Ուկրաինայի համար գլխավոր ճակատամարտը շատ մոտ է
ՎերլուծությունԱմեն դեպքում այն, որ մեր տարածաշրջանում (տե´ս https://iravunk.com/?p=252504&l=am) ամեն բան դեռ մնում է կախված ուկրաինական պատերազմից, դա եւս փաստ է: Ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում:
Այս պահին հիմնական ռազմական գործողությունները մնում են հայտնի ուղղություններում: Ամենաթեժը, իհարկե, Բախմուտն է, որը վերածվել է պատերազմական սիմվոլի: Նախագահ Զելենսկին իրեն քանիցս այդ քաղաքի հետ կապել է քաղաքական կապանքներով՝ խոստանալով, որ մինչեւ վերջ այն կպաշտպանի: Արդյունքում, շարունակվում են ռեզերվների հոսքը դեպի Բախմուտ, այսինքն՝ շարունակաբար աճում են նաեւ կորուստները, որոնք այսօր արդեն վեցանիշ թվերով են չափվում: Իսկ ահա ռուսական ուժերից այստեղ միայն «Վագներն» է, որը մասնավոր ռազմական կառույց է, համալրվում է ամենեւին էլ ոչ միայն ռուսական մոբիլիզացիոն ռեսուրսի հաշվին, այլ մեծ չափով՝ դրսից: Բնականաբար, կորուստներն էլ մեծ մասամբ ՌԴ-ի հաշվին չեն: Ամեն դեպքում, Բախմուտի մոտ 80 տոկոսը, այդ թվում՝ կենտրոնական հատվածը «Վագների» վերահսկողության տակ է, իսկ դա նշանակում է, որ Զելենսկին քաղաքի անկման արդյունքում պետք է ծանր քաղաքական հարվածի պատրաստվի:
Ռուսական ուժերը նման մի «կաթսայի» վիճակ են ստեղծել ուկրաինացիների մեկ այլ հիմնական պաշտպանական հանգույցի՝ Ավդեեւկայի շուրջ: Օղակի հեռանկարն ուրվագծվում է նաեւ Դոնբասի հյուսիսային հատվածում՝ Սեւերսկ քաղաքի շուրջ:
Սակայն այս ամենը նաեւ կարելի է «տեղական նշանակության մարտեր» համարել, որոնք մի կողմից՝ էապես հյուծել են Ուկրաինայի պաշտպանունակությունը եւ արեւմտյան զինանոցները: Մյուս կողմից, Ռուսաստանը քիչ տեսանելի, սակայն գերակտիվ տեմպերով տեղափոխվում է ռազմական ռելսերի, այդ թվում՝ տնտեսության մասով: Եվ այս ֆոնին կողմերն ակնհայտորեն պատրաստվում են վճռական բախման, եւ հենց սա է ամենահիմնական դրվագը:
Վերջին շաբաթներին ակնհայտ է, որ ԱՄՆ-ն համառորեն Կիեւին մղում է «մեծ հակահարձակման»: Ավելին, անգամ կոնկրետ ուղղությունների մասին են խոսում, ինչը ռազմական առումով, իհարկե, աբսուրդ է. հարձակումից առաջ ասել, թե՝ պատրաստվեք, այս օրվա այս ժամին կգանք, պատրության ամենակարճ ճանապարհն է: Սակայն այդ աբսուրդին ամերիկացիները գնում են, որն իր բացատրությունն ունի: Նախ, որքան կկարողանա ԱՄՆ-ն իր դաշնակիցներին պարտադրել՝ ֆինանսավորել Զելենսկուն, մեծ հարց է՝ թեկուզեւ Ֆրանսիայի իրադարձություններից ելնելով:
Դրանից զատ, ստրատեգիական իրավիճակի կտրուկ շրջադարձ էր Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշումը: Հասկանալի է, դա չի նշանակում, որ ռուսական միջուկային զենքն այդպիսով մոտեցավ Եվրոպային: ՌԴ Կալինինգրադի մարզը Բելառուսից էլ ավելի արեւմուտք է, այնտեղից արդեն իսկ կարող է ողջ հյուսիսային Եվրոպան թիրախավորվել: Սակայն Բելառուսում միջուկային զենք տեղակայելը այն ազդակն էր, որ Ռուսաստանը սկսում է այդ առումով իր սահմաններից դուրս գալով՝ ծավալվել: Իսկ տակտիկական տեսանկյունից Բելառուսը Ուկրաինայի եւ Կենտրոնական Եվրոպայի վրա կախված տիրույթ է, որտեղից նաեւ հնարավոր է շատ արագ ճեղքել՝ հասնել Կալինինգրադ: Կարճ ասած, սա Եվրոպայի համար ծայրահեղ լուրջ ազդակ է, եւ դա եւս սկսել է արագորեն ազդել ուկրաինական ուղղությամբ ամերիկյան ռազմավարության վրա:
Ասենք, հենց ԱՄՆ-ում եւս վիճակը լուրջ է: Գնացել են պատմական աննախադեպ քայլի՝ երկրի նախկին նախագահին քրեական մեղադրանք ներկայացնելու: Ընդ որում, բոլորն են հասկանում՝ Սպիտակ տունը լավ օրից չէ, որ նման ծայրահեղությունների է գնում, ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ եթե Թրամփին հաջողվի հասնել ընտրարշավի մեկնարկին, ապա նրան կանգնեցնել արդեն չեն կարող: Չնայած, գլխին քրեական ակնհայտորեն սարքովի գործ կախելն էլ ելք չէ. դրա հաշվին Թրամփի վարկանիշը կտրուկ վեր թռավ, ու հիմա մեծ հարց է, թե Սպիտակ տունն ինչպես է դրա տակից դուրս գալու:
Վերջապես, ամենամեծ խնդիրը: Չինաստանը, փաստացի, կտրուկ ակտիվացել է հակաամերիկյան տիրույթում, ընդ որում՝ գործողության մեջ դնելով ամենավտանգավոր զենքը՝ արժույթը: Այն, որ արագ տեմպերով աշխարհում ընթանում է դոլարից յուանի անցում, արդեն տեսանելի է բոլորին: Ամեն դեպքում, յուանն արդեն իր գլոբալ ծավալներով անցել է նաեւ եվրոյից, որը եւս մեծ հարված է դոլարին: Սրանից զատ, ակտիվորեն սեփական արժույթով առեւտրի է սկսել անցնել նաեւ Հնդկաստանը, եւ երբ այդ երկու խոշորագույն երկրները հետ են քաշվում դոլարից, արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ է դառնում:
Այսպիսով, այս պահին Վաշինգտոնի գլխավոր խնդիրը դարձել է ժամանակը: Այսինքն, այս տարվա մոտ երկրորդ կեսին թվարկված բոլոր գործընթացները՝ Թրամփի հաղթարշավից մինչեւ յուանի ուժեղացում, կանցնեն անվերադառնալիության կետը, որի դեպքում հազիվ թե Վաշինգտոնը կարողանա Ուկրաինան պահել առաջին պլանում: Եթե չկարողանա, ռուսները շատ արագ առաջ կշարժվեն, ու դա վերջն է:
Այսինքն, հիմա է պետք հարձակվել, ուկրաինական հաջողությունները ԱՄՆ-ին կտան գլխավորը՝ ժամանակ: Բայց մյուս կողմից էլ, հարձակվել ասածը դեռ չի նշանակում հաջողություն: Ավելին, անգամ ամերիկյան հեղինակավոր զինվորականներն են խոստովանում՝ շանսերը շատ փոքր են: Չնայած, դա կերեւա մարտադաշտում: Այս պահին ֆիքսենք, որ Ուկրաինայի համար գլխավոր ճակատամարտը շատ մոտ է՝ շաբաթներ: Ու հենց դրա ընթացքն է, որ կտա վերջնական լուծումը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

