Վերընտրվելով` Էրդողանը կփոխի՞ ներկա կուրսը
ՎերլուծությունԻհարկե, այն իրողությունները, որոնք այսօր զարգանում են հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252923&l=am), մեծապես կախված են Անկարայի դիրքորոշումից: Սակայն հենց «Անկարայի դիրքորոշում» ասվածն է, որ ներկայումս խիստ անորոշ է: Նկատի ունենք, որ ընտրություններ են, այս պահին Էրդողանի հետ ինչ-որ բան պայմանավորվես, վաղը կարող է չեղարկվել, եթե նա պարտվի:
Բայց կպարտվի՞ Էրդողանը:
Թեեւ մի շարք աղբյուրներ կանխավ խոսում են Էրդողանի ցածր վարկանիշի եւ ընդդիմության գրեթե միանշանակ հաղթական շանսերի մասին, սակայն, ինչպես քանիցս ենթադրել ենք, ամեն բան այդքան միանշանակ չէ: Այսինքն, ինչքան էլ, որ Էրդողանը վարկանիշի հետ կապված խոցելի տեղեր ունի (տնտեսություն, փոխարժեք եւ այլն), բայց նաեւ կան իրավիճակը փոխելու ունակ գործոններ (երկրաշարժի արհեստականության վարկածը, Թուրքիայում աճող հակաամերիկանիզմն ու հակաիսրայելիզմը, Իրանի` շիա մահմեդականության լիդերի եւ ՌԴ-ի աջակցությունը` Թուրքիայում ԱՄՆ ազդեցության կտրուկ աճը կանխելու համար եւ այլն):
Եվ ահա, ներկայիս բոլոր հարցումները հուշում են, որ եթե ժամանակին ընդդիմության վարկանիշն էականորեն առաջ էր անցել, ապա վերջին ժամանակներս նման պատկեր է:
Optimar-ի հարցումներում Էրդողանը ստացել է ձայների 45,9%-ը, իսկ ընդդիմության թեկնածուն՝ Քըլըչդարօղլուն՝ 43,9%-ը:
Metropole-ի հարցման արդյունքում Էրդողանը ստացել է 41,1 տոկոս, իսկ Քըլըչդարօղլուն՝ 42,6 տոկոս:
Asal-ի հարցումներում Էրդողանը ստացել է 46,8 տոկոս, իսկ Քըլըչդարօղլուն՝ 42,2 տոկոս:
Areda հարցումով՝ Էրդողանը հավաքում է 50,1%, Քըլըչդարօղլուն՝ 43,4% (երկրորդ փուլում):
Իհարկե, հարցումները կարող են մի փորքր «դզված-փչված» լինել: Սակայն ընդհանուր ֆոնն այն է, որ Էրդողանն ունի ընդդիմության հետ համեմատաբար հավասար, որոշ դեպքերում մի փոքր գերազանցող վարկանիշ: Ընդ որում, Էրդողանը որոշակիորեն դիրքային բարելավում ունի, իսկ ընդդիմությունը կորցնում է դիրքերը: Իսկ դա հենց այն նախընտրական իրավիճակն է, երբ Էրդողանի կարգի ծեր աղվեսն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում:
Գումարենք սրան նաեւ վարչական ռեսուրսը, որը Թուրքիայում Հայաստանից էլ լավ է կիրառվում: Գումարենք կրոնական գործոնը, որն աշխատում է Էրդողանի օգտին: Գումարենք այն, որ քրդամետ կուսակցությունները միավորված ընդդիմության մեջ չեն, այսինքն՝ Էրդողանին դեմ քրդական ձայները չեն հասնելու Քըլըչդարօղլուին, եւ այսպես շարունակ:
Այսպիսով, ունի՞ Էրդողանը հաղթելու շանսեր: Եթե նախկինում հիմնականում այս հարցադրումն էին առաջ քաշում թուրքական վերլուծաբանները, ապա հիմա այդ հարցումը մի փոքր այլ տեսք է ստացել՝ ունի՞ Էրդողանը պարտվելու տարբերակներ:
Իհարկե, եթե Էրդողանին, այնուամենայնիվ, հաջողվի հաղթել, ապա այդ դեպքում կա նաեւ այն հարցը, թե կպահպանի՞ ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունների ներկայիս մոդելը, թե՞ նրանց կարիքն այլեւս չունենալով, կարող է գնալ կտրուկ շրջադարձերի: Սակայն այստեղ էլ որոշակի ենթադրությունների հնարավորություն կա:
Նախ, Էրդողանին պե՞տք է դեպի ԱՄՆ կտրուկ շրջադարձ: Թուրքական ընտրությունենրից հետո արդեն ԱՄՆ-ն է մտնելու նախընտրական եռուզեռի մեջ, ընդ որում, դա կընթանա ծայրահեղ սուր: Փաստն այն է, որ հատկապես քրեական գործի աղմկոտ պատմությունից հետո Թրամփն ունի վարկանիշի կտրուկ թռիչք, Բայդենը՝ կտրուկ անկում, ու այդ ֆոնը փոխելու տարբերակներ պարզապես տեսանելի չեն:
Կա նաեւ դեպի Եվրոպա շրջադարձի տարբերակը: Բայց ահա օրերս Չինաստանում մեկ շատ հետաքրքիր դետալ արձանագրվեց: Եվրահանձնաժողովի նախագահ կամ ոչ պաշտոնական լեզվով՝ ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով Մակրոնի հետ միասին Չինաստանում էր, Եվրոպա է վերադարձել օդանավակայանի սովորական տերմինալի միջոցով՝ ուղեբեռի զննումով եւ անձնագրի ստուգմամբ (լուսանկարում): Նաեւ արտաքին քաղաքականությունում ժեստերի մոլի սիրահար չինացիները, հասկանալի է, որ ամենեւին էլ պատահականորեն չէ, որ Եվրամիության ղեկավարին այսպես են տուն ճանապարհել: Որպես շարքային քաղաքացու` ԵՄ ղեկավարին օդանավ թողնելը պարզ ակնարկ է, որ Պեկինը «թքած ունի» ԵՄ-ի հեղինակության վրա եւ ավելի նախընտրում է գործ ունենալ առանձին եվրոպական երկրների հետ: Նաեւ, որ ընդամենը շարքային քաղաքացի ընկալվող տիկին Ուրսուլայի այցը որեւէ էֆեկտ չի կարող ունենալ Պեկինի քաղաքականության վրա: Ու այս իրավիճակում միասնական Եվրոպան կարո՞ղ է արդի աշխարհում հավակնել ինքնուրույն բեւեռի ֆունկցիայի:
Արեւմուտքի` նման խորը անորոշ հեռանկարների ֆոնին Էրդողանը կշտապի՞ այդ ուղղությամբ թռիչքի. մի տեսակ անհավանական է: Իսկ այդ դեպքում պետք է Մոսկվա-Պեկին-Թեհրան ուղղության հետ չթշնամանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

