Մեր ձայնը բարձրացնենք ի պաշտպանություն Կիեւ-Պեչերսկի Լավրայի միաբանության եւ նրա հավատացյալ հոտի
ՄիջազգայինՀայ ազգը շատ է սիրում ներկայանալ աշխարհին` քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգ: Նաեւ շատ է սիրում եկեղեցիներում մոմ վառել: Սիրում է նաեւ Ծաղկազարդի տոնին զարդարել մանուկներին ծաղկեպսակներով, ավելի ճիշտ՝ ուռենու դալար ճյուղերից հյուսած պսակներով: Եվ դա լավ է ու ուրախացնում է: Այսօր մենք մտանք Ավագ Շաբաթ՝ հավատացյալի համար կարեւորագույն ու խորհրդավոր շաբաթ: Այս շաբաթ նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում մասնակցել առավոտյան եւ երեկոյան ժամերգություններին, անպայման այցելում են եկեղեցի իրենց հարմար ժամի եւ աղոթք հղում առ Աստված: Աղոթքն այսօր շատ կարեւոր է...
Ամբողջ աշխարհում աստվածամերժ պատերազմ է գնում, այո՛, ես չեմ գրում պայքար, այլ հե՛նց պատերազմ: Ամբողջ աշխարհում տիրող իրադարձություններն ընդամենն այդ պատերազմի դրսեւորումներն են: Նույնիսկ իրենց քրիստոնյա հորջորջող եկեղեցիներն ընդունում են միասեռ ամուսնությունները, հայտարարում են, որ այլեւս աղոթքի ժամանակ պետք չէ ասել. «Հայր մեր», քանի որ դրանք արդեն հասան՝ մեղա Քեզ, Տեր Աստված, Բարձրյալի սեռի պատկանելությանը: Եվ այդ ուժերի համար մեծագույն վտանգ են ներկայացնում այն քրիստոնյաները, որոնք կանգնած են հազարամյակներով պապերից ավանդած պատվիրանների վրա: Միշտ հարգանքով եմ վերաբերվել այլ կրոնների՝ մահմեդականություն, հուդաիզմ, բուդդիզմ, եւ ակնկալում եմ, որ նույն հարգանքը պետք է դրսեւորվի եւ քրիստոնյաների հանդեպ:
Այսօր Ուկրաինայում վտանգված է Կիեւ-Պեչերսկի Լավրան, պատերազմող երկիրն էլ ավելի կարեւոր գործ չուներ, քան թե 200 հոգուց բաղկացած միաբանության վանականներին դուրս շպրտել թե՛ իրավաբանորեն, թե՛ բարոյապես իրենց պատկանող տաճարից: Համացանց գցած տեսահոլովակները սահմռկեցուցիչ են՝ կարծես հայտնվել ենք առաջին դարում, երբ քրիստոնյաներին գցում էին վայրի գազանների դիմաց: Անկեղծ եմ ասում, այդ երկոտանի մարդ կոչվածների դեմքներին նայելով` ակամա պատկերացնում էի գիշատիչ կենդանիների, որոնք հոշոտում էին առաջին դարի եւ ոչ միայն քրիստոնյաների: Բաց արեք համացանցը եւ ինքներդ նայեք, թե ինչպես են ծաղրում քրիստոնյա հավատացյալներին, թե ինչպես Կիեւ-Պեչերսկի Լավրայի Վանահայր միտրոպոլիտ Պավելին հենց եկեղեցում բանտարկում են եւ ոտքին ռադիոսարքավորումով ոտնապարանջան հագցնում: Թե ինչպես են տաճարներում սուլոցի տակ պարում, կամ իրենց շան հետ՝ երկու թաթից բռնած, «աղոթքի» կանգնում...
Ես կարծում եմ` այս բոլորը փորձություն է... Փորձություն է ոչ միայն 988 թվականին հայուհի Աննայի միջոցով քրիստոնեությունն ընդունած սլավոնական ազգի համար... Այս իրավիճակը փորձություն է ամենքիս համար... Անհավատները հատուկ ընտրել են հենց այս Պահոց շրջանը՝ իրենց նենգ ու ստոր գործերի համար... Ամենքս մեզ պատասխան տանք, իսկ ինչպե՞ս կվարվեի ես այդ իրավիճակում՝ խուճապահար, ժողովրդի լեզվով ասած՝ «շառ ու փորձանքից հեռու» կհեռանայի տաճարից, թե՞ տոկուն ու աննկուն կկանգնեի եւ կպաշտպանեի նախնիներիս ժառանգությունը:
«Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն», - Ավետարան՝ ըստ Մատթէոսի (7:16): Ծառը պտղով են ճանաչում, մարդուն գործերով...
Հայե՛ր ջան, եկեք ապացուցենք, որ փուշ ու տատասկ չենք, այլ պտղատու, աստվածահաճո ծառ ենք եւ իսկապես իրավունք ունենք կրելու «քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ» պատվավոր, բայց նաեւ պարտավորեցնող կոչումը, եւ՝ որպես թեկուզ քանակով փոքրիկ, բայց հավատքով մեծ ու անկոտրում ազգ մեր ձայնը բարձրացնենք՝ ի պաշտպանություն Կիեւ-Պեչերսկի Լավրայի միաբանության եւ նրա հավատացյալ հոտի:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252319&l=am/

