Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը կստեղծվի՞
ՎերլուծությունԿգնա՞ Հեյդարովիչը Արցախի եւ Հայաստանի հետ կապված հարցերը միմյանցից տարանջատված լուծելու ռուսական ուղղությամբ մինչեւ վերջ, թե՝ ոչ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=253235&l=am): Կամ Նիկոլը կգնա՞ նոյեմբերի 9-ի նախատեսվածով կոմունիկացիաների վերագործարկմանը, թե՝ ոչ: Այս հարցերի պատասխանները, իհարկե, կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից: Այս պահին ընդամենը նշում ենք, որ ներկա աշխարհաքաղաքական իրողությունները հենց այդ տրամաբանության մեջ են:
Այս ֆոնին, կարելի է նաեւ նկատել արեւմտյան էմիսարների ակտիվացումը: ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի տարածաշրջանային այցը, ամերիկյան եւ ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունների «հուզիչ» գրառումները Տեղ գյուղի բախման հետ կապված, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի կապի դուրս գալը Միրզոյան Արոյի հետ. սրանք միայն վերջին մեկ-երկու օրվա ընթացքում այդ ակտիվացման մասին վկայող փաստերի փոքր մասն են:
Սակայն այս ամենին զուգահեռ, նկատվեցին նաեւ դետալներ, որոնք բավականին սահմանափակում են Նիկոլի մանեւրականությունը՝ արեւմտյան խաղերի հետ կապված: Նույն Տեղ գյուղի հետ կապված՝ ցայտուն փաստ էր դիտորդների անվան տակ Հայաստանի սահմաններին գտնվող «եվրաշպիոնների» փաստացի անգործունեությունը: Ու սա այն դեպքում, երբ ռուսական կողմը չհապաղեց ֆիքսել, որ այս անգամ էլ հրադադարն իր միջամտությամբ է ձեռք բերվել, ինչը չհերքեց ո՛չ պաշտոնական Երեւանը եւ ո՛չ էլ՝ Բաքուն:
Այսինքն, ստացվում է նման պատկեր: Նիկոլն ամեն մի ֆանտաստիկ պատճառաբանությամբ արգելափակում է ՀԱՊԿ-ի մուտքը մեր սահմաններ, ու չնայած դրան, ռուսները փորձում են բախումները կասեցնել՝ չունենալով նման որեւէ պարտավորություն: Փոխարենը թողնում է, որ «եվրաշպիոնները», որոնք «քոռ կոպեկի» օգուտ անգամ չեն տալիս, անարգել գործեն մեր սահմաններին: Ու դեռ մի բան էլ՝ եվրոպացիների հետ կապված մեկ այլ սկանդալ ի հայտ եկավ: Ու թող զարմանալի չթվա, այդ սկանդալը նախօրեին ԱԺ-ում «պայթեցրեց» հենց Միրզոյան Արարատը: Նախ, նա ֆիքսեց, որ ազերիական այս հերթական սադրանքի մասին տեղեկացրել են: Նաեւ, որ նման միջադեպերի մասին տեղեկացնելով եվրոպացիներին՝ «Հայցում ենք նրանց անմիջապես եւ արագ արձագանքը»: Սակայն անգամ «հայցելուց» հետո եվրադիտորդները, փաստացի, դեպքի վայրում չեն հայտնվել: Եվ ահա, Միրզոյանը ավելացրեց. «Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն, Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային: Մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»: Այսինքն, ոչ միայն միջադեպերի վայր գալու, այլ նաեւ մեր իսկ սահմաններին տեսած-ֆիքսածը հայաստանյան իշխանություններին ներկայացնելու որեւէ պարտավորություն չունեն: Այն դեպքում, երբ օրերս հենց նույն եվրոպացիները խոստովանեցին, որ իրենց տվյալներով «կիսվում են Ադրբեջանի հետ»:
