Որ ընկերության ծխախոոտն է փորձ արվել մաքսանենգ ճանապարհով արտահանել ՌԴ. Բացառիկ մանրամասներ ուր է տանում մաքսանենգ ծխախոտի «ծուխը»
ՀանդիպումՇաբաթներ առաջ ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձեւակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Սակայն զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքների` տարբեր տեսակի ծխախոտներ մեծ խմբաքանակ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ:
Խոսքը բավականին մեծ խմբաքանակի մասին է, որն այդ տեսքով արտահանել, առանց արտադրողի հետ համապատասխան հարաբերությունների, իրատեսական չէ: Այսինքն, թեեւ գործի քննությունն ընթանում է, բայց ասել, թե այն վերջին կհասնի, կամ որ միայն «սլաքավարները» չեն պատժվի, դժվար է ասել: Առավել եւս, որ նախադեպ կա. երկու-երեք տարի առաջ ՌԴ-ում հայտնաբերվեց հայկական ծխախոտի մեծ խմբաքանակ` առանց դրոշմանիշների: Շատ վարկածներ շրջանառվեցին, այդ թվում` դեպի Նիկոլը տանող: Վերջում... չնայած այդպես էլ այդ գործի վերջը չտեսանք:
Ովքե՞ր եւ ո՞ր ընկերության ծխախոտներն են փորձ արվել մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանել ՌԴ: Հարցերի պատասխանները գրավոր հարցման միջոցով փորձել ենք ստանալ ՊԵԿ-ից` միաժամանակ հետաքրքրվելով, թե ի՞նչ ընթացքի մեջ է երեք տարի առաջ ՌԴ-ում առգրավված տասնյակ տոննաներով ծխախոտի գործով քննությունը, որն այն ժամանակ կապվում էր Նիկոլի հարազատների հետ:
Եվ ահա ՊԵԿ նախագահի տեղակալ ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ ստացել ենք հետեւյալ պատասխանը.
-Գրության մեջ նշված ծխախոտը 19.02.2023թ. հայտնաբերվել է «ԳՄ» ՍՊԸ-ից կողմից ներկայացված հայտարարագրի հիման վրա ՌԴ արտահանվող բեռի մաքսային հսկողության ընթացքում, ինչ կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում իրականացվում է վարույթ:
Վերոնշյալ ծխախոտը արտադրված է «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ կողմից:
Ինչ վերաբերում է 2020թ. ՌԴ-ում բռանագրված ծխախոտի գործի քննության ընթացքին., ապա հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պետական մարմիններն ու պաշտոնատար անձիք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով: Նշված գործով քննությունը իրականացնելը ՊԵԿ-ի իրավասությունում չէ,ուստի դրա վերաբերյալ տեղեկատվություն տալ չենք կարող:
Հատկանշական է, որ 2020թ.-ին եւս մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտը արտադրվել էր «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի կողմից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=250959&l=am/

