Մոսկվա՞, Բրյուսե՞լ, թե` Վաշինգտոն. Ալիեւն ու Նիկոլը դեռ կողմնորոշվում են
ՎերլուծությունՀայաստանի սահմաններին ՀԱՊԿ-ի (ավելի կոնկրետ՝ ռուսական) դիտորդնե՞րն են լինելու, թե՞ «եվրաշպիոնները» կմնան: Ավելի կոնկրետ՝ վերջնական արդյունքում ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտորում կտեղավորվի Նիկոլը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252946&l=am): Այս կարգի հարցերը շարունակում են պարբերաբար հրապարակային օրակարգում հայտնվել եւ «անհետանալ»: Բայց նաեւ զգացվում է, որ կան գերակտիվ կուլուարային գործընթացներ: Ավելին, որ վերջնական լուծումներն առավել քան մոտ են:
Թեեւ դեռ պաշտոնական ոչինչ չկա, սակայն նաեւ զգացվում է, որ Ալիեւ-Փաշինյան հերթական հանդիպումը եւս շատ մոտ է: Ու, ըստ ամենայնի, այս պահին հիմնական «կռվախնձորը» ոչ թե այդ հանդիպման բովանդակությունն է, այլ վայրը՝ կլինի այն Արեւմուտքո՞ւմ, թե՝ Ռուսաստանում:
Ալիեւը նախօրեին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում դժգոհում էր, թե՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները այնքան էլ հարթ չեն ընթանում: Սակայն նա իր այդ հայտարարությամբ շատ կարեւոր մեկ միտք հնչեցրեց. «Հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղ պայմանագրի վրա, որը գործնական փուլում է, այն արդեն սկսվել է, բայց այն այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»:
Սրանով Ալիեւը հաստատեց գլխավորը՝ «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ աշխատանքներ, որքան էլ որ դրանք քիչ տեսանելի են, կան, եւ դրանք «գործնական» ընթացքի մեջ են: Ինչո՞ւ նա այդ մասին խոսեց Ղազախստանում, դա եւս կարելի է կռահել: Եթե օրակարգում է մնում հայ-ադրբեջանական սահմաններին ՀԱՊԿ ուժերի տեղակայման թեման, ապա դա նշանակում է, որ լինելով Արեւմուտքի կամ Ռուսաստանի ուղղությամբ վերջնական տեղակայման երկընտրանքի առաջ, Նիկոլը, այնուամենայնիվ, ամեն պահ կարող է ընտրել ռուսական տարբերակը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի տեղակայմանը համաձայնություն տալու տեսքով: Ավելի կոնկրետ, դատելով մեր տարածաշրջանի ներկայիս հայտնի զարգացումներից, որոնք հիմնականում արտահայտվում են ԱՄՆ-Իսրայելի դիրքերի թուլացման եւ ՌԴ-Չինաստան-Իրանի դիրքերի ամրացման տեսքով, գնալով մեծանում է այն բանի հավանականությունը, որ Նիկոլը պարզապես չի կարողանա երկար ձգել ՀԱՊԿ-ի տեղակայման արգելափակումը: Ավելին, Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի վերջին հայտարարությունը՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, նաեւ նմանվում է ՌԴ-ից եկած հարցման՝ վերջապես որոշեք ինչ եք անում:
