Հասարակական կարծիքի վերաֆորմատավորում է տեղի ունենում ոչ միայն հայաստանում, այլեվ՝ ՌԴ-ում. Պողոսյան
ՆերքաղաքականՌուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը՝ 2,5 միլիոն հայ, եւ այս գործոնը հաշվի չառնելը, ըստ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս, սոցիոլոգ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ, սխալ է, քանի որ մեր երկրները, բացի մշակութային, քաղաքական եւ տնտեսական կապերից, ունեն մարդկանց միջեւ ամուր եւ սերտ կապեր:
— Ամբողջ աշխարհում Ռուսաստանի դեմ ակտիվ արշավ է իրականացվում, որը, ցավոք, ներթափանցում է հետխորհրդային տարածք: Հայաստանում եւս նկատվում է հակառուսական դիսկուրսի աճ, Հայաստանի՝ դեպի Արեւմուտք կողմնորոշման աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու փորձեր: Բայց բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այդ թվում եւ վերջին տարիների, ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվում է՝ որպես բարեկամ երկիր: Միեւնույն ժամանակ, հասարակական կարծիքի վերաֆորմատավորում է տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Ռուսաստանում: Սա բարդ գործընթաց է, ակտիվ փորձեր են արվում այն վերափոխելու, եւ դա չնկատելը, դրա մասին չխոսելը՝ նշանակում է օգնել նրանց, ովքեր այս պայքարը տանում են: Մենք պետք է խոսենք այդ մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

