Ինքնիշխանությունը դաշնակից երկրների ղեկավարների դեմ հիմար հայտարարություններ անելը չէ՛. Վարդանյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ` մենք հայացքն ուղղում ենք Ռուսաստանին եւ պահանջ ներկայացնում` այն ֆոնին, երբ իշխող կուսակցության պատգամավորներից մեկն ասում է` եթե Ռուսաստանի նախագահը գա այստեղ, պիտի ձերբակալվի:
— Ես ավելի լավ առաջարկ ունեմ: Իսկ գուցե, միանգամից Չինաստանի՞ն էլ պատերազմ հայտարարենք, ԱՄՆ նախագահին նույնպես ասենք` եթե գաս, կձերբակալենք, որ հետո ասենք` որեւէ այլ շանս չկա, ոչ մեկը մեզ չի պաշտպանում, էլ ի՞նչ անենք բացի հանձնվելուց: Խնդիրն այն է, որ ինքնիշխանությունը եւ հակառուսականությունը խառնել ենք իրար: Ինքնիշխան պետությունը կարողանում է իր տարածքում, իր սարերի վրա մասունքներ չթողնել, գնալ, այդ մասունքները դուրս բերել, կարողանում է այնպես անել, որ թշնամական զորքերը ամիսներով իր տարածքում չմնան: Ինքնիշխանությունը հայերի իրավունքները պաշտպանելն է, որպեսզի թշնամին չկարողանա գալ ու քո ճանապարհներն օկուպացնել: Ինքնիշխանությունը դաշնակից երկրների ու նրանց ղեկավարների դեմ հիմար հայտարարություններ անելը չէ, սպառնալը չէ:
— Իսկ ի՞նչ կասեք ԵՄ դիտորդների մասին, հիմա էլ իրավիճակը լարվում է սահմաններին, անելիք չունե՞ն:
— Ախր, այս թեման էլ է շատ խնդրահարույց: Թվում է, թե ԵՄ դիտորդներն էլ հազարավոր մարդիկ են, որոնք կարող են ինչ-որ բան կանխել: ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը բառացի հայտարարել է, որ իրենք գործիքակազմ չունեն, իրենք «զինված են» հեռադիտակներով եւ բախման դեպքում որեւէ բան չեն կարող անել: Ընդամենը կարող են արձանագրել, զեկույցներ կարող են գրել: Եվ հաստատել է փաստը, որ` այո՛, Ադրբեջանը կարող է հարձակվել: Ու ասել` եթե Ադրբեջանը չհարձակվի, դա արդեն կլինի իրենց հաջողությունը: Այսինքն` Հայաստանը դարձել է խաղադրույք. կշահե՞նք` լավ, չե՞նք շահի` ոչինչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252097&l=am/

