«ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՆՉԵՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՀԻՄՆԸ»
ՍպորտՕրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ փառահեղ հաղթանակ է տոնել ծնունդով Էջմիածնի շրջանի Արաքս համայնքի Ապագա գյուղից, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 15-ամյա ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ։Նա լավագույնը ցույց տվեց օղակների վրա վարժությունում, մինչ այդ ոսկե մեդալ նվաճելով նժույգթափեր վարժությունից։ Այսպիսով, Համլետը միանգամից երկու ոսկե մեդալ է նվաճել ու դարձել Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրքերին ստիպելով երկու անգամ անընդմեջ լսել Հայաստանի օրհներգը։ Նժույգթափեր վարժությունում ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ նվաճել է արծաթե մեդալ։ Այսպիսով, մեր թիմն ընդհանուր նվաճել է 3 մեդալ, 2 ոսկե և 1 արծաթե։ Երկրորդ անգամ անցկացվող Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում և գրավեց չորրորդ տեղը։
Iravunk. com -ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել Աշխարհի կրկնակի չեմպիոն ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։ Շնորհավորում ենք, Համլետ փառահեղ հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ: Շատ լավ զգացողություններ ունեմ, շատ հպարտ եմ ու անչափ ուրախ, որ կարողացա Թուրքիայում հնչեցնել Հայոց հիմնը, և կարողացանք ես ու իմ ընկերները մեր դրոշը բարձրացնել։ Մյուս ընկերներիս համար նույնպես ուրախ եմ, ցավոք, մեր մարզիկներից Էրիկին փոքր - ինչ պակասեց մեդալակիր դառնալու համար։ Այս Աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի բարդ վարժություններ կատարենք գործիքների վրա, պետք է ավելի շատ աշխատեմ պտտաձողի վրա, քանի որ այս առաջնությունը ցույց տվեց, որ համեմատաբար թույլ ելույթ ունեցա այդ գործիքի վրա։ Համլետ, իսկ ինչպե՞ս սկսեցիր պարապել այս մարզաձևով։ Արդեն 10 տարի է, զբաղվում եմ մարմնամարզությամբ։ Հայրիկս շատ էր սիրում այս մարզաձևը, այդ պատճառով էլ այս մարզաձևը ընտրեցի ու ես էլ շատ սիրեցի, որպեսզի ավելի ճկուն դառնամ, հետագայում կարողացա ավելի լավ ձեռքբերումներ ունենալ, այդ պատճառով էլ շարունակեցի։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, հարազատներիս, մարզիչներիս շնորհակալություն հայտնում տքնաջան աշխատանքի համար։ Մեզ շատ օգտակար խորհուրդներ են տալիս մեր անվանի մարմնամարզիկները, լեգենդար Ալբերտ Ազարյանի անվան մեր մարզադպրոցում։ Նրանք մեզ ուժ են տալիս, ոգևորում։
- Իսկ ունես քո սիրելի գործիքը։
- Իմ սիրելի գործիքները նժույգթափերն ու օղակներն են։ Պարապելու ընթացքում եմ զգացել, որ այս երկուսի վրա ինձ ավելի լավ եմ զգում, իսկ տարրերը հեշտությամբ սովորում եմ։ Մեր անվանի մարզիկներին միշտ նայում էի, թե ինչպես են նրանք պարապում, անընդհատ աշխատում էի սխալներիս վրա։ Հասկացա, որ կարող եմ օրինակ վերցնել ու ձգտել հասնել նրանց հաջողություններին։ Համլետ, իսկ ո՞րն է քո ամենանվիրական երազանքը։
- Ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ իմ մեծ երազանքն է նվաճել Օլիմպիական չեմպիոնի բաղձալի տիտղոսը։
Հ. Գ. Հավելենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի ապրիլի 11-16-ը, կրկին Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

