Այս ապիկարների համար 15 զինվորն ի՞նչ է, երբ 5000-ին զոհեցին, հազարավոր ջահելներին էլ անդամալույծ սարքեցին. Աճեմյան
ՏեսանյութերՀայոց բանակի հիմնադրման օրվան ընդառաջ «Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ:
«ՄԱՐԴԻԿ ԱՆԸՆԴՀԱՏ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՈՍՈՒՄ, ԲԱՅՑ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»
— Տեւական ժամանակ հարցազրույցներով հանդես չեք եկել, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր լռությունը:
— Արդեն մի քանի ամիս է` ոչ մի հարցազրույցի չէի ուզում մասնակցել, բայց հարգելով «Իրավունք» թերթը` չմերժեցի: Պատճառն այն է, որ զգում եմ` ժողովուրդն արդեն հոգնել է խոսակցություններից, մարդիկ անընդհատ խոսում են ու խոսում, բայց բան չի փոխվում: Ես առաջին օրից ստեղծված իրավիճակի մասին խոսողներից եմ եղել, բարկությամբ խոսել եմ, հանգիստ խոսել եմ, բացատրել եմ, ինչպես զգացել եմ, իմ ենթադրությունները հայտնել եմ, որոնք մարգարեության պես իրականացան: Էլ ի՞նչ խոսենք, հասկացողը հասկացավ, չհասկացողին էլ ի՞նչ կարող ես անել, գլխին քարով խփելով էլ չես կարող հասկացնել: Դրա համար չէի ուզում խոսել, բայց այսօր կխոսենք:
— Տեղի ունեցավ մեծ ողբերգություն, 15 զինվոր ողջ-ողջ այրվեցին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղակայված զորանոցում: Հիմա տարբեր վարկածներ են հնչում, թե ինչպես է տեղի ունեցել` չբացառելով նաեւ դիվերսիայի տարբերակը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Բոլոր զարգացած երկրներում կան հրդեհի հատուկ մասնագետներ, քննիչներ, որոնք պարզում են` հոսանքի՞ց է սկսվել հրդեհը, գազի՞ց, թե ինչի՞ց: Բայց մեր երկրում, ինչպես Սուրմալուի շուկայի պայթյունի ժամանակ եղավ, անմիջապես եզրակացություն են ներկայացնում: Ծիծաղելի է, ո՞վ եք դուք, որ եզրակացություն եք ներկայացնում, այդ ե՞րբ հասցրեցիք քննություն անցկացնել: Նման դեպքերում օրեր ու շաբաթներ է տեւում քննությունը` իրական պատճառները պարզելու համար: Կրակից մի փոքր կտոր մոխիրով էլ լաբորատորիաներում կարող են պարզել, թե ինչից է վառվել` քիմիական նյո՞ւթ է կիրառվել, պայթուցի՞կ, թե՞ բենզին: Ես դրա մասնագետը չեմ: Իսկ մեր երկրում տխմարներն անմիջապես սկսեցին խոսել, թե այսպես է եղել, այնպես է եղել: Դեռ որեւէ մեկը չգիտեր, քանի զոհ ունենք, քանի վիրավոր` մի քանի ժամ հետո Նիկոլն արդեն սցենար էր պատմում: Ո՞ւր է մասնագետների, քննիչների, լաբորատորիաների եզրակացությունը: Կարող է կրակը հոսանքից է բռնկվել, կարող է առաստաղն է վառվել ու միանգամից փլուզվել սենյակի մեջ, կարող է դիվերսիա է եղել, հազարումի բան կարող էր տեղի ունենալ, ես ականատեսը չեմ: Եթե չունեն համապատասխան մասնագետ, թող դրսից բերեն:
«ԱՄԵՆ ԻՆՉ ԾԱԾԿԱԴՄՓՈՑ Է ԱՐՎՈՒՄ, ՄԻ ԲԱՆ ՖՌՌԱՑՆԵԼՈՒ ԵՆ, ԱՆՑՆԻ ԳՆԱ»
— Այդուհանդերձ, հնարավոր համարո՞ւմ եք, որ 10-ից ավել զինվոր հրդեհի դեպքում կարող էին մնալ հենց տեղում, որովհետեւ նրանց մարմինները գտել են անկողիններում պառկած:
— Կարող է թուրք է մոտեցել, մի հատ գազ է բացել սկզբից, բոլորին քնեցրել է, հետո հրդեհել, ամեն ինչ էլ կարող է լինել: Ես իրավունք էլ չունեն ենթադրություններ անելու, էլի եմ ասում` դրա համար կան մասնագետներ, բայց մեր երկրում ամեն ինչ ծածկադմփոց է արվում, որովհետեւ մասնագետը կիսամասնագետ է, վարչապետը` թղթակից, երրորդը` լրտես, մյուսը`գործակալ: Մի բան ֆռռացնելու են, անցնի գնա: Ասելու են` ի՞նչ է եղել որ, 15 զինվոր է զոհվել: Այս ապիկարների համար 15 զինվորն ի՞նչ է, երբ 5000-ին զոհեցին, հազարավոր ջահելներին էլ անդամալույծ սարքեցին:
— Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն ասում է, որ կարող էր 15 զոհի տեղը 20-ը լիներ, այնպես որ, փառք պետք է տանք Աստծուն…
— Իրենց համար մինուս-պլյուս 15 զինվորի կյանքը նույնն է, հիշո՞ւմ եք` այդպես էին խոսում նաեւ պատերազմի ժամանակ, թե մինուս-պլյուս այսքան է զոհվել: Ամո՛թ է, իշխանությունը պետք է հայրենիքը, ազգը, սահմանը պաշտպանող ամեն մի զինվորի գուրգուրելով պահի: Բայց այս մարդիկ ո՛չ կամք ունեն, ո՛չ միտք, այս երկիրը միայն մինչեւ վերջ քանդելով են զբաղված: Հիմա գանգատվում ենք, թե ինչու այսպես եղավ, բայց սրանք երբ եկան իշխանության, առաջինը քանդեցին ազգ-բանակ մտածողությանը, այդ գաղափարը թուլացրին, վերացրին, այդքանից հետո այսպես պետք է լիներ:
«ՆԻԿՈԼԸ ԵԿԱՎ-ՉԵԿԱՎ, ԵՐԿՐԱՊԱՀԻՑ ՀԵՏՈ ԱՆՑԱՎ ԲԱՆԱԿԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ` ՍԿՍԵԼՈՎ ՀՄՈՒՏ ՍՊԱՆԵՐԻՑ »
— Մի՞թե պատերազմից երկու տարի անց հնարավոր չէր գոնե մինիմալ պայմաններ ստեղծել զինվորների համար, թեպետ, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այդ կացարանը խրճիթ չէր, ավելին` բանակի համար ամեն ինչ էլ գնվում է:
— Նոր զորանոց չեն սարքել ու միտք էլ չունեն, այդ վնասված զորանոցը, որտեղ երեխաները մնացել են, ժամանակավոր չէր: Ամոթ չէ, եթե իմանայինք, որ գյուղի մեջ գտնվող տանը ժամանակավոր են զորանոց դարձրել, իսկ այլ զորանոցի նորոգումն ընթացքի մեջ է, բայց թեկուզ այդ դեպքում` պետք էր տարրական պայմաններ ապահոված լինեին զինվորի համար: 90-ականներին ֆիդայիները ավելի լավ վիճակում էին, ստեղծում էին այդ պայմանները, իսկ սրանք խեղճ երեխեքին տեսանք, թե ինչպես են վերաբերվում: Ու դեռ մեղավորությունը գցում են սպաների վրա: Սպաներն էլ մեղք չունեն, որովհետեւ սպաների մեծամասնությունը մնացել են այն ցածրագույնները, որոնք փորձառություն չունեն: Նիկոլը եկավ-չեկավ, Երկրապահից հետո անցավ բանակը քանդելուն` սկսելով հմուտ սպաներից: Այն փորձառու սպաներից, որոնք զինվորական ակադեմիաներ են ավարտել Մոսկվայում ու տարբեր երկրներում, իրենց սիրտն ու հոգին են դրել բանակի մեջ, բանակը բանակ են սարքել, ամագ ունեն դրած այս բանակի վրա: Չեմ ուզում վիրավորել, իմ գլխի վրա տեղ ունի ամեն մի զինվորական, բայց բանակում մնացել են անփորձները, փորձառու սպաների մեծամասնությունն այսօր շարքում կանգնած չէ:
— Կարծում եք` ողբերգական դեպքից հետո կորպուսի գրեթե ողջ հրամանատարությանը ծառայությունից ազատելը ճիշտ չէ՞ր:
— Նախ քննությունը թող պարզեր` ով է մեղավոր, հանցանքը որտե՞ղ է եղել: Ամենամեծ մեղավորը վերեւներից է, դրա համար էլ անմիջապես եզրակացություններ արեցին, պատմություններ սարքեցին, մեղավորներ նշանակեցին, որ իրենց վրայից թոթափեն պատասխանատվությունը: Եթե կա մեղավոր, էլի թող մեկին ազատեին ծառայությունից, մյուսին` բանտարկեին, բայց ո՞ւր է քննիչների ու լաբորատոր եզրակացությունը, ինչը ինչի՞ց է սկսել: Այդ ի՞նչ արագ քննություն արեցին, որ ժամեր հետո իմացան` ովքեր են մեղավոր: Սա իրենց վրայից մեղքը թոթափելու մի ձեւ է: Կարող է ոչ մի մեղավորություն էլ չունեին այդ սպաները, բայց անմիջապես ժողովրդի աչքին նրանց մեղավոր հանեցին:
