ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԱԼԲԱՆԻԱՅՈՒՄ
ՍպորտԾանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Աշխարհի առաջնությունում ընդհանուր 15 մեդալ է նվաճել 2 ոսկե, 2 արծաթե և 11 բրոնզե, թիմային հաշվարկում գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը։ Երկրորդ տարին անընդմեջ պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է խոստումնալից ծանրորդ, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից ՍԵՐՅՈԺԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ։
Iravunk. com-ի հետ բացառիկ զրույցում ՍԵՐՅՈԺԱՆ կիսվեց իր զգացողություններով։
- «Շատ հպարտ եմ, որ մեր երկրի դրոշը կարողացա բարձր պահել ու ես սրանով չեմ սահմանափակվելու։ Աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Հանդես եկա 67 կգ քաշային կարգում։ Պոկում վարժությունում բարձրացրի 128 կգ ծանրաձողը ու փոքր ոսկե մեդալ նվաճեցի, հրումում 147 կգ, այս վարժությունում մեդալ չեմ նվաճել, երկամարտում 275 կգ-ով ոսկե մեդալ նվաճեցի։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին։ Իմ մրցակիցները Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի ու Ղազախստանի ներկայացուցիչներն էին։ Ես սրանից առաջ դարձել եմ նաև մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, երկու ռեկորդ սահմանել միանգամից»։
Իսկ ահա, ծնունդով Հայթաղ գյուղից ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ով Գեղակերտի մարզադպրոցի սան է, բրոնզե մեդալ է նվաճել, այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
«Հանդես եկա 89 կգ քաշային կարգում։ Պոկում վարժությունում 140 կգ եմ բարձրացրել ու բրոնզե մեդալ նվաճել, հրումում 166 կգ, երկամարտում 306 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճել։
- Մրցակիցներս շատ ուժեղ էին, հենց այդ պատճառով էլ չկարողացա նվաճել ոսկե մեդալ, սակայն չեմ հուսահատվում, պիտի ձգտեմ, տքնաջան պարապեմ, որպեսզի հաջորդ մրցաշարի ժամանակ նվաճեմ այդքան բաղձալի ոսկե մեդալը։ Մրցակիցներս Ղազախստանի ու Թուրքիայի ծանրորդներն էին։ Մի փոքր հանգստանալուց հետո, արդեն պիտի պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա ամռանը, հուլիս ամսին Մոլդովայում։
Վալերիկի անձնական մարզիչը ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով մեր անվանի ծանրորդ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարազատ եղբայրն է, նշեց.
«Վալերիկից շատ գոհ եմ, շատ լավ հանդես եկավ իր կարողությունների սահմաններում։ Նշեմ, որ Վալերիկը մինչև 15 տարեկանների ռեկորդակիր է նաև, ափսոս այդ ժամանակ պետությունը որևէ աջակցություն ցույց չտվեց։ Այս անգամ արդեն կստանա պետական աջակցություն, քանի որ 17 տարեկաններին հասնում է։ Նշեմ, որ մեր Գեղակերտի մարզադպրոցը ևս չի արժանացել որևէ պետական աջակցության։
Երեք բրոնզե մեդալ է նվաճել նաև, ծնունդով Հայթաղ գյուղից, Գեղակերտի մարզադպրոցի մեկայլ սան ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Պոկում վարժության ժամանակ բարձրացրեցի 137 կգ, հրումում 163 կգ, երկամարտում 300 կգ ։Բոլոր վարժություններով բրոնզե մեդալ նվաճեցի, այդպես երեք բրոնզե մեդալ։ Մրցակիցներս ազգությամբ թուրք և իտալացի մարզիկներ էին»։
- Աշոտ, իսկ ինչը խանգարեց, որ ոսկե մեդալ նվաճեիր։
֊ Մի քիչ լավ չէի զգում ինձ, քաշի պակաս էլ կար 3֊4 կգ։ Ես հանդես եկա 96 կգ քաշային կարգում։ 16 տարեկան եմ, նպատակս է նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։ Երեք ամիս պատրաստվել էի այս առաջնությանը, անձնական մարզիչս Վիգեն Խաչատրյանն է, շնորհակալություն եմ հայտնում նրան, ջանք ու եռանդ չխնայելու համար։ Ես Ծանրամարտի պատանիների Հայաստանի չեմպիոն եմ, պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Սպորտով, մասնավորապես ծանրամարտով սկսել եմ զբաղվել 9 տարեկանից, հայրիկիս խորհրդով, ի դեպ, հորեղբորս որդին ևս զբաղվել է ծանրամարտով։ Աշոտ, իսկ ինչ խնդիրների ես բախվել։
- Բազմաթիվ վնասվածքներ եմ ունեցել մեջքի, ծնկի, սակայն հիմա ապաքինվել եմ։
֊ Իսկ ինչ ես մտածում այն պահին, երբ մոտենում ես ծանրաձողին։
- Հիմնականում, ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ է կատարվում կողքիս, մտածում եմ միայն լավ հանդես գալու, ծանրաձողը բարձրացնելու մասին։
֊ Աշոտ, իսկ պետական աջակցությունից գո՞հ ես։
- Այո, գոհ եմ, ես ստանում եմ պետական աջակցություն։
Շնորհակալություն, Աշոտ, բացառիկ հարցազրույցի համար, նորանոր նվաճումներ ենք ցանկանում։
- Ես էլ եմ շատ շնորհակալ, որ ուշադրություն եք դարձնում ու լուսաբանում եք մեր գրանցած նվաճումների մասին, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

