Այսինքն ԵՄ դիտորդները գալիս են ռուսներին վերահսկելո՞ւ. Շավարշ Քոչարյան
Մամուլի տեսությունԴու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայմանը եւ Փաշինյանի հայտարարություններին այս կապակցությամբ:
Նշենք, որ օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը՝ հայտարարելով, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին արդյոք պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞ ոչ:
«Այս վարչապետ կոչեցյալի հայտարարությունն ընդհանրապես սպանիչ է: Ասում է՝ Ադրբեջանը մեղադրում է, որ ռուսները հայերի հետ պատրաստվում են Ադրբեջանի դեմ հարձակվել, դիտորդներն էլ գալիս են համոզվելու, որ դա այդպես չէ: Այսինքն՝ գալիս են ռուսներին վերահսկելո՞ւ: Դու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Ի՞նչ ասեմ, սա ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի սիրիականացում»,- Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանին դուրս ես մղում, նրա տեղը լցվելու է Թուրքիայով, դրա համար ՀՀ իշխանությունները հաճոյանում են Թուրքիային»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանում, Քոչարյանն ասաց. «Եթե դու ասում ես, որ սահման չունես, ու ՀԱՊԿ-ին հրավիրում ես, ՀԱՊԿ-ը ի՞նչ պետք է անի, ես չեմ արդարացնում ՀԱՊԿ-ին, պիտի ասի՝ դե ճշտի սահմաններդ, հիմա էդ առումով, եթե ասում ես՝ եվրոպացիները կգծեն, ոնց դու քո սահմանը չգիտե՞ս: Մյուս կողմից ինքը մինչեւ սահմանների ճշգրտումը տարածքներ է զիջում, որը այն ամսի 9-ի խայտառակ համաձայնագրով նախատեսված էլ չէ: Միեւնույն է այս գործողությունները տեղավորվում են նույն ծրագրի մեջ, եթե դուրս ես մղում Ռուսաստանին, ակնհայտ է, որ վակուում չկա, այն ոչ թե հավաքական Արեւմուտքն է լցնելու, այլ Թուրքիան, ուրեմն ինչ պետք է անես, պետք է հաճոյանաս Թուրքիային»:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դարձել է փորձադաշտ՝ տոտալիտար մտածողությամբ ազատական կենտրոնների համար. «Իրենք այդպիսին են պատկերացնում ամբողջ աշխարհը: Հիմա բացատրեմ: Ազատականության ծայրահեղ դրսևորումն է՝ ազատվել բոլոր հավաքական ինքնություններից՝ կրոնական, ազգային, գենդերային, պատմական և այլն, այն, ինչ մեզանում մենք տեսնում ենք: Իրենք մի փորձադաշտ են գտել, որտեղ դա իրականացնում են: Այս իշխանությունների մի մասը խփնված է այդ ազատականության վրա, և չեն գիտակցում դա: Այսինքն՝ այստեղ երկու բան պետք է դիտարկել՝ աշխարհաքաղաքական շահը, որտեղ այս իշխանությունն ունի աջակիցներ, քանի որ սրանք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանին դուրս մղեն, ինչը, առաջին հերթին, ձեռք է տալիս Թուրքիային: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել գլոբալ ազատականների շահերը, որոնց համար փորձադաշտ ենք»:
Նշենք, որ ԵՄ դիտորդների խումբը Հայաստան է գալու փետրվարի 20-ից:

