Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. Մամիջանյան
ՆերքաղաքականԸստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ, Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում այսօր ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին, եւ հասկանալի չէ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչո՞ւ չի կարողանում սա օգտագործել, երբ արցախյան գործընթացի հիմքում hենց ինքնորոշման իրավունքն է:
— Առնվազն հետագայում ինքնորոշման իրացման հույսով հանդերձ` ՀՀ իշխանությունն իրեն անհասկանալի պահեց եւ Արցախի հակամարտության հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագիրը բերեց-մտցրեց օրակարգ: Անգամ Ադրբեջանը նման բան չարեց: Պրահայում իշխանությունը դա ստորագրեց: Ամենաահավորը, որ ՔՊ-ից չկա մի շնչավոր էակ, որը կխոսեր ինքնորոշման իրավունքի մասին:
— Իսկ ի՞նչ կասեք Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին` հաշվի առնելով, որ այն, կարծես թե, ողջունվեց նաեւ ՌԴ ԱԳ նախարարի կողմից:
— Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են, որովհետեւ Արցախն այդպես հավասարը հավասարի հետ չի բանակցում Ադրբեջանի հետ: Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել էին տեխնիկական-հումանիտար հարցերի շուրջ, մինչդեռ Ադրբեջանն այն դարձրեց «վերաինտեգրում»: Սուտ է ասում, որովհետեւ նոյեմբերի 9-ից Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները քանիցս ասել են, որ Ստեփանակերտի հետ բանակցելու են բացառապես «վերաինտեգրացիայի» տրամաբանության մեջ: Ուստի` իշխանությունը դա գիտեր ու գիտակցաբար տարել էր դեպի «վերաինտեգրացիա», ինչը Ալեն Սիմոնյանը չբացառեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251442&l=am/

