ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔՆ ԱՐՏԱՔԻՆԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ՎերլուծությունԾափ տվեք, արա՛, «սպարապետ» Սուրիկ Պապիկյանը բարեհաճեց ընդհատել իր այցը Բրյուսել և վերադառնալ: Իսկ Սյունիքում իրական մարտական գործողություններ ունենք: «Ադրբեջանցիները հայ զինվորներին են մոտեցել սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով, ապա սադրել ու կրակել»,- հայտարարում է ԱԳՆ: Հիմա ինչ, մեզ բոլորի՞ս եք ապուշի տեղ դրել, թե՞ ինքներդ եք ապուշ: Չէ՞ որ ակնհայտից էլ ակնհայտ է` թուրք ասկյարները հայերին կարող են մոտենալ միայն ու միայն սպանելու նպատակով: Մնացյալը լոլո է: «Խաղաղության օրակարգ» կոչեցյալը բացառապես սակավավամիտների համար է, ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչքան շատ են այնպիսիք, ում ձեռք է տալիս սակավամտի վարքագիծը:
ԻՍԿ ԹՈՒՐՔԻ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ ՆԱԽՈՐԴԵԼ ԷՐ ՇՈՈՒՆ
Թուրքին դիմակայելիս զենքը ձեռքին զոհվել են չորս զինծառայողներ.
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999 թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989 թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997 թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994 թ.):
Իսկ դրան նախորդել են արգահատելի շոուներ: Ընդ որում` ոչ միայն, ԱԺ-ում, լրատվական դաշտում ու ՔՊ-ի մահաբեր ծաղրածուների կատարմամբ, այլև կենդանի թուրք ասկյարի մասնակցությամբ: Որն անարգել հասել էր Սիսիանի շրջանի ուղիղ կենտրոն, մտել այն տունը, ուր մի ամիս առաջ այցելել էր Էրատոն, ու նոր միայն գերեվարվել: Դրա առնչությամբ դեռ մինչև թուրքերի կողմից զենքի գործադրումը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն արձանագրել էր. «Հրապարակ» թերթից իմանում ենք, որ Սիսիանում մոլորված (կամ չմոլորված) ադրբեջանցին (կամ ադրբեջանցիները) եկել է (կամ եկել են) այն մարդկանց տուն, որոնց մի ամիս առաջ Աննա Հակոբյանն էր այցելել:
Առաջին միտքս սա կարդալիս. «Այդ կնգան մի թողեք տեղ գնա. ուր գնում է, հետևից ադրբեջանցի զինվորականներն են գալիս»:
Երկրորդ միտքս. «Էլի սկսեցին հետճշմարտությունը եփելը. մե՛կ ասում են ադրբեջանցին մենակ էր, ադրբեջանական ՊՆ-ից ասում են՝ երկուսն են «կորել», հիմա էլ «Հրապարակը» հայտնում է, թե երեքն են: Ո՞ւմ մոտ է մտել, տանտիրոջ բաճկոնը հագե՞լ է, թե՞ չի հագել, բրդուճը վերջը ո՞վ էր ուտում, բա խոհանոցում թաքուն ո՞վ ա հաց կերել: Վերջում, բնականաբար, այդպես էլ չենք իմանա, թե իրականում ինչ է կատարվել, իսկ հիշողության մեջ մնալու են Աննան ու բրդուճը պինդ բռնած ադրբեջանցին: Ամենակարևոր հարցը՝ բազային անվտանգությունը կորցնելու հարցը, այս անկարևոր դետալների պղտոր հեղեղում մոռացվելու է, գնա»:
Այո՛, տեղի է ունեցել շոու, որը պետք է անվտանգության հիմնահարցից մեզ շեղեր: Մի ուրիշ շոու էլ` ԱԺ-ում... Պատգամավոր Մհեր Սահակյանին էին անձեռնմխելիությունից զրկում, անկապ ՔՊ-ականին օմբուդսմեն ընտրում, ՔՊ-ական ուսապարկ պատգամավորներն էլ լպիրշաբար լեզվին էին տալիս: Եվ ամենը տևեց այնքան, մինչև համոզվեցին, որ թուրքի հարձակումը դարձավ փաստ, նոր միայն որոշեցին, որ ԱԺ արտահերթ նիստ չեն անելու:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե թուրքական ԱԹՍ-ներ և այլ զինատեսակներ չարտադրվեին»: Ճիշտ է ասում, բայց կիսատ է ասում: Արմեն Աշոտյանը դրա առնչությամբ նշում է. «Այս ամենից զատ, հիշեցնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմին առաջին անգամ Ադրբեջանը նույնպես օգտագործեց անօդաչու թռչող սարքեր: Այո, դրանք թուրքական չէին, ոչ պակաս արդիական իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ էին, որոնք սակայն չկարողացան վճռորոշ դեր խաղալ մարտի դաշտում և Ապրիլյան պատերազմի արդյունքներով Ադրբեջանը ռազմի դաշտում չհասավ իր նպատակներին, իսկ դիվանագիտական դաշտում ջախջախվեց (Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ): Այս ամենն ի մի բերելով` կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն»:
