Ինչ նպատակ ունի Արցախում սահմանադրական փոփոխությունները
ՆերքաղաքականԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց` ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հիշեցրեց, որ վերջերս Արցախում կրկին բերվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը խորհրդարանից հետ կանչվեց:
— Դեռ այն ժամանակ էի ասում, որ պարզապես ժամանակ են ձգում, եւ Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխություններ անել մտադիր չէ: Հիմա նոր իրավիճակ է: Բերձորի միջանցքը փակ է, երկու պետնախարարներ են եւ մեկ նախագահ, եւ բնական է, որ լուծումների փնտրտուք անընդհատ կա: Վատ բան չեմ տեսնում այդ նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա էլ չդառնա ժամանակ ձգելու եւ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն: Եթե իսկապես արտառոց բան լինի, նախագահը հրաժարական տա, գոնե ԱԺ-ն պետք է կարողանա նախագահ ընտրել: Միակ անհանգստությունն այն է, որ սա ժամանակ ձգելու առիթ չլինի: Արցախում ոչ ստանդարտ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ: Դրանց անհրաժեշտությունն առաջացել էր անմիջապես 44-օրյա պատերազմից հետո: Այն ժամանակ դեռ կային որոշ լուծումներ սահմանադրական մեխանիզմներով, սակայն, ցավոք, ներքին հակասություններն ու տրամադրություններն այն ժամանակ թույլ չտվեցին խնդիրը կարգավորել: Եթե խնդիրները չես կարգավորում, ավելի են բարդանում, նոր խնդիրներ են առաջանում:

