Ձիերին գետանցի ժամանակ չեն փոխում, բայց սա ավանակներին չի վերաբերում. Արտակ Դավթյանի վերջին հարցազրույցը «Իրավունք»-ին

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում ԱԺ հինգերորդ գումարման գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ հյուրընկալվել էր երկու տարի առաջ՝ պատերազմի բոթին չորս ամիս էր մնացել... Արդեն վատառողջ էր, իսկ պատերազմից հետո մեր զրույցներն այլեւս եթերի համար չէին... Չէր հաշտվում իրականության հետ, ասում էր՝ արդեն ամոթ էլ է խոսելը, ի՞նչ ասես, պիտի կարողանաս անել... Հաճախ էինք հանդիպում Բաղրամյան փողոցում, երկուսիս ամենօրյա ճանապարհներն էլ այդ ուղղությամբ էին, իսկ զրույցները գնալով ավելի հակիրճ էին դառնում. մի կողմից չարաբաստիկ հիվանդությունը, մյուս կողմից՝ չարաբաստիկ իրականությունը մոմի պես հալում էին ու մաշում... Ու վառվեց մինչեւ վերջ՝ վիրավոր Հայրենիքի ցավը սրտում: Մեր օրերում քիչ հանդիպող տեսակ էր՝ ականջահաճո խոսքերի փոխարեն՝ պիտի բոհեմական խաղաղությամբ ասեր ամենադառը ու խիստ իրականությունը՝ անկախ նրանից՝ դուր կգար համախոհներին, թե քաղաքական հակառակորդներին: Նույնքան անվրդով հանդարտությամբ էլ թրի պես սուր հումորներ էր անում, իսկ քաղաքական սարկազմը մի ուրիշ կերպ էին համեմում խոսքը: 

Հարցազրույցը՝ 18.07.2020 թվականի

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ»

– Պարոն Դավթյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակված եւս 665 նոր դեպք ունենք, ապա հարց էր ուղղել` ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցներն այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենց եւ շրջապատի առողջությանը:

– Փաստորեն, հարցադրման մեջ նորից, կարծես թե, սլաքներն ուղղվում է ժողովրդի կողմը: Իսկ ի՞նչն եք ճիշտ արել: Շատ է խոսվել այս մասին, բայց կարծում եմ` մեր բռնապետիկը, վատ չէր լինի, որ ծանոթ լիներ այլոց խոսքերին, մասնավորապես, թե Ջուղաշվիլին (նկատի ունի Ի. Ստալինին, - հեղինակ) ինչ է ասել. «Մեկ մահը ողբերգություն է, իսկ երբ մահերի քանակը շատանում է, արդեն վիճակագրություն է»: Ըստ էության, վաղուց արդեն մեր փոքրիկ դիկտատորիկի համար կորոնավիրուսի ողբերգությունը վերածվել է վիճակագրության:

– Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հենց կառավարության նիստի ժամանակ երեկ հորդորեց կտորից դիմակներ չկրել: Նախ ասում էին` մի՛ կրեք, չի օգնում, հիմա ասում են` ինքնաշեն դիմակներ մի՛ կրեք, այլ` բացառապես բժշկական: Հետո վարչապետը դուրս եկավ փողոց` դիմակ բաժանելու: Ինչպես պետք է այս քաոսում ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեր:

– Վաղուց արդեն, ինչ ուղերձ հղում է ժողովրդին վարչապետը կամ նույն առողջապահության նախարարը, նշանակում է ժողովրդի հայտնի խոսքը. «Եղունգ ունես, գլուխդ քորի»: Շատ դժվար է տրամաբանություն գտնել այնտեղ, որտեղ ուղղակի այն չկա: Տրամաբանության շղթայի տարբեր օղակները պետք է մեկը մյուսի հետ փոխկապակցված լինեն, իսկ մենք առաջին օրվանից մինչեւ այսօր լսել ենք միայն իրարամերժ հայտարարություններ, հորդորներ: Հիմա էլ ասում են` կտորից դիմակ չկրեք, չգիտեմ` մեկ կամ երկու ժամ հետո` ինչ կլինի: Եթե շախմատի լեզվով արտահայտվենք, իշխանություններն այսօր ցուգցվանգի մեջ են: Պարզապես, որոշակի անկապ շարժումներ են անում կամ անկապ բառերի կույտ իրար հետեւից շարում` փորձելով իմիտացիա ստեղծել, թե ինչ-որ գործ են անում:

«ՁԻԵՐԻՆ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ, ԲԱՅՑ ՍԱ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ»

– Անընդհատ իրադրությունը համեմատում են պատերազմական իրավիճակի հետ: Ըստ էության, կորոնավիրուսի դեմ պայքարում ենք` միայն դիմակ կրելով: Սա նշանակո՞ւմ է, որ եթե, Աստված մի արասցե, վաղը պատերազմ սկսվի, ժողովրդին պաշտպանելու փոխարեն, հիմա էլ հորդորելու են «կասկա» հագնել:

– Մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ պաշտպանության պատասխանատուները` պաշտպանության նախարարը, փոխնախարարները, ամբողջ զինված ուժերը պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն որոշակի ռազմական գործողություններ սկսելուն: Իսկ ոմանց կողմից այդ համեմատությունները պատերազմի հետ, ովքեր նույնիսկ բանակում չեն ծառայել, կարծում եմ` լուրջ չպետք է ընդունվեն: Մարդիկ խոսում են մի բանից, որից ընդհանրապես տեղյակ չեն: Մարդը, ով բաժանել է հասարակությունը, եւ հիմա ասում է, թե սա պատերազմ է, ուրեմն` պատերազմի ժամանակ պետք է միասնականության կոչ անի: Բայց նույնիսկ համախմբվածության կոչ չկա, ինչի՞ մասին է խոսքը:

– Ամեն դեպքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնարկում էր, թե պատերազմական իրավիճակի թելադրանքով` գերագույն գլխավոր հրամանատարին չեն քննադատում...

– Ուրիշ բան էլ են ասում` ձիերին գետանցի ժամանակ չեն փոխում, բայց սա ավանակներին չի վերաբերում: Սրանով վերջակետ դնենք այս հարցին:

«ՄԻԳՈՒՑԵ ԿԴԻՄԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ` ԻՐԵՆ ԱՐԴԵՆ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՎ ՄՈՒՀԱՄԵԴԻ ՀԵՏ»

– Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ի պատասխան` ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Ալիեւին ընդունել այն բանաձեւը, որն ինքն է առաջարկում, այսինքն` Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակը: Եթե` ոչ, ապա նա կօգտվի Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու պահուստային տարբերակից: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Իհարկե, չեմ կարող «Հիսուսի» ասածները մեկնաբանել: Ես ո՞վ եմ, որ Հիսուսի հետ համեմատվող անձի «իմաստությունները» փորձեմ հասկանալ կամ մեկնաբանել: Բայց կցանկանայի, որ նա ինքը շարադրի, թե ինչ ասել է երեք ժողովուրդներին ձեռնտու բանաձեւ: Հայաստանի եւ Արցախի ժողովուրդն, ըստ էության, մի ժողովուրդ է: Երբ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունից հետո` կրկնում է այս  տաֆտալոգիան, բոլորը լսում են, չէ՞: Թող նաեւ բացատրի, թե ինչպես է այնպիսի լուծում առաջարկելու, որ ձեռնտու լինի հայ եւ Ադրբեջանի ժողովրդին: Երբ կշարադրի իր առաջարկը, թե ինչպես է պատկերացնում այդ լուծումը, այդ դեպքում` կոչով ուզում է, թող Ալիեւին դիմի, Մեհրիբանին դիմի, Էրդողանին դիմի: Թվում եմ անուններ, ում հետ, կարծես թե, նա այդքան էլ վատ չէ:

– Դե ասում էր, որ Ալիեւը կիրթ մարդու տպավորություն է թողել իր վրա...

– Ոչ միայն սա նկատի ունեմ, այլ այն, որ այս մարդկանց հասցեին որեւէ մի թթու խոսք վարչապետի շուրթերից չենք լսել, մինչդեռ գիտեք, թե ինչ արտահայտություններ է օգտագործում իր ընդդիմախոսների հասցեին:

– Այդուհանդերձ, շրջանցելով ադրբեջանական իշխանություններին` Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու տարբերակ կարո՞ղ է լինել:

– Եթե մարդ իրեն համեմատում է Հիսուսի հետ, միգուցե կդիմի Ադրբեջանի ժողովրդին` իրեն արդեն համեմատելով Մուհամեդի հետ: Ադրբեջանի հավատացյալ ժողովուրդն ինչպե՞ս կարող է «մարգարեի» խոսքերին ականջալուր չլինել: Չգիտեմ, թե կոնկրետ Նիկոլի ուղեղում ինչ նոր հասկացություն է հասունացել, սա միայն միգուցե իրեն է հասու եւ Ադրբեջանի ժողովրդին: Կապրենք` կտեսնենք:

«ԼԵՌԸ ԵՐԿՆԵՑ, ՄՈՒԿ ԾՆԵՑ», ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱԵՎ «ՋՐՎԵՑԻՆ» ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԸ»

– Անդրադառնանք նաեւ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին. ըստ նախագահ Անդրանիկ Քոչարյանի` սպառազինության, վառելիքի եւ սննդի խնդիր չի ունեցել բանակը, ավելին` գոհ էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք եկան հանձնաժողով ու տվեցին սպառիչ պատասխաններ: Ի վերջո, ինչո՞ւ էր ստեղծվել այս հանձնաժողովը:

– Նորից պետք է հիշենք Իոսիֆ Ջուղաշվիլիին,: Հանձնաժողով ստեղծվել էր, որ թաղի այն հարցը, ինչ-որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին բարձրաձայնում էր, թե Ռուսաստանի հրահրումով է եղել: Դրա համար էլ հանձնաժողովը ստեղծեց, ու «լեռը երկնեց, մուկ ծնեց», այդ թվում` նաեւ «ջրվեցին» Նիկոլ Փաշինյանի ասածները: Եթե այս հանձնաժողովը ստեղծվել է, ապա դրա առանցքային պերսոնան, որ պետք է գար եւ պատասխաներ հարցերին, հենց Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ:

– Եվ, ըստ նույն տրամաբանության, նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտի՞նը...

