«8 ԱՄԻՍ Է, ՈՐ ԱՄՆ-ՈՒՄ ԵՄ, ՄԱՐԶՎՈՒՄ ԵՄ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՏ»
ՍպորտՎերջերս ԱՄՆ-ում կայացած Խառը մենամարտերի /MMA / միջազգային մրցաշարի ժամանակ տպավորիչ հաղթանակ է տոնել հայազգի պրոֆեսիոնալ մարզիկ, խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն, MSP չեմպիոնական գոտու տիրակալ ՎՈԼՈԴՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ։
Iravunk.com -ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ Վոլոդյայի հետ, ով այսպես ներկայացրեց հանդիպումը. «Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի ազգությամբ ամերիկացի մրցակցիս։ Մրցաշարը կայացավ ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիկս քաղաքում։ Ես հանդես եմ գալիս 61 կգ քաշային կարգում։
- Վոլոդյա, իսկ ինչ կտա քեզ այս հաղթանակը։ - Սրանով ես կիսաեզրափակիչ փուլ դուրս եկա, օգոստոսի 12-ին կմասնակցեմ եզրափակիչ մենամարտին ու հնարավորություն կստանամ հաղթանակի դեպքում արժանանալ «Գրան պրի Օլիմպիկ» տիտղոսին ու կարող եմ հանդես գալ արդեն UFC - ում։
- Տեղյակ եմ, որ ծնվելով Հայաստանում, երկար ժամանակ ես դրսում։
- Ծնունդով Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից եմ, սակայն 11 տարեկանից ընտանիքով տեղափոխվել ենք ՌԴ Վլադիվոստոկ քաղաք, այժմ էլ ենք բնակվում այնտեղ, սակայն երբեք չեմ մոռանում ծննդավայրս, հաճախ այցելում եմ, հարազատներ, բարեկամներ ունեմ շատ։ Այժմ 26 տարեկան եմ։ Սկզբից զբաղվել եմ ըմբշամարտով, հետո խառը մենամարտերով ։ Բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի եմ մասնակցել, հաղթել ու ամենուր ծածանել եմ մեր երկրի դրոշը։ Պրոֆեսիոնալ ռինգում ունեցել եմ 14 մենամարտ, 11 հաղթանակ և 3 պարտություն։ Ես Մոսկվայի ակումբի հետ պայմանագիր եմ կնքել, ու այդպես ԱՄՆ - ում կայացավ այս մենամարտս։ ԱՄՆ - ն մարզիկների համար շատ ընտիր տեղ է, ամեն հնարավորությունները տալիս են, եթե վնասվածքներ էլ ունենաս, թանկ վիրահատությունների էլ ենթարկվես, այս կազմակերպությունը, որի հետ պայմանագիր եմ կնքել, լրիվ կհոգա այդ ծախսերը։ Մարզիչս Արսեն Ամարովն է։ Արդեն 8 ամիս է ինչ գտնվում եմ ԱՄՆ - ում, պարապում եմ, այստեղ ընկերություն անում մեր անվանի մարզիկների, UFC մարզիկներ, չեմպիոններ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻ և մյուսների հետ։ Այս վերջին հաղթանակս էլ նվիրեցի մեր բոլոր անմահ հերոսներին, հատկապես մեր Լեռնակերտ գյուղի, մինչ օրս անհետ կորած համարվող ՊԱՊ ԱՅՎԱԶՅԱՆԻ և ԲԱՐՍԵՂ ՊՈՂՈՍՅԱՆԻ պայծառ հիշատակին, ովքեր Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ տվեցին ամենաթանկը իրենց կյանքը հանուն մեզ։
- Շնորհակալություն, Վոլոդյա, բացառիկ հարցազրույցի համար։
- Ես էլ եմ շնորհակալ, որ լուսաբանում եք մեր նվաճումները, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

