Լրացուցիչ երաշխիքներ են խնդրել, ապահովել ենք. Ա.Հարությունյանը` Երեւան ժամանած ադրբեջանցի ծանրորդների մասին
Սպորտ
Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն ու նրանց ուղեկցող պատվիրակությունը՝ շուրջ 12 հոգի, արդեն ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը.
«Ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա միջազգային ֆեդերացիայի և Եվրոպական ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն է, և բոլոր այն մարզիկները, որոնք ցանկանում են մասնակցել, մենք պետք է ընդունենք: Անվտանգային հարցեր ենք քննարկել Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս մարզիկների, այնպես էլ իրենց մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Լրացուցիչ երաշխիքներ են խնդրել, և մենք դա էլ ենք ապահովել»:
Լրացուցիչ երաշխիքներին անդրադառնալով, Արայիկ Հարությունյանը նշել է, որ խոսքն օդանավակայանում դիմավորելու, ուղեկցելու, հյուրանոցում անվտանգության ներկայացուցիչների աշխատանքն ապահովելու մասին է:
Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու են եվրոպական 40 երկրի 380 մարզիկներ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