– Եկեք Վլադիմիր Պուտինին հանգիստ թողնենք, որովհետեւ առնվազն ծիծաղելի է, թե հանձնաժողովն իր այդ կազմով ինչպես էր այդ հրավերն ուղարկելու: Ուզում եմ հատուկ նշել մեր ռազմական փայլուն գործիչ Խաչատուրովի անունը, որն իսկական զինվորականի պատասխան էր տվել` ասելով, որ քաղաքականությամբ չի զբաղվել, ցանկություն չունի զբաղվելու, իսկ բոլոր հարցերի պատասխանները տրված են: Զինվորականը միայն այդպիսին էլ պետք է լինի, իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հրավիրեին եւ նրանից պետք է լսեին այդ պատասխանը, թե ինչ հանգամանքներում է ասել, կամ իրեն ինչ է հայտնի, որի պատասխանը մենք չունենք:

– Իսկ ի՞նչ կարող էր ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայտնի լինել այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

– Չեմ կարող ասել, բայց չէ որ ընդդիմադիր պատգամավորն էր այդ ամենի մասին խոսում, ամենասուր արտահայտություններն ապրիլյան պատերազմի մասին արել է հենց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

«ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԻԼՈՄԵՏՐԵՐՈՎ ՀԵՌՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»

– Ի՞նչ կասեք այն ամենի մասին ինչ տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստանի» եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Սա քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործընթաց է: ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ Ծառուկյանի անունը մատնանշված չէր, ինչը տարբեր վերլուծությունների տեղիք տվեց:

– Իմ գնահատմամբ` միանշանակ եւ ամբողջովին քաղաքական է: Այլ կերպ կարող էր դիտարկվել, եթե Ծառուկյանի կողմից արված հայտարարությունից առաջ ամբողջ այս գործընթացը սկսվեր: Սակայն, բոլորովին այլ է, երբ Ծառուկյանը պահանջ է դնում, որ հեռանա այսօրվա կառավարությունը ու դրանից հետո` սկսվում է այս ամբողջ գործընթացը: Սա ուղղակի իրավաբանությունից կիլոմետրերով հեռու գործընթաց է եւ ամբողջովին քաղաքական տրամաբանության շրջանակում է:

– Ինչո՞ւ Գ. Ծառուկյանի «դուխը» չհերիքեց ուղիղ ասել, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ առհասարակ` ԲՀԿ-ական պատգամավորների կողմից եղան բավական խիստ ելույթներ, բայց փոխանակ այս իշխանությանն իրենց պահանջները ներկայացնեն` շարունակում էին համեմատել ու քննադատել նախկին իշխանություններին:

– Յուրաքանչյուր խնդիր ունի իր զարգացման որոշակի տրամաբանությունը, փուլը եւ ընթացքը: Մենք դեռ կտեսնենք շատ սուր եւ կոշտ հայտարարություններ: 10 հազար մղոն ճանապարհն առաջին քայլից է սկսվում: Իսկ սա առաջին քայլը չէ, այլ քայլեր արդեն իսկ արված են:

– Ի դեպ, Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ պետք է խորանան այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն: Ակնարկեց, որ պետք է արգելվեն այն կուսակցությունների գործունեությունը, որոնք ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա բռնանում են: Սա Ձեզ հիշեցնո՞ւմ է ՀՀՇ-ի տարիները, երբ պարզապես, կուսակցություններ էին փակվում:

– Պետք է վերջակետ դնել այս խոսակցությանը, թե անցյալում այս են արել, այն են արել: Հիմա ամեն ինչ իր ձեռքում է: Ո՞վ է արել, ես էլ եմ պահանջում` այդ անողներին պատժիր,  պարոն վարչապետ: Բոլոր այն հանցագործների ու հանցագործությունների մասին, որոնք անընդհատ արծարծվել է քո թերթի էջերում, բոլորին անխտնիր պետք է պատժես, եւ այդ էջը պետք է փակես: Մոտավորապես այնպես, ինչպես կարիճն է իր թույնից, վերջ կամ առաջ թունավորվում: Նույնը լինելու է այս դեպքում` այլեւս այդ թույնը շրջապատի վրա չի գործում: Ի վերջո, հակաթույն է ձեւավորվելու մարդկանց մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

https://iravunk.com/sim/?p=250326&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