«ԵՐԿԻ՞Ր Է ՄՆԱՑԵԼ, ԿԱՊԻԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՄԵՋՆԵՐԸ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴ ՑՈՒՅՑ ՏՎԵՔ, ԿԱ՞»
— Այս հարցում հանրային դաշտը բաժանվել է երեք մասի` մի կողմը պնդում է, որ տեղի ունեցածից հետո պետք է հրաժարական տար Նիկոլ Փաշինյանը, մյուսները պահանջում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, երրորդները` հակառակվում են, որ պետք է Պապիկյանը մնա, որովհետեւ ՔՊ-ականների հաջորդ ՊՆ նախարարը կարող է ավելի վատը լինել: Վերոնշյալ ո՞ր շարքերում եք Դուք:
— Ձուկը գլխից է հոտում: Ամբողջ ՔՊ-ից` Նիկոլից եւ իր թայֆայից պետք է ձերբազատվենք: Բայց հիմա եթե հրեշի գլուխը չես կարողանում կտրել, կարող ես գոնե պոչը ջարդել եւ ստիպել, որ Պապիկյանը հրաժարական տա: Գիտենք, որ Պապիկյանից հետո ավելի վատն է գալու, բայց սա թող դաս լինի 680 հազար այն մարդկանց համար, ովքեր այս իշխանությանը բերեցին: Այսօր ի՞նչն է նորմալ, ցույց տվեք մի նախարարություն կամ ոլորտ, որտեղ ամեն ինչ ճիշտ է: Երկիրը քանդված է, ոչ մի նորմալ պետական ինստիտուտ չի մնացել` սկսած էկոնոմիկայի, Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարություններից: Երկի՞ր է մնացել, կապիկների իշխանություն է: Մեջները մի նորմալ մարդ ցույց տվեք, կա՞: Վերադառնանք եւ հիշենք, թե 2018 թվականի «հեղափոխության» ժամանակ ովքեր էին Նիկոլի կողքին կանգնած: Մեկը չկար մարդու նման, որ հայրենիքի, ազգի համար մի կաթիլ քրտինք ու արյուն է թափել, փողոցայիններ էին, եկան դարձան նախարար ու քանդեցին երկիրը, քանդեցին նախարարությունները, փակեցին Սփյուռքի նախարարությունը, կտրեցին կապը Սփյուռքի հետ, նեղացրին, կողոպտեցին սփյուռքահայերին:
— 2018-ին այսօրվա ընդդիմադիրներից ոմանք էլ էին Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած…
— Ես չգիտեմ, թե ովքեր էին նրանք, բայց գիտեմ, թե ովքեր էին Նիկոլի կողքով քայլում: Ու ի՞նչ արեցին կրթության ոլորտում` վեց տարեկան երեխային սեքս են սովորեցնում, Լանզարոտեի կոնվենցիա են ընդունում, հիմա էլ Ստամբուլյան կոնվենցիա են ուզում ընդունել, դասագրքերը փոխել են, պատմությունը ջնջել, զինավարժություններն արգելել: Հիմա էլ ասում են, թե այն կանայք, ովքեր չեն ամուսնացել, բայց ուզում են երեխա ունենալ, պետությունը կֆինանսավորի: Փաստորեն, արդեն ազգի ընտանիքներն են քանդում ու փչացնում, կինը պետք է հղիանա, իսկ երեխան` առանց հայր մեծանա, ո՞ւր մնաց ընտանիք հասկացողությունը: Թուրքը 1915-ին երկու միլիոն հայի ֆիզիկապես կոտորեց, իսկ ՔՊ կոչեցյալը ոչ միայն ֆիզիկապես է սպանում, այլ մեր արմատներն է թունավորում: Եղեռնից հետո մեր արմատները ուժեղ էին, նորից ծաղկեցինք, աճեցինք, շատացանք, բայց այս մարդիկ մեր արմատներն էլ են փչացնում: Ես էլ խոսելու ոչինչ չունեմ, ամեն ինչ ասել եմ, ամեն ինչ հազար անգամ բացատրել, որ Նիկոլից պետք է մեր ազգը ձերբազատվի: Հենց Նիկոլը գնաց, մի տարուց մեր բանակն էլ կդզվի, երկիրն էլ կփոխենք, ամեն ինչ կվերակառուցենք: Փառք Աստծո, մեր հմուտ սպաները ողջ-առողջ են, թեկուզ այսօր համակարգի մեջ չեն, բայց անմիջապես հետ կհրավիրվեն Պաշտպանության նախարարություն: Նախկինից ավելի լավ կվերականգնենք մեր բանակը, այդ մարդիկ փորձ ունեն ու գիտեն, թե որտեղից սկսեն, որտեղ գործն ավարտեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=247139&l=am/