Խորապես վիրավորված ենք բոլորս, Ալեն Սիմոնյանը թքել է Հայրենիք-Սփյուռք միասնության վրա. դոկտ. Խաժակ Գուլաճյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է Տորոնտոյի «Նոր Հայ Հորիզոն» հեռուստաժամի հաղորդավար, տեղի Հայ Կեդրոնի հաղորդակցությունների պատասխանատու, հրապարակագիր, ազգային գործիչ, ուսուցիչ եւ դասախոս դոկտոր ԽԱԺԱԿ ԳՈՒԼԱՃՅԱՆԻ հետ:

«ԱՆՀԵԹԵԹ, ՏՄԱՐԴԻ ՈՒ ԱՊԻԿԱՐ ՊԱՀՎԱԾՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿՈՉՎԱԾԸ»

— Որպես Սփյուռքի հանրային ակտիվ գործիչ, ինչպե՞ս եք վերաբերվում կանադահայ Կարեն Մկրտիչյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

— Անցնող 10 օրերին երկու ցավալի միջադեպ տեղի ունեցավ: Մեկը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ընթացքում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի հարձակողական ու սադրիչ վարմունքն էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ, որը հանգեցրեց ընդդիմադիր պատգամավորի ինքնապաշտպանական արարքին: Այս դեպքի հրահրումը, կարծես, բավարար խայտառակություն չէր, դրան եկավ ավելանալու երկրորդ դեպքը՝ հայաստանաբնակ սփյուռքահայ Կարեն Մկրտիչյանի երեսին թքելու խայտառակությունը: Այս երկու միջադեպերը մեկ անգամ եւս ի հայտ բերեցին իշխող վարչախմբի ձեռագիրը հանդիսացող լկտի պահվածքը՝ ընդդիմադիր ուժի եւ Սփյուռքի նկատմամբ:

Գիտենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ հստակ հոդվածներ կան խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի արգելքի, անձնական ազատության եւ օրենքի առջեւ ընդհանուր հավասարության մասին: Բայց, ըստ երեւույթին, Կարենի երեսին թքելով՝ ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը թքել է թե՛ ՀՀ Սահմանդրության, թե՛ մարդու իրավունքների եւ թե՛ Հայրենիք-Սփյուռք միասնության վրա:

Ցավալի է, որ իշխանության ներկայացուցիչները նման մանրուքների մեջ են երկիրը մխրճում, մինչդեռ պետք է զբաղվեին եւ լուծեին այլ խնդիրներ: Առաջնահերթությունները այլ պետք է լինեն՝ թշնամին արդեն դարձել է սանձարձակ:

— Ի դեպ, Կարեն Մկրտիչյանը եւս Կանադայի տորոնտահայ համայնքից է: Ի՞նչ վարքագծով է աչքի ընկել նա համայնքում:

— Կարենին ծանոթ եմ դեռեւս Լիբանանից: Երկուսս էլ հաճախել ենք Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության ճեմարանը: Աշակերտական մեր օրերից արդեն ի հայտ եկան Կարենի ղեկավարական հատկանիշները: Մենք՝ ավելի կրտսեր աշակերտներս, զարմանում էինք Կարենի ուշիմությամբ, ընկերասիրությամբ եւ մանավանդ ըմբոստությամբ: Կարենը նաեւ գործունյա անդամ էր բեյրութահայ համայնքի երիտասարդական եւ սկաուտական թեւում: Տարիներ հետո, երբ երկուսս էլ հաստատվեցինք Տորոնտոյում, նա շարունակեց նույն գործունեությունը: Դարձավ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքներին աչալուրջ հետեւող եւ ծառայող: 2015-ին վարեց Հայկական Ցեղասպանության 100-ամյակի Տորոնտոյի ոգեկոչման ձեռնարկները, որոնք տեղական մակարդակով մեծ արձագանք ունեցան: Այդ միջոցառումներից անմիջապես հետո՝ Կարենը մի կողմ թողեց ժողովրդավար երկրի բարիքներն ու հանգստավետ կյանքը եւ գնաց հաստատվելու հայրենիքում:

Սա էլ ավելացնեմ. Ալեն Սիմոնյանը գրեթե հայհոյելու պես՝ «դավաճան» անվանեց Կարենի մայրիկին: Իսկ Կարենի մայրը՝ Շաղիկ Փափազյանն է, սերունդներ դաստիարակած, բազմավաստակ կրթական մշակ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Կարենի մայրն այն հայ կնոջ ու մոր տիպարն է, որ «Զարթիր Լաո» շարժման ընթացքում ժամանեց Երեւան եւ պայքարեց իր ժողովրդի հետ՝ ընդդեմ դավաճանական քաղաքականության: Իսկ նրա հայրը, այսինքն՝ Կարենի մեծ հայրը` ուսուցիչ, տնօրեն, ազգային գործիչ, հրապարակագիր, թատերագետ, երախտարժան բժիշկ Բաբկեն Փափազյանն է: Այսքանը բավարար տեղեկություն է բացատրելու, թե որքան անհեթեթ, տմարդի ու ապիկար պահվածք է ցուցաբերել ԱԺ նախագահի պաշտոնում կոչված Սիմոնյանը:

«ԵՐԿՐԻԴ ՂԵԿԱՎԱՐ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՐԵՆ ՏՀԱՍ Է»

— Այդուհանդերձ, տեղի ունեցածը համարում եք միջանձնային միջադե՞պ, թե՞ սա այսօրվա հայաստանյան իշխանության ամբողջ վերաբերմունքն է Սփյուռքին:

— Անկեղծորեն, առաջին անգամ, երբ իմացա դեպքի մասին, պատահածը վերագրեցի Սիմոնյան անձի փողոցային վերաբերմունքին, որովհետեւ առաջին անգամը չէր, որ նա ինքն իրեն նվաստացնող վիճակի մեջ է դնում: Չզարմացա: Ի՞նչ դաստիարակություն պետք է ստացած լիներ մի անձ, որի մայրը լկտիորեն իր միջնամատն էր ցույց տալիս «Դիմադրություն» շարժման մասնակիցներին: Առաջին տպավորությամբ՝ պարզապես եղկելի ու նողկալի դեպք էր, բայց շուտով այն ստացավ տարաբնույթ ծավալ ու կշիռ: Անցավ միջանձնային իրավիճակից ու դարձավ քաղաքական: Բացատրեմ՝

  1. Խնդիրը վերաբերում է սփյուռքահայ մի երիտասարդի, որ մի կողմ թողնելով իր բարեկեցիկ կյանքը՝ հաստատվել է Հայաստանում իր ընտանիքով, եւ այնտեղ շարունակում է իր հայանպաստ եւ հայրենանպաստ գործունեությունը: Հետեւապես հարցն այլեւս անձնական չէր, այլ ընդդեմ Սփյուռքի էր:
  2. Սիմոնյանի գռեհիկ վերաբերմունքին հաջորդեց իր իշխանական լիազորությունների չարաշահում՝ երբ իր թիկնապահերին օգտագործեց իր քմահաճույքի համար, որպեսզի խոշտանգեն քաղաքացի Կարենին: Գիտե՞ք ինչ կպատահեր Սիմոնյանի պես անձի հետ, եթե այս դեպքը տեղի ունենար ժողովրդավար երկրում, կա՛մ իր գործընկերները, կա՛մ ամբողջ ժողովուրդը ոտքի կելներ ու կպահանջեր նրա հրաժարականը:
  3. Արարքի լայնորեն քննարկմանը եւ քննադատմանը հաջորդեց Ալեն Սիմոնյանի անմակարդակ ու ամբարտավան գրառումը, ուր հեգնեց 132 տարի անընդհատ հայ ժողովրդին եւ հայրենիքին ծառայած Հայ Յեղափոխական Դաշնակցակությանը եւ իր հանգիստ կյանքը թողած եւ հայրենիքում հաստատված Կարենին:

Խորապես վիրավորված ենք բոլորս, եւ վիրավորված պետք է զգա ամեն հայ՝ լինի Հայրենիքի սահմանների մեջ ապրող, թե դրսում, որովհետեւ ոչ թե տհաս մի էակ ողորմելի վերաբերմունք է ցուցաբերել մի քաղաքացու նկատմամբ, այլ որովհետեւ դեպքը լուսարձակի տակ է առնում Հայաստանում ժողովրդավարության նահանջը, մարդու իրավունքների ոտնահարումը, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձերի նկատմամբ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների անհանդուրժողականությունը:

— Հետայսու ինչպիսի՞ն պետք է լինի Սփյուռքի վերաբերմունքը, եւ արդյոք սա ազդակ չպետք է լինի ամբողջ սփյուռքահայությանը:

— Իր այս ազգավնաս, անընդունելի ու դատապարտելի արարքով Սիմոնյանն անարգեց ամբողջ մի Սփյուռք, որը 70 տարի ապրեց անկախ հայրենիք ունենալու երազանքով եւ ունենալուց հետո՝ 32 տարի շարունակ իր ամբողջ ներուժով՝ մարդկային, նյութական, բարոյական, սատարեց հայրենիքի բարգավաճմանը: Ուրեմն՝ թքելու քաղաքականությա՞մբ հետայսու այս իշխանությունը պիտի վերաբերվի Սփյուռքին: Ընդվզում ենք, որովհետեւ սաստումի խոսք է ուղղվում Սփյուռքին, ըստ որի, իրավունք չունենք` հայրենիքի քաղաքականությանը միջամուխ լինելու: Այդ դեպքում՝ հստակ չէ, թե ինչու է նշանակված Սփյուռքի գլխավոր հանձնակատար: Այս բոլորը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ ժամանակն է հասել, որ հայկական Սփյուռքի մեջ գործող բոլոր կառույցները դրսեւորեն հստակ եւ կոշտ դիրքորոշում՝ այս վարչախմբի նկատմամբ՝ արհամարհելով դավաճանների այցը Սփյուռքի հայկական համայնքներ: Կարծում եմ՝ նաեւ Սփյուռքը պետք է դադարի դրամարկղ լինել եւ որոշ ժամանակ զբաղվի իր ինքնակատարելագործումով՝ միշտ սակայն հանուն Արցախի ու Հայաստանի վերելքի:

— Հատկանշական է այն, որ սփյուռքահայերն են միայն նման համարձակություն ունեցել, Ալեն Սիմոնյանի աչքերի մեջ նայելով, ասել՝ դավաճան… Ի՞նչ եզրակացություն պետք է անենք այս ամենից, թե՞ մխիթարվենք նրանով, որ Ալեն Սիմոնյանը իբր վիրավորվում է այս արտահայտությունից:

— «Դավաճան» բնորոշումից «վիրավորվելը», պարզապես, պատրվակ էր Սիմոնյանի համար, որ ինքնահաստատվելու մի փորձ կատարի: Խնդրո առարկա անձն ինչ տեսակի բնորոշում էլ տված լիներ՝ քաղաքական, թե՝ անձնական, ԱԺ նախագահի պաշտոնում կոչվածը նույն վերաբերմունքը պիտի ունենար: Արդեն սա ինքնին ահազանգային է: Երկրիդ ղեկավար դիրք զբաղեցնող պաշտոնատարը քաղաքականորեն տհաս է: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, պիտի չուզեի բաժանարար գծեր գծել հայաստանաբնակ հայության եւ սփյուռքահայության միջեւ: Սփյուռքահայը համարձակություն է ունեցել այս պարագայում, բայց հայաստանաբնակն էլ տարբեր առիթներով է նմանօրինակ ու տարբեր համարձակություններ ունեցել: Իսկ թե ինչո՞ւ մի սփյուռքահայ նման համարձակություն կարող է ունենալ, դրա համար պարտական ենք Սփյուռքը կերտած ղեկավար սերնդի թողած ժառանգությանը եւ Սփյուռքի մեջ ստացած մեր ազգային դաստիարակությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=252715&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան