Կիեւ-Պեչորյան մայրավանքի ծխականների ավանդույթները եւ իրավունքները պետք է հարգել. Ամենայն Հայոց կաթողիկոս
ՀասարակությունՀոգեւոր աշխարհում խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն զուտ եկեղեցական կանոններին համապատասխան: Սա վերաբերում է նաեւ Կիեւ-Պեչորյան մայրավանքի (լավրայի) հարցին, որի ծխականների ավանդույթներն ու իրավունքները պետք է հարգվեն։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Կաթողիկոսի խոսքով` Հայ Առաքելական եկեղեցու համար մեծ ցավ է Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները տեսնելը: Ցավոք, ստեղծված ծանր իրավիճակն ազդել է նաեւ եկեղեցական կյանքի վրա։
«Հոգեւոր աշխարհում առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն բացառապես դարերի ընթացքում սրբազան դարձած եկեղեցական կանոններին համապատասխան, պետության հոգածության ներքո պետք է ապահովվեն հավատացյալների խղճի եւ դավանանքի ազատության իրավունքները: Ինչ վերաբերում Է Կիեւ-Պեչորյան մայրավանքին, ապա պետք է հարգել նաեւ պատմական վանքի ավանդույթները, եղբայրության ծխականների իրավունքները»,- ասել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը։
Գարեգին Բ-ն ցանկություն է հայտնել, որ Աստծո ողորմածությամբ շուտով վերականգնվի խաղաղությունը հավատակից եղբայրական ժողովուրդների կյանքում, փոխըմբռնումն ու համերաշխությունը ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում:
Հիշեցնենք, որ մայրավանքի շուրջ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանականները հրաժարվել են լքել վանքը «Կիեւ-Պեչորյան Լավրա» արգելոցի տնօրինության պահանջով։ Մարտի 10-ին արգելոցի տնօրինությունը հայտնել է Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցու օբյեկտների անժամկետ վարձակալության դադարեցման մասին։ Վանականներին հրահանգվել էր մայրավանքի տարածքը լքել՝ մինչեւ մարտի 29-ի օրվա վերջ։
Մարտի 30-ին հանձնաժողովը գույքագրման համար ժամանել է մայրավանք, բայց նրանց թույլ չեն տվել մուտք գործել վանք: Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարարությունը մարտի 31-ին Կիեւի Տնտեսական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցու Կիեւ-Պեչորյան մայրավանքի պետական գույքի կառավարմանը խոչընդոտելու մասին: Ավելի ուշ Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարել է, որ դատարանի որոշումից հետո վանականների վտարմամբ կզբաղվեն դատական կատարածուները:

