«ՍԿԶԲԻՑ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ, ԱՊԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». Ըմբշամարտիկ
ՍպորտՎերջերս Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ 61 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
Iravunk. com- ի հետ բացառիկ զրույցում նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.
- «Շատ լավ էի պատրաստվել այս առաջնությանը։ Չորս գոտեմարտ ունեցա ազգությամբ ֆրանսիացի, իտալացի, ռումինացի և ուկրաինացի մարզիկների հետ» ։
- Մեժլում, իսկ ո՞ր գոտեմարտը առավել բարդ տրվեց քեզ, ինչը խանգարեց, որ ոսկե մեդալ նվաճեիր։ - Ուկրաինացի մրցակցիս հետ առավել դժվար անցավ գոտեմարտը, քանի որ նա շատ փորձառու մարզիկ էր, Աշխարհի չեմպիոն էր։ Քանի որ ծնկի վնասվածք էի ստացել, այդ իսկ պատճառով էլ եզրափակչում պարտվեցի ուկրաինացի մարզիկին ու չկարողացա նվաճել ոսկե մեդալ։ Պիտի էլ ավելի լավ պարապեմ, որպեսզի հաջորդ մրցաշարի ժամանակ նվաճեմ ոսկե մեդալը։ Անձնական մարզիչս Արշակ Հայրապետյանն է, շատ շնորհակալ եմ նրան, ջանք ու եռանդ խնայելու համար, նրա ներդրումը իսկապես շատ մեծ է իմ հաջողություններում։ Իսկ ահա մյուս արծաթե մեդալակիր, ծնունդով Արմավիրի մարզի Արշալույս գյուղից, ազգությամբ եզդի ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆԸ համառ պայքարում 3։2 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել եզրափակիչ, այստեղ պարտվելով ֆրանսիացի մրցակցին։ Կնյազը, պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։2 հաշվով հաղթել էր մոլդովացի մրցակցին։ Մեզ հետ բացառիկ զրույցում ԿՆՅԱԶԸ այսպես մեկնաբանեց.
«Երեք գոտեմարտ ունեցա, բոլորն էլ իրենց դժվարություններն ունեին, ուստի չեմ կարող առանձնացնել։ Սկզբից հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս 7։5 հաշվով, ապա կիսաեզրափակչում թուրք մրցակցիս։ Եզրափակչում պարտվեցի ֆրանսիացի մարզիկին։ Բնական է, լարվածություն է առաջանում, երբ գոտեմարտում ես ազգությամբ թուրք և ադրբեջանցի մրցակիցների դեմ, սակայն, ես չեմ խառնում երբեք սպորտը քաղաքականության հետ ու սպորտի վրա եմ սևեռվում միայն։ Կապ չունի ինձ համար, թե որ ազգի ներկայացուցչի հետ եմ գոտեմարտելու, ես մրցագորգ եմ դուրս գալիս միայն հաղթանակի համար։ Երազանքս է Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելը»։
Հավելենք, որ Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը, երկու միավոր զիջելով երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի ընտրանուն։ Մեր թիմը նվաճել է 6 մեդալ, 3-ական արծաթե և բրոնզե։ Սերգեյ Սարգսյանը, Մարտին Սիմոնյանը, Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել, արծաթե մեդալ է նվաճել նաև Հայկ Պապիկյանը։ Էդիկ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու բրոնզե մեդալ նվաճել։ Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակիչ էր դուրս եկել, քանի որ վերջինիս հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում ծեծկռտուքի համար։ Վրացի ըմբիշը ևս որակազրկվել է։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

