Անօթեւան մնացած Պն նախկին շենքի բնակիչներին թալանել են
ՀասարակությունԱրդեն ուղիղ մեկ շաբաթ է, ինչ ՊՆ նախկին շենքի բնակիչներն անցկացնում են բաց երկնքի տակ: Փետրվարի 16-ին ոստիկանությունը ներխուժեց ՊՆ նախկին շենքում ապաստան գտած բնակիչների կեցավայրեր եւ բռնի ուժով դուրս հանեց նրանց՝ թողնելով փողոցում: Բարձրացված աղմուկից հետո՝ այնտեղ բնակվող մի քանի ընտանիքների պետությունը փորձեց լռեցնել՝ այս կամ այն վայրերում անորոշ ժամկետով այլ կեցավայր առաջարկելով: Մի քանիսը համաձայնեցին, մյուսները մնացին տեղում՝ պնդելով, որ ոմանց խայտառակ պայմաններ են առաջարկել, ոմանց անհասցե ուղղությամբ ուղարկել, ոմանց էլ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկել:
Փետրվարի 17-ին փողոցում հայտնված քաղաքացիներին այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ապա նաեւ նույն խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Տեւական ժամանակ ոստիկանության հետ թեժ բանակցություններից հետո՝ նրանց հաջողվեց անօթեւան մնացած քաղաքացիների համար երկու վրան տեղադրելու թույլտվություն ստանալ, որպեսզի կանայք եւ տղամարդիկ կարողանան գիշերն անցկացնել: Սակայն ոստիկանությունն այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի երկրորդ վրանը տեղադրվի:
ՊՆ նախկին շենքի բնակիչները` շուրջ 100-ից ավելի ընտանիք, շարունակում են չհեռանալ ՊՆ նախկին շենքի տարածքից` այդպես էլ չտեղավորվելով մեկ վրանի տակ, բայցեւ չդադարեցնելով հայտարարված նստացույցը, որովհետեւ գնալու տեղ չունեն:
«Ներկա պահին պահանջում ենք՝ թողեք գոնե եւս մեկ վրան դնենք: Ոչ մեկս հետ չենք կանգնելու մեր պահանջից», - ասացին քաղաքացիները՝ վրդովված իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքական, մշակութային գործիչների անտարբերությունից:
Ի դեպ, պարզվում է` երբ նրանց բռնի ուժով դուրս էին հանել իրենց կեցավայրերից, դրանից հետո` այլեւս իրենց ունեցած քիչ, թե շատ իրերն այդպես էլ ամբողջովին իրենց չի հասել: Քաղաքացիները պնդում են, որ իրենց թալանել են. մեկի աշխատանքային գործիքները չկա, մյուսի կենցաղային այլ իրեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=249629&l=am/

