ԱՅՍ ՄԱՐԶԱՁԵՎԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ՍպորտԱրևելյան մարզաձևերից պրոֆեսիոնալ մենամարտերում իր հաղթանակների շարքը ևս երկուսով ավելացրեց պրոֆեսիոնալ «Մուաթայի» ֆեդերացիայի ներկայացուցիչ, ծնունդով Գավառի շրջանի Սարուխան գյուղից, 24-ամյա ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ։
Նարեկը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Քիքբոքսինգի Կովկասի տարածաշրջանի Ինտերնացիոնալ սպորտի միջազգային գոտու խաղարկությունում դարձել է ISKA CAUCASUS REGIONAL TITLE -ի գոտու տիրակալ, ինչպես նաև ստացել է 5-օրյա ուղեգիր դեպի Անթալիա։ Iravunk.com - ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ, ով մեկնաբանելով իր հաղթանակը, ասաց.-«60 կգ քաշային կարգի ուժեղագույն մարզիկների մրցապայքարում հաջորդաբար պարտության մատնեցի տանտերերի ներկայացուցիչներին, վրացի մարզիկներ Թեմուր Չեջիային և Բեկա Գաբիսոնային։ Նշեմ, որ բոլոր մենամարտերից առաջ մուտքի համար սահմանված արարողակարգերը իրականացնում եմ Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում զոհված իմ համագյուղացի, անմահ հերոս ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նվիրված երգով և երաժշտությամբ։ Մրցակիցներս բավականին փորձառու մարզիկներ էին, երկրորդ մրցակիցս որևէ պարտություն չուներ Վրաստանում» ։
- Նարեկ, իսկ ինչ տվեց քեզ այս հաղթանակը, այս չեմպիոնական գոտին։
- Հաղթանակը առաջին հերթին փորձ տվեց մեծ ռինգերում մենամարտելու, իսկ հետո նոր ճանաչում ու ավելի ուժեղ դառնալու ճանապարհ։
- Իսկ առաջիկա ծրագրերի մասին ինչ կասես։
- Առաջիկայում Հայաստանի առաջնությունն է, դրանից հետո միայն պատրաստվելու եմ Եվրոպական խաղերին, որն անվանում են Փոքր օլիմպիադա, կկայանա հունիսի 20-ին։ Սա մեծ մասշտաբի մրցում է։ Սա, ի դեպ պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ մենամարտս էր ու 7-րդ հաղթանակս, իսկ սիրողական մենամարտեր շատ է եղել։
Իսկ ահա Նարեկի անձնական մարզիչը ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, այսպես մեկնաբանեց.
«Նարեկի ամենաբարձր որակը համարում եմ համարձակությունը և ձգտումը։ Նա չի վախենում չարչարվելուց, ծանր ու խիստ պարապմունքներից, այդ իսկ պատճառով էլ ունենում է նման լավ արդյունք։ Այս մարզաձևը Մուայթայը, պետական աջակցության կարիք ունի։ Խոսք կար, որ դեռ պետք է 2021, 2022 թվականներից լիներ պետական աջակցություն, սակայն ուշացավ։ Այս տարի կլինի պետական աջակցություն, սակայն շատ քիչ, միայն Եվրոպական խաղերի համար։ Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որքան էլ լավ պատրաստված լինի մարզիկը, եթե ֆինանս չունի, ուրեմն չի կարող հասնել որևէ հաջողության»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