Հիշեցնենք նաև Սերժ Սարգսյանի արձանագրումը 2018-ի իշխանազավթման վերաբերյալ. «Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ: Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է` բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ...»: Եվ ինչի՞ց են հատկապես փրփրում ոգևորված խուլիգանների վերածված «լեզու կտրող» տարբեր արթուրհովհաննիսյանները` այն փաստի հիշատակումից, որ 2018-ին տեղի էր ունեցել ադրբեջանաթուրքական «հեղափոխություն»: Որ իրենք բոլորով պետական դավաճաններ են, ու ուրիշ ոչինչ:
ԵՐԿԻՐ-«ՀԺ», ԵՐԿԻՐ-«ՇՊԻՈՆԱԲՈՒԾԱՐԱՆ»
Politico պարբերականի հրապարակումից էլ տեղեկացանք, որ ԵՄ դիտորդները իրենց զեկույցները զուգահեռաբար ուղարկում էին Բրյուսել և Բաքու, իսկ Երևան ուղարկում էին «երեք մատի կոմբինացիա»: Եվ ո՞վ ջանքեր գործադրեց թշնամու համար ձրի լրտեսություն անող «դիտորդական առաքելություն» ստեղծելու համար` իհարկե կապիտուլյանտ Նիկոլը: Այդպիսի այլասերվածությունը նույնիսկ եվրոպացիների համար է շատ:
Թշնամու ծավալած մարտական գործողությունների առնչությամբ Արմեն Աշոտյանը բաց նամակ է հղել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին` մասնավորապես արձանագրելով. «Արդեն 4 ժամից ավել ՀՀ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն սադրիչ ռազմական գործողությունների է դիմել, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ: ԵՄ դիտորդական առաքելության մանդատը ենթադրում էր ՀՀ անվտանգային միջավայրի բարելավում:
...Խորապես ցավ եմ ապրում ԵՄ առաքելության գործունեության այս ընթացքում արդեն իսկ տեսանելի խնդիրների վերաբերյալ, որոնք չեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև՝ չեն նշմարել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ որևէ կոնտր-քայլ: Հարկ եմ համարում նշել նաև, որ ԵՄ առաքելության ուղարկումը պետք է զուգակցվեր ԵՄ-Հայաստան համապատասխան պայմանագրով, ուստի մինչ պայմանագրի կնքումն ինչի՞ հիման վրա է ԵՄ-ն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին»:
Այսինքն` նորի՞ց այս դավաճանական խունտայի սիրելի խաղը` «բանավոր պայմանավորվածություններ» կոչեցյալը: Քանի-քանիսների հետ Նիկոլն ունի այդպիսի պետականակործան պայմանավորվածություններ: ՀՀԿ փոխնախագահը հիշեցնում է, որ նախորդ առաքելության ստեղծման հիմքում նաև Ադրբեջանի ստորագրությունն էր: Նաև շեշտում է, որ բաց նամակի հարցադրումները չեն հանում ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Բայց ակնհայտ է, որ մահացու մարտահրավերների սկզբնաղբյուրը ո՛չ եվրոպացին է, ո՛չ ռուսը, ո՛չ ամերիկացին, ո՛չ էլ նույնիսկ թուրքը, այլ «յան» ազգանուններով թշնամահպատակներից բաղկացած խունտան: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ փորձագետի հայացքով արձանագրում է այն ռիսկերը, որոնք առկա են հենց այս պահին. «Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում: Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ»:
Րոպեների հարց... Այսինքն` րոպեների ընթացքում կարող ենք հայտնվել լայնածավալ ռազմական գործողությունների հորձանուտում: Եվ անհասկանալի է` ինչո՞ւ թշնամին չի օգտվում րոպեների ընթացքում մեծ ագրեսիա ծավալելու հնարավորությունից, քանի դեռ կա ներսից ամեն ինչով օժանդակող Նիկոլն իր խունտայով: Թերևս օբյեկտիվ խոչընդոտների հանգամանքները և գործոնները առանձին հանգամանալից վերլուծության նյութ են, սակայն արձանագրենք մահացու սպառնալիքի հանգամանքը: Քանի դեռ սրանք կան, մենք ոչ միայն ամեն օր կորցնում ենք, այլև բառիս բուն իմաստով մազից ենք կախված: Սրանք պետք է չլինեն, որ մենք լինենք, մեր երկիրը լինի, մեր պետականությունը լինի...
Իսկ պետական դավաճաններին սպասարկողները նոր շոուներ են պատրաստում: Քննիչները արտահայտած կարծիքի համար քրգործեր թխելով են զբաղված: Արդեն ոչ միայն ՔՊ-ական «ուսապարկին» մուշտի տված պատգամավորով կամ Նիկոլի վրա անձրևանոց նետած բերձորցի կնոջով են զբաղվում, այլև Նարեկ Սամսոնյանի դեմ խոսքի համար են գործ հարուցել, նույնիսկ սոցցանցերում դատավորի դեմ վատ արտահայտված Նաիրի Հոխիկյանի դեմ... Ընդդիմադիրները պետք է ուշադիր լինեն, որ կապիտուլյանտների պարտադրած կեղծ օրակարգերը չդառնան գերիշխող:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

