Հայ եկեղեցին մշտապես եղել է հավատքի, հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց. Տ. Արարատ քահանա Պողոսյան
Հանդիպում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչության մասի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր միանգամայն արդիական է հիշել պատերազմների տեսության մասնագետ Մ. Վոլզերին, ում կարծիքով՝ հարձակումն այն միակ հանցագործությունն է, որը պետությունը կարող է կատարել մեկ այլ պետության դեմ: Ըստ հոգեւորականի, դեռ հին ժամանակներից մարդկային հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական առաջընթացին զուգահեռաբար զարգացել է նաեւ ռազմական ոլորտը: Հին աշխարհի պետական կազմավորումները նոր տարածքներ նվաճելու, ռազմագերիներ ու ռազմավար վերցնելու եւ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար՝ ձեռնարկել են իրենց հարեւան երկրների վրա հարձակումներ:
«ՀԱՐՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԵԼ ՆԱԽՈՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՏԱԾ ՁԵՎԵՐՈՎ»
– Տեր հայր, ստացվում է, որ 21-րդ դա՞րն էլ առանձնապես չի տարբերվում Հին աշխարհից, մինչդեռ առաջադեմ հասարակությունը տարբեր ամբիոններից տարիներ շարունակ ելույթներ էր ունենում՝ հարցականի տակ դնելով ընդհանրապես մշտական բանակ ունենալ-չունենալը:
– Աներկբա իրողություն է, որ թեեւ աշխարհն այսօր միանշանակորեն տարբերվում է նախորդ դարերից, այդուհանդերձ պետությունները միմյանց միջեւ ծագող հարցերը շարունակում են լուծել նախորդ դարերում ընդունելություն գտած ձեւերով` զենքի եւ բռնության միջոցով: Այնպես որ, Ձեր հարցի պատասխանը եւս տրվել է դեռեւս Հին աշխարհում. օրինակ՝ Արիստոտելն իր նշանավոր «Պոլիտիկա» աշխատության մեջ գրում է. «Պետություններին անխուսափելիորեն հարկ է լինում օգտագործել այնպիսի զինված ուժեր« որոնք պիտանի են ոչ միայն իրենց տարածքի պաշտպանության, այլեւ դրանից դուրս գտնվող վայրերում գործելու համար: Եթե անգամ որեւէ մեկը հավանություն չի տալիս նման կենսակերպին` ո՛չ մասնավոր, ո՛չ հասարակական, այդուհանդերձ պետք է թշնամիներին երկյուղ ներշնչել ոչ միայն երկիր նրանց ներխուժելու դեպքում, այլեւ այն ժամանակ, երբ նրանք հեռու են»:
– Հետաքրքիր է՝ իսկ քրիստոնեական եկեղեցու հայրերը Հին աշխարհում անդրադարձե՞լ են պատերազմներին:
– Դեռեւս Հին աշխարհում ստեղծվել են ռազմական ոլորտի վերաբերող բազմաթիվ գրավոր աշխատություններ, օրինակ` Չինաստանում Ք. Ա. 6-5-րդ եւ 4-րդ դարերում, իսկ քրիստոնեական աշխարհում պատերազմների հարցը արծարծել են եկեղեցական հայրերից Օգոստինոս Երանելին, Թովմա Աքվինացին եւ ուրիշներ:
«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
– Ի՞նչ կասեք մեր օրերում տեղի ունեցող պատերազմների ձեւի եւ բովանդակության մասին:
– Մեր օրերում թշնամի պետությունները փորձում են մինչեւ բացահայտ առճակատման գնալը՝ հակառակորդի մասին հավաքել սպառիչ տեղեկություններ: Թշնամու մասին ճշգրիտ տեղեկությունների ձեռքբերումը եւ հակառակորդին ու մյուսներին իր մասին ապակողմնորոշիչ ու կեղծ լուրերի հաղորդումը հաճախ նախքան զենքի դիմելը ապահովում են պատերազմի հաղթական ավարտը: Եթե փորձենք ընդհանրացնել, կարող ենք վստահաբար մատնանշել, որ 21-րդ դարում պատերազմներն ընթանում են նաեւ տեղեկատվական դաշտում, հատկապես` համացանցում: Նշենք, որ Հայաստանի պարագայում Հայաստանի եւ Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի վարած տեղեկատվական պատերազմում առկա են համամարդկային բարոյական սկզբունքների եւ արժեքների դեմ կիրառվող գրեթե բոլոր միջոցները:
– Մեր հոգեւորականներն այս պատերազմական օրերին հայ զինվորի ու կամավորի կողքին են: Ո՞րն է պատերազմների վերաբերյալ Հայ եկեղեցու դիրքորոշումը:
– Հայ եկեղեցու դիրքորոշումը եղել, մնում եւ մնալու է խաղաղասիրությունը: Սակայն Հայ եկեղեցին, երբեւէ չհեռանալով քրիստոնեական եւ համամարդկային բարոյական արժեքներից՝ մշտապես եղել է ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլեւ Հայրենիքի եւ ազգի համար պայքարող կառույց: Հենց դա է նրա` ազգային նկարագիր ձեռքբերելու բացառիկ իրողությունը: Հանուն հայրենիքի եւ հավատքի մղված պայքարին Հայ եկեղեցին մասնակցեց դեռ 4-րդ դարի սկզբներին: Հայ ժողովրդի ազատատենչությունն ու ազատ ոգու կամքը լավագույնս դրսեւորվեցին դրանից մեկ դար անց` Ավարայրի դաշտում: Հենց այստեղ հայկյան ազատատենչության ոգու կրող քաջարի Վարդանանք մեկընդմիշտ խորտակեցին բելյան բռնատիրության կապանքներն ու շղթաները` այսպիսով արդարորեն սուրբ պատերազմներով հաստատելով պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու իրենց իրավունքը:
«ՄԻԱՆՇԱՆԱԿ Է« ՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՋԱՐԻ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ԵՐԿԻՐԸ»
– Տեսականորեն եւ գաղափարապես հիմնավորվա՞ծ է Հայ եկեղեցու դիրքորոշումը պատերազմների վերաբերյալ:
– Ավարայրից հետո հայ ազատագրական պայքարը գործնականից անցում կատարեց դեպի գաղափարական-տեսական դաշտ` իր բյուրեղացած արտահայտությունն ստանալով հատկապես 5-րդ դարի հայ մշակույթի մեջ, որի ստեղծողները եւս Հայ եկեղեցու ծոցում մեծացած եւ քրիստոնեական հավատքով ու գաղափարներով լցված հոգեւորականներ էին: Նշենք, սակայն, որ այդ դարաշրջանի հարուստ մատենագրական ժառանգության մեջ հայ ազատագրական պայքարի գաղափարի տեսական հիմնավորումներով աչքի են ընկել Եզնիկ Կողբացին եւ Եղիշեն: Ընդսմին Եղիշեն ներկայացնում է ազատագրական պայքարի նկատմամբ ոչ միայն իր անձնական« այլեւ Հայ եկեղեցու բոլոր ժամանակների դիրքորոշումը, որից առ այսօր Հայ եկեղեցին դույզն ինչ չի շեղվել. «Եղիշեն մարդու գործունեության հիմքում դնում է նրա անշահախնդիր սերը հօգուտ հասարակական բարիքի, այն սերը, որը նախ եւ առաջ արտահայտվում է հայրենիքին անձնազոհ նվիրվածության մեջ իր ժողովրդի ազատության պաշտպանության գործում»: Եղիշեի հասկացությամբ՝ հերոսն այն մարդն է, որն ընկալել է մեծ ճշմարտությունն այն մասին, թե` «մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է: Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ. իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ»: Ուրեմն, ըստ Եղիշեի, մահը հանուն հայրենիքի՝ անմահություն է:
– Կարծում եք՝ հավելյալ ուժ եւ հոգու անկոտրում կա՞մք է տալիս այն, որ մեր զինվորը գիտի, թե հանուն ինչի եւ ում համար է պայքարում:
– Իհարկե: Այսօր զինվորի, առավել եւս` քրիստոնյա զինվորի համար անհրաժեշտություն է իմանալ, թե ինչի եւ ում համար է կռվում, արդյոք իր պայքարն արդարացի է« թե՝ ոչ: Հենց այստեղ էլ առաջ է գալիս քրիստոնյաների (եւ ոչ միայն) մղած պատերազմների, ազատագրական պայքարի արդարացի եւ սուրբ լինելը: Հայրենիքի եւ հայրական օջախի պաշտպանության համար մղվող պատերազմը սիրո ամենաբարձր դրսեւորումն է, որի մասին վկայեց Ինքը՝ Հիսուս Քրիստոս. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Միանշանակ է, որ քրիստոնյա Հայաստանի քաջարի բանակը պետք է պաշտպանի իր երկիրը, հավատը, անկախ պետականությունը եւ ժողովրդին՝ նոր ոգով` թշնամու անձի նկատմամբ նոր մոտեցմամբ, որովհետեւ Աստվածաշունչն ասում է. «Լուարուք ապաքէն զի ասացաւ. Սիրեսցե՛ս զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո: Այլ ե՛ս ասեմ ձեզ. Սիրեցէ՛ք զթշնամիս ձեր. օրհնեցէ՛ք զանիծիչս ձեր. բարի՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօ՛թս ի վերայ այնոցիկ` որ լլկե՛նն զձեզ եւ հալածեն…» (Մատթ. Ե. 43–45):
«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՄԵՆԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՅՆ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ, ՈՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԴԱՐ Է ԵՎ ՍՈՒՐԲ»
– Տեր հայր, արդյոք վերոնշյալ մեջբերված տողերը չեն հակասում պատերազմելուն:
– Ցավոք, այս եւ մի շարք այլ նմանատիպ սուրբգրային վկայություններ տեղիք են տվել այլակարծությունների եւ թյուրըմբռնումների, որոնք պարզապես սխալ եւ կամայական, իսկ երբեմն էլ գիտակցված դիտավորություն ունեցող մեկնաբանությունների եւ սուբյեկտիվ վերաբերմունքի արդյունք են: Ուստի՝ անհրաժեշտ է լուսաբանել Հայ Եկեղեցու դիրքորոշումը, որը թեեւ պատերազմների, արյունահեղությունների նկատմամբ մշտապես եղել է խիստ ու մերժողական. «զի ամենեքեան` որ սո՛ւր առնուցուն` սրո՛վ անկցին» (Մատթ. ԻԶ. 52), ինչը, սակայն, չի նշանակում, թե Հայ Եկեղեցին դեմ է հանուն հավատքի, սրբության եւ սրբավայրի, մերձավորի կյանքի պաշտպանության, արդարության եւ ազատության վերականգնման մղված պատերազմներին. «Մի՛ համարիք եթէ եկի արկանել խաղաղութիւն յերկիր. ո՛չ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր» (Մատթ. Ժ. 34): Քրիստոս ասում է. «Ե՛ս եմ հովիւն քաջ» (Յովհ. Ժ. 11): Իսկ Հայ Եկեղեցին ոչ այլ ինչ է, եթե ոչ Քրիստոսի ներկայությունն Հայոց աշխարհում. «զի դո՛ւ ես վէմ, և ’ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ» (Մատթ. ԺԶ. 18): Եվ Քրիստոսի վկայությամբ` «ընդ ձե՛զ եմ զամենայն աւուրս` մինչեւ ’ի կատարած աշխարհի» (Մատթ. ԻԸ. 20): Հայ Եկեղեցին ոչ միայն Քրիստոսի ներկայությունն է մեր աշխարհում, այլեւ նրա գործի շարունակողը, հետեւաբար չի կարող չհետեւել տերունական խոսքին` «հովիւ քաջ զա՛նձն իւր դնէ՛ ’ի վերայ ոչխարաց» (Յովհ. Ժ. 11), եւ հոգ չտանել իրեն վստահված բանավոր հոտի հոգեւոր ու մարմնավոր պաշտպանության մասին: Չէ՞, որ հենց Քրիստոսի կյանքն ինքնին մի յուրօրինակ զոհաբերություն էր հանուն մարդկության փրկության, չարից ազատագրության եւ արդարության հաստատման. «զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց» (Յովհ. Ժ. 15): Ուրեմն՝ Հայ Եկեղեցին ամենայն իրավունքով կարող է լինել այն բանակի կողքին, որի պատերազմն արդար է եւ սուրբ:
– Փաստորեն, Ավարայրից հետո մինչեւ օրս Հայ եկեղեցու վերաբերմունքը չի՞ փոխվել պատերազմների մասին:
– Իհարկե, չի փոխվել: Ավելին՝ Ավարայրին հաջորդեցին Վահանանց, արեւմտահայության ինքնապաշտպանության, Սարդարապատի, Արցախի անցյալի եւ մերօրյա հերոսամարտերը: Եվ այսպես դար ու դարեր կռվեցինք, դար ու դարեր «վասն Հիսուսի, վասն հայրենյաց» մաքառեցինք, որ Վարդանանց թափած արյունից միշտ վարդ-կակաչներ բացվեն, որ Վարդանանց ոգին ամեն հայի կրծքում բողբոջի, որ Վարդանանց հավատը ամեն հայի սրտին անձրեւի` որպես անձկալի շնորհ եւ աստվածատուր օրհնություն:
«ՎԻՃԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ»
- Այսօր գոյություն ունի արդարացի պատերազմների տեսությունը. անցյալի եւ այսօրվա հանուն Հայրենիքի մեր մղած պատերազմը կարելի՞ է համարել այդ սկզբունքների դաշտից:
– Հայ ազատագրական պայքարում (թե՛ միջնադարում, թե՛ մեր օրերում) Հայ Եկեղեցին առաջնորդվել է ոչ միայն բացառապես քրիստոնեական, այլեւ համամարդկային բարոյականության չափանիշներով: Բնականաբար, միջնադարում ազգային ազատագրական պայքարի կամ պատերազմի ժամանակ համամարդկային գաղափարների կիրառությունը չէր դիտվում որպես պատերազմ սկսելու կամ վարելու առաջնային պայման, թեեւ հայտնի է, որ դեռ հին ժամանակներում գոյություն են ունեցել պատերազմելու օրենքներ եւ կանոններ: Իսկ արդեն մեր օրերում` 20–21-րդ դարերում, արդարացի պատերազմ սկսելու եւ վարելու տեսության ու չափանիշների վերաբերյալ ստեղծվել է բավական հարուստ գրականություն, այդ չափանիշները ստացել են կանոնական ուժ եւ ամրագրվել միջազգային իրավունքի նորմերով: Այստեղ, բնականաբար, վիճարկման ենթակա չէ հայ ազատագրական պայքարի եւ դրանում Հայ Եկեղեցու ներգրավվածության արդարացի լինելու հանգամանքը: Սակայն, եթե փորձենք նույնիսկ մեր օրերում ընդունելություն գտած արդարացի պատերազմ սկսելու չափանիշները (jus ad bellum) համադրել հայ ազատագրական եւ ինքնապաշտպանական պայքարի գաղափարների հետ, ապա կտեսնենք, որ նույնիսկ մեր օրերի համամարդկային չափանիշները, ամբողջապես ընկած են եղել եւ են հայ ազատագրական պայքարի թե՛ գաղափարական, թե՛ գործնական հարթությունների հիմքերում, ինչը բնականբար չենք կարող ասել թուրք-ադրբեջանական ագրեսորների վարած անմարդկային պատերազմների վերաբերյալ։
– Այս պատերազմը կարելի՞ է ինչ-որ տեղ համարել կրոնական:
– Միանշանակ՝ ոչ: Սա պարզ ազգամիջյան պատերազմ է՝ հայը պայքարում է թուրքի եւ ադրբեջանցու դեմ: Մենք պայքարում ենք մեր պատմական Հայրենիքում, որտեղ առ այս պահը անընդհատ ապրել ենք, ազատ ու անկախ ապրելու բնական եւ բնատուր իրավունքի իրացման համար: Նշենք, որ նման երանգ ցանկացել են հաղորդել դեռեւս 1988-1994թթ. -ին՝ Արցախյան հերոսամարտի ժամանակ: Այդ օրերի կրոնական առաջնորդները լավ ըմբռնելով նման մտայնության երկուստեք աղետաբեր ու կործանարար լինելը՝ ձեռնարկել են կանխագելիչ քայլեր: Մասնավորապես՝ հիշատակելի են 1988թ. Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի կրոնական առաջնորդների համատեղ ուղերձը՝ ուղղված իրենց հավատացյալներին եւ 1993թ.-ին Վազգեն Ա կաթողիկոսի եւ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի համատեղ հայտարարությունն՝ առ այն, որ այդ պատերազմը չի կրում կրոնական բնույթ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252469&l=am/