ՊԵԿ-ը քանդում է, ՄՍԾ-ն` ստում, ՆԳՆ-ն` ցրում, իսկ կառավարությունում բեխաբա՞ր են
ՀասարակությունԳրեթե 55 օր է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները գիշերում են բաց երկնքի տակ՝ շարունակելով նստացույցը վրաններում: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 16-ին ոստիկանությունը ներխուժել էր ՊՆ նախկին շենքում ապաստան գտած բնակիչների կեցավայրեր եւ բռնի ուժով դուրս հանել նրանց՝ թողնելով փողոցում: Բարձրացված աղմուկից հետո՝ այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների պետությունը փորձեց լռեցնել՝ այս կամ այն վայրերում անորոշ ժամկետով կեցավայր առաջարկելով: Մի քանիսը համաձայնեցին, մյուսները մնացին տեղում՝ ասելով, որ ոմանց խայտառակ պայմաններ են առաջարկել, ոմանց անհասցե ուղղությամբ ուղարկել, ոմանց էլ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկել: Իսկ թե ինչ է կատարվում այսքան օրեր անց, եւ որտեղից ինչ արձագանքներ կան, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել:
ՔԱՆԻՍՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՓՈՂՈՑՈՒՄ, ՔԱՆԻՍԸ՝ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԱՆՀԱՅՏ Է
Պարզվում է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունից ՊՆ նախկին շենքի բնակիչներին հիշել են հունվարի 27-ին, որից ուղիղ 20 օր անց այս քաղաքացիները վտարվել են իրենց կացարաններից:
«Մեր աշխատակիցները հունվարի 27-ին իրականացրել են այցելություն՝ ՊՆ նախկին շենքում բնակվող ընտանիքների սոցիալական կարիքների գնահատման նպատակով: Այցելության պահին հնարավոր է եղել իրականացնել ՊՆ նախկին շենքում բնակվող թվով 30 ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում: Ընտանիքների հետ անհատական զրույցի ժամանակ պարզ է դարձել, որ նրանց հիմնական պահանջը ՊՆ նախկին շենքի սենյակները սեփականության իրավունքով իրենց տրամադրելն է», - պատասխանել են ՄՍԾ-ից եւ ընդգծել, որ այն ընտանիքները, որոնք բնակվել են ՊՆ նախկին շենքում եւ ցանկություն են հայտնել տեղափոխվել ժամանակավոր կացարան, Ներքին գործերի նախարարության աշխատակցի կողմից ստացել են պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրամադրված հանրակացարանների բանալիներ:
Ըստ նույն գերատեսչության, հանրակացարաններ տեղափոխվելուց հետո՝ ՄՍԾ տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողներն իրականացրել են այցելություններ, ընտանքիների սոցիալական կարիքների գնահատում եւ տրամադրել խորհրդատվություն՝ ծառայության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ ընտանիքներին ուղղորդվել են հայկական Կարմիր խաչի ընկերություն՝ բնակարանների վարձի մասնակի փոխհատուցման ծրագրերում ընդգրկվելու համար: Ավելին՝ նշել են, թե, օրինակ, քաղաքացիներից Արամ Խանզադյանն ու Գեղամ Բաղդասարյանը հրաժարվել են տեղափոխվել հանրակացարաններ կամ ընդունել որեւէ առաջարկ: Մինչդեռ նույն ԱՐԱՄ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ պնդում է հակառակը, որ անձամբ իրեն որեւէ առաջարկ չի արվել, ոչ էլ ընտանքիների սոցիալական կարիքների գնահատում է իրականացվել:
Այս իրավիճակում հարց է ծագում, թե, ի վերջո, քանի՞ ընտանիք է տեղափոխվել հանրակացարաններ եւ քանի՞սն են դեռ մնացել փողոցում, սակայն այս հարցին Միասնական սոցիալական ծառայությունն ունի ոչ պակաս «ունիկալ» պատասխան. «Ծառայության կողմից Ներքին գործերի նախարարություն հարցում է ուղղարկվել ճշտելու հանրակացարաններ տեղափոխված ընտանիքների ամբողջական ցանկը»: Ի դեպ, հանրակացարաններ տեղափոխվածների պատմությունն էլ մի ուրիշ դարդ է: Օրինակ, նրանցից մեկին 17 քառ.մ մակերեսով ժամանակավոր կացարան է տրամադրվել եւ նույնքան՝ 7 հոգանոց ընտանիք ունեցողին:
ԻՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՊՆ ՆԱԽԿԻՆ ՇԵՆՔԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԴԻՐԸ
Իսկ այս ընթացքում Պետեկամուտների կոմիտեն զբաղված է ՊՆ նախկին շենք-շինությունները քանդուքարափ անելով: ՊՆ նախկին շենքի բնակիչներին կոմիտեի գլխավոր քարտուղար ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գրությամբ տեղեկացրել է, թե նրանց վերաբնակեցման հարցի լուծումը իրենց իրավասությունների շրջանակից դուրս է:
«19.1 հա ընդհանուր մակերեսով հողամասը եւ 23. 616.9 քմ մակերեսով շենքերը եւ շինությունները հետ են վերցվել ՀՀ պաշտպանության նախարարությունից եւ ամրացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Նշված տարածքում կառուցվելու է Երեւանի ԱՏԳ (Արտաքին տնտեսական գործունեության) կենտրոն: Շինարարության ավարտը, ՀՀ կառավարության որոշմամբ, նախատեսված է 2027 թվականին», - ընդգծել է ՊԵԿ գլխավոր քարտուղարը եւ մեղայականով հավելել, թե կոմիտեն պարտավոր է ապահովել ՀՀ կառավարության որոշման իրականացումը:
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐՆ «ԱՆՀԵՏԱՆՈՒՄ» ԵՆ. ՔՐՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ
Եվ մինչ ՊՆ նախկին շենքի անօթեւան մնացած բնակիչները այս ու այն գերատեսչությունից փորձում են սպառիչ պատասխաններ ստանալ՝ իրենց խնդիրների լուծման վերաբերյալ, կամաց-կամաց իրենց անձնական իրերն են «անհետանում» արդեն նախկին դարձած կացարաններից, ինչի մասին նրանք ահազանգում են արդեն շաբաթներ շարունակ:
Որքան էլ պարադոքսալ թվա, բայց նրանք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որ ոստիկանների ուղեկցությամբ իրենց բնակարան այցելելու ընթացքում պարզվել է, որ իրենց պատկանող եւ նույն հասցեում բնակվող այլ անձանց իրերը կորել են: Այժմ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ, ՆԱԽԿԻՆ ՊՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀՈՒՅՍՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ
Իսկ թե ինչ են մտածում կառավարությունում այս հարցի շուրջ, մինչեւ այսօր հստակություն չկա: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի՝ Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման եւ գնահատման վարչությունից մի կին, որը հանդիպել է կառավարության շենքի մոտ հավաքված ՊՆ նախկին շենքի բնակիչներին, իր զարմանքն է հայտնել տարբեր գերատեսչություններից ստացած պատասխանների վերաբերյալ: Հետաքրքրվել է, թե ինչու խնդիրներն այս ընթացքում չեն քննարկվել բնակիչների հետ եւ ստուգել՝ հնարավոր վերադարձի վերաբերյալ քաղաքացիների դիրքորոշումը: Հիմա ՊՆ նախկին շենքի բնակիչները հույս ունեն, որ կառավարությունից կլինի պատշաճ հանդիպում, երես-բերես կանեն խնդրով զբաղվող գերատեսչություններին ու իրենց խնդրին որեւէ լուծում կտան:
Վերջին հույսը չկտրած՝ այս քաղաքացիները չեն դադարում նաեւ հարց բարձրացնել, թե ո՞ւր են երեխաների ու կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունները, ինչո՞ւ հանրային լայն արձագանք չի ստանում իրենց խնդիրը, վերջապես՝ ինչո՞ւ է սոցիալական խնդիրն անտեսվում, մինչդեռ երբ քաղաքական կոնտեքստ է լինում՝ ակտիվանում են բոլորը՝ հասարակական սեկտորից սկսած մինչեւ քաղաքական այրեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252735&l=am/