Այսինքն, հիմա Նիկոլը պետք է ճգնի, որ բացատրի. այդ ինչպե՞ս է ստացվում, որ սույն եվրոպացիներին հայաստանյան սահմանները, այդ թվում՝ ռուսական եւ իրանական ուժերին լրտեսելու բոլոր հնարավորությունները տրվել են, իսկ սրանք անգամ խոշոր միջադեպերի վայրը հասնելու, հայաստանյան իշխանություններին տվյալներ տրամադրելու որեւէ պարտավորություն չունեն եւ չեն անում, փոխարենը, կրկնենք, տվյալներ տալով թշնամուն: Ուրեմն, ինչո՞ւ են նման պայմաններով սույն «եվրաշպիոններին» արտոնել՝ քեֆները տվածի պես շրջագայել սահմաններին, Հայաստանի այդ ո՞ր օգուտի համար: Պետք է վերջապես տա նաեւ հոդաբաշխ բացատրություն, թե երբ ռուսներն են կանգնեցնում սահմանային սրացումները, ինչո՞ւ այդպես էլ ՀԱՊԿ-ին մեր սահմանները դուրս գալու հնարավորություն չեն տալիս:
Ընդ որում, Նիկոլի խնդիրն այն չէ, որ պետք է այդ մասին բացատրություն տա հայաստանյան գերպասիվ մասսաներին: Այդ հարցերը, բնականաբար, կուլուարային քննարկումներում մեկ անգամ չէ, որ նրա առաջ դրել են նաեւ ռուսները: Եվ երբ գնալով սեղմվում են հերթական պատճառաբանությունը մոգոնելու հնարավորությունը, դա արդեն Նիկոլի համար լուրջ խնդրի է վերածվում: Առավել եւս, որ նրան պաշտոնապես Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցք ստեղծելու առաջարկ է ներկայացվում: Այդ թվում՝ նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայաստանյան այցի շրջանակներում նման քննարկում ունեցավ Միրզոյանի հետ: Եվ այն, որ ԱԳՆ-ն նախ պաշտոնապես տեղեկացրեց, որ քննարկել են նաեւ այդ՝ «Իրանի հետ կողմերի համագործակցության» թեման, գալիս է ակնարկելու, որ ռուս-իրանական ուղղությունը շրջանցելու տարբերակները Նիկոլի մոտ սեղմվում են: Հակառակ դեպքում պետք է բացատրի, թե Հայաստանի անվտանգային համակարգն էականորեն բարձրացնելու ունակ այդ ուղղությունից ինչո՞ւ է շեղվում: Ընդ որում՝ այն դեպքում, երբ «Արեւմուտքը մեզ կօգնի» տեսլականը վերածվեց միայն Հայաստանի սահմաններ «եվրաշպիոններ» ուղարկելուն:
Այսինքն, դեռ որքա՞ն կպահպանվի ՀԱՊԿ-ին Հայաստանի սահմաններ չթողնելու Նիկոլի ռեսուրսը: Կարծես թե արդեն սպառվելուն մոտ է: Իսկ դա նաեւ Ալիեւի համար է ահազանգ. այն պահին, երբ Նիկոլն այլեւս չկարողանա արգելակել ՀԱՊԿ-ի մուտքը հայաստանյան սահմաններ, Ալիեւը ստիպված է լինելու զսպել ներկա գերախորժակը՝ հույսը դնելով միայն բանակցությունների վրա:
Ընդ որում, հաշվի առնելով նաեւ այն հզոր ճնշումները, որոնք գալիս են Իրանից, եւ որոնք այդքան ցցուն դարձան նաեւ Տեղ գյուղի միջադեպի ժամանակ: Հիշեցնենք, Իրանը չհապաղեց բարձր մարտական պատրաստության բերել բանակը, միաժամանակ սահմանները վերցնելով ավիացիոն վերահսկողության տակ: Եվ եթե ընդունենք այն վարկածը, որ Տեղի միջադեպն Ալիեւը հրահրեց նաեւ Իրանի ռեակցիան ստուգելու համար, ապա նման արդյունքը պետք է որ նրա վրա իր ազդեցությունը թողներ: Նաեւ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի ձեւավորման ռեալ հեռանկարները (Նիկոլը կամենա, թե՝ ոչ, էական չէ), Ալիեւի համար ներկա օրակարգից շեղվելը դառնում է ծայրահեղ ռիսկային:
Կփոխվի՞ աշխարհաքաղաքական իրավիճակը, որի հավանականությունն այս պահին շատ մեծ չէ, այլ հարց է: Իսկ այսպես, պետք է կա՛մ գնա մեծ պատերազմի, կա՛մ ՌԴ-ի, նաեւ՝ Իրանի առաջարկած ուղղությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