Միեւնույն ժամանակ վերջերս Նիկոլը արեւմտյան ուղղությամբ հստակ տեղակայվելու տարբերակ ուներ: Հիշեցնենք, Հայաստանը ներկայացվեց, որպես Եվրոպայում ծրագրված ՆԱՏՕ-ական մեծ եւ ընդգծված հակառուսական զորավարժանքների մասնակից, սակայն շատ չանցած հանեցին ցուցակից: Եվ ասել, թե Պենտագոնում ինչ-որ մեկը մեխանիկական սխալ էր թույլ տվել՝ Հայաստանի անունը մասնակիցների ցանկում ներառելով, հետո պարզեցին եւ հանեցին, միամտություն կլիներ: Շատ ավելի նման էր, որ նախնական համաձայնություն կար, սակայն մասնակիցների ցուցակի հրապարակմանը հաջորդած մի շարք ազդակներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից ու, չբացառենք, Չինաստանից, թե հասկանո՞ւմ եք ինչ եք անում, կարող էր Նիկոլին նահանջի դրդել: Իսկ այդ դեպքում Արեւմուտքը հազիվ թե նրա «գլուխը շոյի»:
Վերջին հաշվով, Նիկոլի, ասենք նաեւ Ալիեւի համար հստակորեն դեպի Արեւմուտք շրջվելը մեկ պարզ հարցից է կախված՝ կհամարձակվի՞ Իսրայելը բախման մեջ մտնել Իրանի հետ, եւ ԱՄՆ-ն կներառվի՞ այդ պատերազմի մեջ: Եթե չկա նման երաշխիք, իսկ Իրանը ակնհայտորեն ունենալով նաեւ ռուսական «դաբրոն», սպառնում է Սյունիքում հարձակման դեպքում սեփական զորքով միջամտել՝ անգամ Նիկոլին չհարցնելով, ապա Արեւմուտքի խաղը մինչեւ վերջ առաջ տանելն ինչպես Նիկոլի, այնպես էլ Ալիեւի համար ծայրահեղ վտանգավոր կլինի: Մինչդեռ այս պահին գնալով նվազում են նախանշանները, որ Իսրայելը կփորձի պատերազմ սկսել, ընդ որում, դրա հավանականության «պատուհանը» գնալով միայն փակվում է: Եվ այս իրավիճակում, երբ Նիկոլը վերսկսել է էմիսարներ գործուղել Իրան, այն էլ՝ բրիտանական MI-6-ի այցելու ՀՀ ԱԽՔ-ի տեսքով, սա կարող է Ալիեւի համար մեսիջի տեսք ստանալ, որ հայ-ադրբեջանական սահմաններին ՀԱՊԿ առաքելության տեղակայման հավանականությունն իրոք մեծանում է:
Այսինքն, ունի՞ Ալիեւը երաշխիք, որ Նիկոլն այդ ուղղությամբ չի գնա: Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ Ղազախստան մեկնելը, ենթադրելի է, որ նման երաշխիք նա չունի եւ հիմա փորձում է ղազախների հետ այլ լուծումներ գտնել: Բայց հազիվ թե կարողանա հասնել առաքելության մեկնումը չեղարկելուն, քանի որ, եթե Մոսկվան քանիցս հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը կարող է մեկնել ցանկացած պահի, ապա սա ենթադրում է, որ ներքին պայմանավորվածություններ կան: Այսինքն, եթե անգամ ՀԱՊԿ մնացած անդամները հետ քաշվեն, դա կլինի ռուսների միջոցով:
Այս իրավիճակում որտե՞ղ կհամաձայնվեն հանդիպել Ալիեւն ու Նիկոլը, Բրյուսելո՞ւմ, թե՝ Մոսկվայում: Թերեւս, դեռ մի փոքր եւս կփորձեն խաղը երկարացնել: Այս օրերին գլոբալ հարթակներում հիմնական խոսակցության թեմա է դարձել Ուկրաինայի մոտակա հակահարձակման խոսակցությունները, եւ ակնհայտ է, որ բոլորը հենց դրան են սպասում: Ի՞նչ հաջողությամբ, եւ նույնիսկ կլինի՞ այդ հակահարձակումը: Այս հարցերից է դարձել կախված ՌԴ-Արեւմուտք հարաբերություններում ուժային բալանսի ֆիքսումը, թե որին ինչ դեր է բաժին հասնելու, եւ դրա լուծումը, թերեւս, շաբաթների հարց է: Դրանից հետո արդեն Ալիեւն ու Նիկոլը եւս շատ ավելի հստակ կկողմնորոշվեն:
Չնայած, Զախարովայի երեկվա հայտարարությունը, թե` ««Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ», ցցուն ակնարկ է մեր ավելի վաղ հայտնած վարկածի օգտին, որ այս պահին առաջնայինը Մոկվայի տարբերակն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

