Թուրքը Ծիծեռնակաբերդում «ղժժում է» մեր ազգի վրա, բայց մինչեւ այսօր քրգործ չէր հարուցվել. Սեմյոն Բաբայան
Հանդիպում
Դեռեւս նախորդ տարվա հուլիսին լայն արձագանք գտավ համացանցում հայտնված «Գորշ գայլերի» համակիր մի թուրք բլոգերի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է նա, Ծիծեռնակաբերդում գտնվելով, ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ցինիկաբար հայտարարում, թե հուշահամալիրը կրկես է: Այս պատմությունը շատերն են հիշում, բայց քչերը գիտեն, թե ինչ եղավ հետո, որովհետեւ միայն օրերս է ձեռնարկվել քրեական վարույթ, եւ անմիջապես ձեռնամուխ են եղել քննության կատարմանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ փակագծեր է բացել պահեստազորի փոխգնդապետ, «Հանրային ազդարար» ՀԿ նախագահ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
— Որքանով տեղյակ ենք, Ձեր բողոքի հիման վրա է այսքան ժամանակ անց նոր միայն հարուցվել քրեական վարույթ թուրք բլոգերի նկատմամբ: Ինչո՞վ էին զբաղված այսքան ժամանակ իրավապահները:
— Նախ պատմեմ, թե ինչ եղավ նախորդ տարվա օգոստոսին: Հանրապետության հրապարակում զբոսնելիս տեսնում եմ երեք թուրքի, որոնք թուրքերեն խոսելով` հանգիստ քայլում են: Նրանցից մեկին նմանեցրի այդ նույն սրբապիղծին, ով տեսանյութ էր հրապարակել Ծիծեռնակաբերդից: Մոտեցա ոստիկանին եւ ասացի, որ սա «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող այդ թուրքն է, որը հայհոյում էր մեր նահատակվածների հիշատակը ու Ծիծեռնակաբերդն անվանել էր հայերի համար կրկես, ժխտել էր ցեղասպանության իրողությունը եւ մի շարք այլ տեսանյութեր էր հրապարակել նաեւ Գառնիից ու Գեղարդից եւ երեւանյան փողոցներից: Ոստիկանն ասաց, թե` «կներեք, ես պոստ եմ պահում, հրապարակում, իրավունք չունեմ» (կառավարության մուտքի մոտ հերթապահողներից էր): Ինքս սկսեցի այդ թուրքին հետապնդել` հասկանալով, որ ոստիկանը այդ մասին չի զեկուցել իր վերադասին` դասակի, վաշտի հրամանատարին, նա էլ պարեկային ծառայության պետին, ՊՊԳՎ պետին, որ իրենք էլ զեկուցեին ոստիկանապետին: Նաեւ միանգամից զանգահարեցի 1.02` տեղեկացնելով, որ այդ թուրքին եմ հայտնաբերել եւ հետապնդում եմ:
— Եվ հաջողվե՞ց Ձեր ահազանգի հիման վրա բռնել այդ թուրքին:
— Այդ երեք թուրքերը մտան «Երեւան սիթի», նորից զանգահարեցի ոստիկանություն եւ միայն 17 րոպեից հետո ժամանեցին պարեկները: Մոտենալով ինձ` ասացին` դե մտնենք պարոն Բաբայան: Ասացի` հոպ, տղա ջան, լրի՞վ անգրագետ եք, երկու մուտք ունի խանութը, մեկդ կանգնեք մուտքի մոտ, իսկ մյուսդ իմ հետ մտնենք խանութ: Խանութում մոտենում ենք աշխատակցուհուն եւ ասում, որ շուտ ժողովրդին հանի: Պարզում ենք, որ ալկոհոլի բաժնում է, մոտեցանք, ոստիկանը ներկայացավ ու իրեն տարանք, իսկ նրա ընկերներին ոստիկանները բաց թողեցին: Ի դեպ, նրանց հարցրին` անձնագիրն ո՞ւր է, ասացին, թե հյուրանոցում է, ու թռան:
— Իսկ խանութում գտնվողները իմացա՞ն, թե ում հետեւից է եկել ոստիկանությունը: Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը:
— Ժողովուրդը, երբ իմացավ, որ այդ թուրքն է, ուզում էին ծեծել, ես թույլ չեմ տվել` ասելով, որ նա դեռ կասկածյալ է: Բացի այդ, չմոռանանք, որ Թուրքիայում էլ հայեր կան, չպետք է բռնություն կիրառել: Սակայն ամենակարեւորն այլ է: Երբ տանում ենք նրան Կենտրոնի ոստիկանություն, անձնագիրը բերում են եւ հարցաքննում, ու զարմանալիորեն պարզվում է, որ համակարգիչ ու մահակ ունեցող պարեկները չունեն անգամ այդ կասկածյալի անուն-ազգանունն ու այլ տվյալներ: Մինչդեռ նա է, թե` ոչ, կարող էինք նախքան քաղմաս բերելը որոշել:
— Փաստորեն, ստացվում է, որ անգամ հետախուզո՞ւմ չէր հայտարարված թուրք բլոգերի դեմ:
— Այո՛, եւ այդ պահին հարց առաջացավ` կարո՞ղ է քրեական գործ էլ չի հարուցվել թուրքի հանդեպ: Հարցնում եմ ոստիկանությանը, ասում եմ` քրեական գործ չկա: Դրա համար էլ ինքս եմ հաղորդում տալիս եւ ինձ կանչում են Մալաթիայի ոստիկանության բաժին, անգամ թուրքերենի մասնագետ են բերում, որ մեկնաբանի տեսանյութերում հնչող այդ բլոգերի ասածները: Սակայն քրեական գործ այդպես էլ չի նախաձեռնվել, որովհետեւ եթե նախաձեռնվեր, իրեն պետք է հարցաքննեին, մինչդեռ նա, ուղղակի, «թռել է»:
— Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա որոշեցին քրեական վարույթ ձեռնարկել:
— Բազմիցս դատախազությունում բողոքարկում եմ ներկայացրել: Ինձ ասում էին` «էդ թուրքը, որ գա, անպայման իրեն կբռնենք, քրեական վարույթ կնախաձեռնենք», այսինքն` էշ մի սատկի, գարուն կգա: Ես նաեւ հանդիպել եմ Երեւան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի հետ, ով հանդիպմանն ուշացել էր մեկուկես ժամ: Նա դատախազ Արբակ Զաքարյանին հարց տվեց, թե ինչու քրեական գործ հարուցված չէ, վերջինս ասաց` կարծեմ կա հարուցված: Ես էլ ասացի` թույլ տվեք զեկուցեմ, տիկին քաղաքի դատախազ, քրեական վարույթ չկա, չի նախաձեռնվել: Նա ասաց, որ կզբաղվի այդ հարցով: Այս ընթացքում բազմակի բողոքարկումներ եմ ներկայացրել, ասել եմ, որ խոսք է տվել այդ հարցով զբաղվել` մինչեւ որ օրերս ստացա նամակ, որտեղ նշված է, թե քրեական վարույթը նախաձեռնվել է: Ըստ ծանուցագրի` ինձ ներգրավել են` որպես վկա, եւ հորդորել ներկայանալ փաստաբանով:
— Իսկ փաստաբան ինչի՞ համար:
— Երեւի մտածում են, թե կեղծ մատնություն եմ արել այդ «սուրբ» «Գորշ գայլ» տղու դեմ, հետո` հետո տակից ինչպե՞ս եմ դուրս գալու: Մինչդեռ այս դեպքում գործ ունենք տարրական անգործության հետ: Այսինքն` հայաստանյան իշխանություններն այսօր ամեն ինչ անում են ոչինչ չանելու համար: Եթե կա ինչ-որ խնդիր քրեական գործ հարուցելու կամ հանրային հետապնդում սկսելու, խուսափում են անել, եթե վերադասից հրահանգ չէ: Քանի որ սա հանրային խնդիր է, նաեւ Ազգային ժողովում եմ տեղյակ պահել, որոշ պատգամավորներ ոգեւորվեցին, բայց մի օր է տեւում իրենց ոգեւորվելը: Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ թուրքը Ծիծեռնակաբերդում «ղժժում է» մեր ազգի վրա, ոստիկանությունից հարցնում են` բայց քրեական օրենսգրքով ի՞նչ է խախտել: Ես էլ իրենց եմ հարց տալիս` ե՞ս պետք է ասեմ: Ինչեւէ, իմ բազմաթիվ բողոքարկումները կարեւորը, որ արդյունք տվեցին, երեւի «հայու գենը» զարթնեց մեր դատախազների մեջ, եւ գործը հարուցվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252128&l=am/