոք չի օգնելու»:
Իրեն գժի տեղ դրած կապիտուլյանտի մի քանի ժամանոց զառանցանքը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է սեղմ կետերով. «Նիկոլի ելույթի հիմնական ուղերձները.
1. «Խաղաղության» մասով սաղ վատ ա, но вы там держитесь.
2. Մենք մեղավոր չենք, ժողովուրդն ա մեզ հանդուրժում:
3. Քանի դեռ մեզ փոխել չեք կարողանում, մենք կփոխենք պատմագիտությունը:
4. Արցախն Ադրբեջան է եւ վերջ:
5. Հեքիաթն է կանչում»:
ՎԱ՛Յ ՄԵԶ, ԶԻ ՄԵՐ ԿԱՑՆԻ ԿՈԹԸ ՄԵԶԱՆԻՑ Է
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, պսակազերծելով Նիկոլի ելույթի ստերի մի փոքր մասը (ամբողջի դեպքում հատորներ կստացվեին), եզրակացնում է. «Մեր մեղքն այն է, որ առ այսօր չենք կարողացել ձերբազատվել կործանարար կառավարությունից ու չենք կարողացել համախմբել մեր ժողովրդին՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ խաղաղության: Դրա համար էլ ՀՀ կառավարության փոխարեն, ՀՀ ԱԺ ամբիոնից շարունակում է ելույթ ունենալ բակինսկի ռադիոն»: Իսկ ընդհանրապես. «ԱԺ-ում, Նիկոլն իր կատարած և կատարելիք դավադրությունը շատ գեղեցիկ փաթեթավորելով ու վախեցնելով փորձեց խցկել հայ ժողովրդի գրպանը»:
Իսկ հանրությունը «Բաքվի ռադիոյի» ձայնը բոլոր հասանելի միջոցներով կտրելու փոխարեն այդ «ռադիոյի» ասածը դեռ մի բան էլ քննարկում է: Դա հղի է խելագարվելու ռիսկերով, ուստի այդ պղտոր հոսքից ամենավտանգավոր բաներն առանձնացնելը քաղաքական գործիչների հասանելիքն է: ՀՀԿ ԳՄ-ն կապիտուլյանտի ելույթին անդրադարձել է հատուկ հայտարարությունով, մասնավորապես շեշտելով. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք: Ուստի՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»:
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի արձանագրմամբ. «Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն եմ նայում. իր համար թշնամիներ շարունակում են մնալ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ, որովհետև վերջինս իր հիմնական մի քանի պահանջներ կատարել է, իսկ մյուսների կատարման հարցով «կոկորդում մնացած» ուժեր ու գործիչներ կան: Եվ իրականում, ի՞նչ ունի բողոքելու Ալիևը Փաշինյանից, իր համար այսպիսի բարենպաստ ու փառքի բերող որևէ իշխանություն ՀՀ-ում չէր եղել»:
Ալիևի թշնամի Սերժ Սարգսյանն էլ, հանդիպելով ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հետ շեշտել է, որ իր հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու:
Իսկ ընդհանրապես, եթե կարողանանք չկործանվել, ապա այնպես կթրծվենք, որ կդառնանք անխոցելի: Նիկոլի պես չարիք վերջին 12 հազար տարում չի եղել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


