Երբ մեզ ասում են, որ փոքր կորստի միջոցով կարող ենք այս կամ այն բանից խուսափել, մեզ ակնհայտ խաբում են. ԱՀ ԱԳՆ նախկին նախարար
Ներքաղաքական«Հայաստանն ու Արցախը այսօր գտնվում են շատ մեծ արհավիրքի առջև և որքան շուտ դա հասկանանք, այդքան շուտ հնարավոր կլինի կանխել այդ արհավիրքը: Եթե շարունակենք նիրհի մեջ մնալ, նորանոր խնդիրներ են առաջանալու, որոնց դիմակայելը կլինի շատ ավելի դժվար: Մի բան ակնհայտ է, որ կորուստներ լինելու են: Երբ մեզ ասում են, որ փոքր կորստի միջոցով կարող ենք այս կամ այն բանից խուսափել, մեզ ակնհայտ խաբում են: Խուսափել հնարավոր է միայն հետևողական ծանր աշխատանքի շնորհիվ»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով երկու հայկական պետությունների առջեւ ծառացած խնդիրներին ու դրանց լուծման տարբերակներին, ասաց ԱՀ ԱԳՆ նախկին նախարար ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ընդգծելով.
-Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը մեկ բառով կարելի է բնութարել այսպես՝ անպատասխանատվություն։ Ցանկացած իշխանություն իր ընտրողների առաջ պետք է ստանձնի, առաջինը՝ հենց պատասխանատվություն, մինչդեռ այս իշխանությունն իր գոյությունը երկարացնելու համար դիմում է բառախաղերի և զանազան մանիպուլյացիաների՝ հրաժարվելով պատասխանատվություն կրելուց, ուստի շատ կուզենայի, որ այս մասին խորհեն հենց այն մարդիկ, որոնք ձայն են տվել այս իշխանությանը:
-Պարոն Միրզոյան, ՀՀ իշխանությունները բացահայտ հայտարարեցին, որ իրենք ոչինչ անել չեն կարող Արցախի հարցում, և, որ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
-Դա ամենամեծ ականն է, ժամանակին, այ՛ո, խոսվել է այն մասին, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր բանակցություններին: 90-ական թվականների սկզբին Արցախի իշխանությունները մասնակցել են բանակցություններին, և ես հստակ կարող եմ ասել, որ 90-ականների բանակցային փուլը, երևի, ամենահաջողված փուլերից էր, որը թույլ տվեց կանգնեցնել պատերազմը և դուրս գալ որոշակի խաղաղ պայմանավորվածությունների: Դա հնարավոր եղավ, առաջին հերթին, շնորհիվ Արցախի իշխանությունների ուղղակի և էֆեկտիվ մասնակցության: Այսօր, երբ խոսվում է, որ մենք դաշտը թողնում ենք Արցախի իշխանություններին, այստեղ ես տեսնում եմ հետևյալ խորամանկությունը, այսինքն՝ չկա հստակ ձևաչափ, որով պետք է ընթանան այդ բանակցությունները՝ միջնորդավորված թե ուղղակի, իսկ հաշվի առնելով նաև Ադրբեջանի ակնհայտ մերժողական դիրքորոշումը և ընդհանրապես հրաժարումը պաշտոնական որևէ շփումից, ուղղակի զրոյականի է հանգեցնում նման բանակցությունների էֆեկտիվությունը:
-Պարոն Միրզոյան, զուգահեռաբար Ացրախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում, սա ի՞նչ հնարավորություններ կարո է տալ արցախցուն:
-Չեմ կարծում, թե սահմանադության փոփոխությունը որեւէ դրական ազդեցություն կունենա: Հակառակը, նման քայլը կարող է հանգեցնել նոր խնդիրների առաջացման: Նախագահ Արայիկ Հարությունյանը, հավանաբար, ունի շարժառիթներ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, ցանկալի կլիներ, որ այդ շարժառիթները նա ավելի մանրակրկիտ ու տրամաբանական ձեւով ներկայացներ, որովհետեւ մենք գիտենք, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը նոր չէ: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում բազմիցս քննարկվել է Արցախում, պահի տակ շրջանառությունից հանվել է, կրկին վերադարձրել են: Ցանկալի կլիներ լսել բացատրություն, թե ինչու հենց այս պայմաններում նպատակահարմար է գնալ այդ քայլին: Այն հայտարարությունը, որ արվել է, ճիշտն ասած, համոզիչ չէ եւ չի տալիս հստակ պատկերացում դրա նպատակների մասին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=253190&l=am/

