Կառավարության «առուն» եկեղեցու «առվով» չհոսելու հակառակ կողմը
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հարց է հնչում, թե ինչ հարաբերություններ են Մայր Աթոռի եւ կառավարության միջեւ, ինչու հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների «ջրերը մեկ առվով չեն հոսում», եւ արդյոք առկա՞ են որոշ տարաձայնություններ: Նա էլ պատասխանում է, թե ինքը լավ չի հասկանում այդ ինստիտուտը, եւ որ Հայաստանում կա մեկ իշխանություն, որը պատկանում է ժողովրդին: Իսկ Իշխանության եւ Մայր Աթոռի տարաձայնությունների վերաբերյալ Փաշինյանը նշում է, որ դրանք տարբեր առուներ են, եւ մատնանշում, որ ՀՀ-ն աշխարհիկ եւ ժողովրդավար պետություն է, ու սրանով ամեն ինչ ասված է:
Հետաքրքրական է, որ Փաշինյանն, ըստ էության, այս հարցին չպատասխանեց, միայն զարմացած հայացքով փորձեց լրագրողին բացատրել, որ ինքը չի հասկանում զուգահեռները եկեղեցու եւ ՀՀ իշխանության: Շուրջ 4 տարի իշխանության ղեկին գտնվող Փաշինյանը, որը ժամանակին իրեն համեմատում էր Պապ թագավորի հետ (առանձին դեպքերում՝ Հիսուսի եւ այս վերջում՝ Աստծո), ով լինելով աշխարհիկ պետության ղեկավար՝ տաղավար տոներին իր ֆեյսբուքյան էջում մեզ էր նվիրում սաղմոսների անգիր տեքստեր, ով ժողովրդավար պետության մեջ խուսանավում էր մասնակցել Սուրբ պատարագներին, այսօր պարզվում է՝ շատ զարմացած է՝ լսելով հոգեւոր իշխանության մասին, ու դեռ իր ընկալումով լրագրողը սխալ զուգահեռներ է տանում հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների միջեւ:
Ժամանակին իրեն Հայ Եկեղեցու զավակ հորջորջած Փաշինյանն անգամ տեղյակ չէ, որ եկեղեցին ունի նվիրապետական կարգ, եւ որ այդ նվիրապետությունն է ձեւավորում հոգեւոր իշխանությունը, եւ որ ոչ բոլոր իշխանություններն են ձեւավորվում ընտրելու եւ ընտրության միջոցով: Կան իշխանություններ, որոնք տրվում են Աստծուց՝ ոչ թե ի նշան ղեկավարելու, նախկիններ ու ներկաներ անելու, ոստիկաններով տեղաշարժվելու, այլ որոնք առաքելություն են ենթադրում եւ իբրեւ լուծ դրվում մարդկանց պարտականությունների մեջ:
Ինչեւէ, երկրի ղեկավարի պարզամտությունը արտահայտիչ կերպով իրեն զգացնել է տալիս բոլոր ասպարեզներում: Ցավոք, բայց այսօրվա ՀՀ իշխանությունները չուննեն բազմաշերտ մտածողության ասպեկտներ, իսկ իրենց ղեկավար Փաշինյանն այս հարցում չունի նաեւ մրցակից, որովհետեւ յուրքանչյուր բնագավառի միջինից ցածր մակարդակ ունեցող անձը Փաշինյանի աչքերում ակադեմիկ է հիշեցնում: Սա է պատճառը, որ այսօր կադրերի ընտրության հարցում ՀՀ իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ գրեթե բոլոր կայացած ինստիտուտները մեր աչքի առաջ կործանվում են: Բոլոր բարեփոխումները ավարտվում են չարափոխությամբ: Փաշինյանն անգամ չգիտի, որ Հայ Եկեղեցին ՀՀ Սահմանադրությամբ, որին ինքը հղում է անում, ունի բազմաթիվ արտոնություններ, եւ որ ինքը՝ Փաշինյանը, այսօր պետք է ժամերով պատմեր, թե որքան շատ «առուներ» կան, որոնք հոսում են իշխանության եւ եկեղեցու միջեւ: Ցավալիորեն, բայց Փաշինյանը անգամ չունի համարձակություն` հասցեկան խոսելու եւ իր ասելիքները ձեւակերպելիս՝ հստակություն բերելու, որովհետեւ իր խոսքից տպավորություն էր, թե ՀՀ իշխանությունները ունենալով ժողովրդավարություն՝ գտնվում են անբացատրելի բարձունքներում, իսկ Հայ Եկեղեցին անգամ իրեն ծանոթ էլ չէ:
Ծիծաղ առաջացնող այս պահվածքը խոսում է այն մասին, որ այս մարդիկ անգամ չգիտեն ինչ է ժողովրդավարությունը, որովհետեւ եթե Փաշինյանի համար ժողովրդավարությունը եվրոպական տարբեր կոնվեցյաների վավերացումն է, ապա իսկական ժողովրդավարությունը հենց եկեղեցու համայնավարական կյանքն է, որտեղ չկան նախկինների եւ անկիրթ ու գռեհիկ ներկաների հետեւորդներ, այլ բոլորը հավասար են, որովհետեւ նպատակն է հավասարացնում այդ մարդկանց: Իսկ Փաշինյանի ժողովրդավար պետության մեջ նման հասկացողություն չկա. առնվազն 120 հազար ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացի Արցախում այս ոչ հավասար պայմաններում է ապրում մնացած 3 միլիոնի հետ: Հետեւապես, որտե՞ղ է ժողովրդավարությունը…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251021&l=am/

