Մի՛ դարձրեք այս երկիրը երկրորդ Ուկրաինա, չեղյալ համարեք ԵՄ դիտորդական առաքելության մուտքը Հայաստան. Բալասանյան
Ներքաղաքական ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ` աշխարհաքաղաքական իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։
«Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը հասել է մի կետի, որից այն կողմ կա մի ճանապարհ` ուղիղ պատերազմ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ով է ճիշտ, ով` սխալ, այս պահին արդեն ոչ ոք չի էլ հիշում։ Պատերազմ է ընթանում իրեն բնորոշ բոլոր գծերով հանդերձ։ Պատերազմ է ընթանում արդեն նախկին Ուկրաինայի տարածքում ու ուկրաինական ժողովրդի հաշվին։ Այս իրավիճակը կարելի է բնորոշել` մի փոքր փոփոխելով հայտնի Բժեզինսկու խոսքերը: Նոր աշխարհակարգը կառուցվում է Ուկրաինայի ավերակների եւ Ուկրաինայի հաշվին։ Մնացածը երկրորդական է։ Հենց դրանից մենք պետք է կարողանանք խուսափել, բայց դատելով տարվող քաղաքականությունից` պատասխանատու մարմիններին այս խնդիրը չի էլ հետաքրքրում։ Չեղյալ համարեք ԵՄ դիտորդական առաքելության մուտքը Հայաստան։ Այստեղ անխուսափելիորեն տեղի է ունենալու բախում երկու աշխարհաքաղաքական կենտրոնների` ԵՄ եւ ՌԴ միջեւ։ Մի՛ դարձրեք այս երկիրը երկրորդ Ուկրաինա», - գրել է նա։

