«Մի խրամատ էլ Արցախի թատրոնն է».ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում:

— Թատրոնում փաստացի ընդունվել եմ աշխատանքի 2021 թվականի հունիսին: Բայց իմ առաջին բեմադրությունը` «Հրեշը լուսնի վրա», սկսել եմ նույն թվականի մայիսի 28-ից:

— Ի՞նչ տպավորություններ եք ստացել Արցախի թատերական կազմից, ի՞նչը Ձեզ գրավեց թատրոնում, որ թողնելով Երեւանը՝ աշխատանքի անցաք Արցախի թատրոնում:

— Այստեղ գրավելու խնդիրը չէր, ուղղակի, պետք էր օգնության հասնել: Այսինքն` յուրաքանչյուր հայ ունի իր օգնության պատճառը: Իսկ ես գործող մարդ եմ եւ հասկացա, որ միգուցե կարող է օգտակար լինեմ այնտեղ: Ու գնացի ընդամենը մեկ բեմադրությամբ, բայց այնպես ստացվեց, որ դարձա այդ թատրոնի ռեժիսորը: Թատրոնն իրականում ռեժիսորն է պահում, քանի որ բեմադրություններն ինքն է անում: Եվ որովհետեւ այդ պահին չկար ռեժիսոր, ինձ առաջարկեցին, ես էլ համաձայնեցի մնալ եւ աշխատել Ստեփանակերտի թատրոնում: Տպավորություններս բավականին լավ են: Բարձր որակի յուրահատուկ դերասանական կազմով, բավականին մեծ ասելիքով թատրոն է: Շատ գոհ եմ մեր թատրոնի դերասանական կազմից:

— Պարոն Խաչատրյան, ռեժիսոր-դերասան ստեղծագործական կոնֆլիկտներ եղե՞լ են:

— Իհարկե… Ո՞նց կարող է ստեղծագործական պրոցեսի մեջ չլինեն կոնֆլիկտներ, անհամաձայնություններ: Եվ դա նորմալ է: Բնականաբար, ամեն մտքիդ հետ չէ, որ համաձայն են լինում, համակերպվում են: Դու, որպես բեմադրիչ, պետք է դերասանին կարողանաս համոզել, որովհետեւ բեմում, վերջիվերջո, ինքն է մատուցում այդ կերպարը:

— Ամենատպավորիչ ներկայացումը ո՞րն է եղել:

— Բոլորն էլ հետաքրքիր են եղել: Ես այնտեղ 5 ներկայացում եմ տեսել, որից երեքը ես եմ բեմադրել: Որպես բեմադրիչ՝ շատ գոհ եմ եղել «Անմահների դիրքը» ներկայացումից, Մարիա Սարգսյանի` Անահիտի դերակատարմամբ: Ես գոհ եմ իրենից, որովհետեւ այն ասելիքը, որ ես փորձել եմ հաղորդել, տվյալ դերակատարը մաքսիմալ կարողացել է փոխանցել իր կերտած կերպարի միջոցով:

«ԹՇՆԱՄԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՉԺՊՏԱՆՔ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉԱՊՐԵՆ»

— Երբ գնացիք Արցախ, 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո էր: Մարդկանց հետ շփվելիս զգացմունքները տեղիք չէի՞ն տալիս:

— Բոլորիս մեջ կա այդ կորստի ու անարդարության զգացմունքը: Նրանց աչքերում կար հետեւյալ հարցը` ո՞նց ստացվեց, որ թուրք-թաթարական ազգությունները, որոնք աշխարհին ոչ մի լավ բան չեն տվել, այսօր եկել են մեր տարածքները եւ մեզ այստեղից տեղահան են անում, ու աշխարհը լռում է: Այս ֆորման է նրանց մեջ` ինչո՞ւ է աշխարհը լռում: Հետո մենք բեմադրեցինք «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, որը հայոց մեծ Եղեռնի ջարդից հետո կատարվող իրավիճակի մասին է եւ հոգեբանորեն մաքրվելու հնարավորություն է տալիս: Այսինքն` կար կիսատ, չասված խոսք մեր մեջ, որը մենք պետք է ասեինք: Եվ մեր ներկայացումները՝ թե՛ «Անմահների դիրքը», թե՛ «Հրեշը լուսնի վրա», հենց այդ կոնտեքստի մեջ են եւ մեր միջի կուտակված ասելիքը փոխանցում են հանդիսատեսին: Ես առաջին օրը, երբ գնացի Արցախ, կարծում էի շատ կոտրված վիճակ կլինի, հանդիսատեսի խնդիր կա: Բայց, արի ու տես, որ մենք անցած տարի 80-ից ավել ներկայացում ենք խաղացել ` մշտական լեփ-լեցուն դահլիճներով: Օրինակ` երբ մենք «Մատնաչափիկը» ներկայացումն էինք բեմադրել եւ հանձնում էինք հանդիսատեսի դատին, առաջնախաղի օրը համընկել էր Արցախ Խրամորթի բախումների հետ: Ու այդ լարված վիճակում խաղացինք ներկայացում երեխաների համար: Մենք հիմա այս պահին էլի իմ ասիստենտի` Մարիաննա Գրիգորյանի բեմադրությամբ խաղացինք «Ամանորյա հեքիաթը» մանկական ներկայացումը: Շրջափակման մեջ գտնվող Արցախում մենք լեփ-լեցուն դահլիճներով արդեն 20 ներկայացում ենք խաղացել: Մենք այս պահին ունենք մեկ նպատակ` երեխաներին ժպիտ պարգեւել, որովհետեւ մեր թշնամին ամեն ինչ անում է, որ մենք չժպտանք, մեր երեխաները չապրեն: Ինձ համար շատ ցավալի է, երբ հարցազրույցի ժամանակ Արցախի երեխաները Ձմեռ պապիկից ավտոմեքենա կամ խաղալիք ուզելու փոխարեն՝ խաղաղություն են խնդրում: Ես հոգեբանորեն շատ ծանր տարա, երբ տեսա այդ տեսանյութը: Բայց մեր առաքելությունն էլ այն է, որ այդ վիճակում էլ մեր երեխաներին ստիպենք ժպտալ, որովհետեւ մի խրամատ էլ Արցախի պետական թատրոնն է:

— Առողջական խնդիրներով եկաք Երեւան, եւ փակվեցին ճանապարհները: Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ իմացաք այդ լուրը:

— «Անմահների դիրքը» ներկայացումն ինձ հոգեբանորեն ջարդել էր: Վերջին փորձերին արդեն տնօրենն էր անհանգիստ՝ տեսնելով իմ առողջական վիճակը, որ հանկարծ ինձ հետ մի վատ բան չկատարվի: Եկա տուն, որպեսզի մի քիչ կազդուրվեմ ու մեկ էլ տեղեկացա, որ փակվել են ճանապարհները: Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Ես օրը 50 անգամ խոսում եմ իմ ընկերների հետ: Գիտեք, եթե այդ ամենին մենք նայենք քրիստոնեական տեսանկյունից, հասկանում եմ, որ դա մի ծանր փորձություն էր, որի միջով պետք է անցնենք: Բայց թե ինչի՞ համար ենք մենք այս աստիճանի հասել ու այսպես պատժվում, ես դրա բացատրությունը չեմ գտնում: Շատ ծանր եմ տանում՝ գիտակցելով, որ այս պահին ընկերներս այնտեղ կտրոնով հաց են գնում: Տարեց մարդ, որի երեխաները Երեւանում են ապրում, ինքն այնտեղ մենակ է, ես զանգել ու փորձում եմ հույս տալ: Եվ այսպես ամեն անգամ, երբ խոսում եմ ընկերներիս հետ, այնտեղից իրենք են ավելի շատ ինձ փորձում հուսադրել: Ասում են` մենք լավ ենք, պինդ ենք, հանգիստ եղիր: Ես այստեղից ավելի նյարդային վիճակում եմ, քան իրենք այնտեղ: Իրենք Արցախում ավելի պինդ են, համախմբված: Արդեն այս սոցիալական խնդիրը, որ եղավ, բոլորը դարձան հավասար: Եվ կապ չունի, թե դու ինչքան գումար ունես: Դու ունես իրավունք գնելու այսքան հաց, մակարոն ու ձու: Այսինքն՝ սոցիալական խնդիրն ընկավ երկրորդ պլան: Հիմա մի քիչ գաղափարային խնդիրներն են առաջ եկել: Ճանապարհը փակ է, եւ չգիտենք, թե երբ կբացվի: Մեր քաղաքական այրերի անգործությունն ինձ վրա ահավոր ազդում է: Ասում են` աշխատում ենք, անում ենք… Ես նրանց աշխատանքը չեմ տեսնում: Չի եղել, որ բոլոր դեսպաններին կանչեն իրենց մոտ, կռիվ տան ու ասեն` այս ի՞նչ է կատարվում: Մեր բոլոր դեսպանները գնան ու աշխարհով մեկ սկսեն աղաղակել ու պահանջել: Բայց դրա փոխարեն՝ լռություն է: Ինձ այս պահին ավելի շատ պետական այրերի անգործությունն է հունից հանում:

«ԱՆԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՐԵՑ ՄԵԶ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ»

— Այսօր վտանգված է մեր երկրի վիճակը: Ըստ Ձեզ, սա ինչի՞ հետեւանք է:

— Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն էր մեր Առաջին արցախյան պատերազմի հաջողությունը, միշտ ասում եմ` դա միջին խավի, մեր հայրերի գրագետ լինելն էր: Մեր հայրերի հոգեբանական զարգացվածությունն էր: Եկեք մեր շուրջը նայենք, ունե՞նք այդ հանուն գաղափարը: Մեր միջին խավը զարգացա՞ծ է, թե` ոչ: Մեր հասարակությանը հասցրել են այն աստիճանի, որ իր համար ամեն ինչ միեւնույնն է: Ես իրենց չեմ կարող մեղադրել զուտ մեկ պատճառով: Եկեք ճիշտը խոսենք այդ վատ բաներից. երբ հասարակությունը հասել է այն վիճակին, որ իր համար կարեւոր է միայն օրվա հաց վաստակելն ու իր երեխային կերակրելը, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Վերջերս Ստեփանակերտում 11 եւ 12 տարեկան երկու փոքր տղա երեխա հերթի մեջ են կանգնած եղել, մեծերը հերթից այս տղաներին դուրս են հրել՝ ասելով, թե դուք գնացեք ամենավերջում կանգնեք: Ու երբ այդ երեխաների հերթը հասել է, խանութում ոչ մի բան մնացած չի եղել: Հիմա այդ տղաները, որ մեծանան, գնան բանակ, իրենց հերթից բրթողներին կուզե՞ն պաշտպանել: Եթե ապրում ենք նման արժեհամակարգում, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Մենք այսօր արժեհամակարգ չունենք: Արդյոք տվյալ մարդն արժանիք ունի, որ իրեն հետագայում պաշտպանեն այդ երեխաները, որոնց հերթից բրթել, շպրտել են դուրս: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա իշխանությունն իրականում հասարակության արտացոլանքն է, հայելին է: Դա մեր հավաքական կերպարն է, մեր դեմքն է: Եթե ապրում ենք նման կերպ ու կուլ ենք տվել այդ կանոնները, ո՞վ է մեղավոր: Եթե մենք կուլ չտայինք այդ կանոնները, բնականաբար, այս իշխանությանը չէինք ունենա: Ամեն ինչ այդտեղից է սկսվում: Սրան-նրան մեղադրելու փոխարեն՝ եկեք ինքներս մեզ նայենք հայելու մեջ: Բացի պահանջելուց ու լացելուց՝ մենք ի՞նչ ենք արել: Ոչ մի բան… Չկա քաղաքացու գաղափարը: Դա է խնդիրը, երբ չկա քաղաքացու մտածելակերպ, այդտեղից սկսվում է ամբողջական անջրպետը: Լավ է Ֆեյսբուքն էլ հայտնվեց, ինչքան անիմաստ մարդ կա, որ իր կարծիքն անգամ իրենց տանը հետաքրքիր չէ, Ֆեյսբուքով սկսել է խոսել: Ամեն մարդ կարեւոր է համարում իր կարծիքն արտահայտել: Այդ անարժեքության արժեքավորումը բերեց մեզ այս վիճակին:

— Ի՞նչ կասեք որոշ մշակութային գործիչների՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լռության մասին, որ ոտքի չեն կանգնում:

— Ո՞ւր է այդտեղ մշակույթի մարդ: Ոտքի կանգնեն ինչի՞ դիմաց:

— Հանուն Արցախի…

— Եկեք մի վատ օրինակ էլ բերեմ. մեր մշակույթի մարդիկ տարբեր ժամանակներում տարբեր ակցիաների ժամանակ գալիս հանրահավքներին մասնակցում էին, որ հասնեն քաղաքապետարան ու քաղաքապետից մեդալ ուզեն: Հասկանո՞ւմ եք մեր մշակույթի մարդկանց որակը: Նրանցից ո՞ր մեկն է սրտացավ: Համոսահյաննե՞ր կան այսօր: Գոնե նրանք Նարեկացուց տեղյա՞կ են՝ ով է: Գիտե՞ն, որ հայը սիրում է Տերյանի բառերով: Հայ տղամարդն իրականում երբ սիրահարվում է, իր մեջ Տերյանի տողերն են ձեւավորվում: Գիտե՞ն, որ հիասթափությունը՝ սեւակյան ֆորմա է: Գիտե՞ն, որ պայքարն ու խելառությունը հայ կնոջ ու տղամարդու անջրպետների միջեւ չարենցյան ֆորման է: Ո՞վ իրենցից գիտի: Իրենք գիտեն մի բան` պնակալեզությամբ զբաղվել: Գիտե՞ք միայն ինչ գիտեն` կապ չունի ընդդիմություն ես, թե իշխանություն, գնան մասնակցեն միտինգին, որ ինչ-որ գրանտ կամ հովանավորչություն ստանան՝ ներկայացում բեմադրելու կամ ֆիլմ նկարահանելու համար: Իրենք դրա համար են մասնակցում: Ու երբ հասարակությունը տեսնում է, որ տվյալ մշակութային գործիչը մասնակցել է հանրահավաքին ու հետո ստացել է գրանտ, արդեն ամեն ինչ պարզ է լինում… Դու չես կարող խաբել հասարակությանը: Երբ դու սկսում ես բարձր բարեխոսել, ասում են` մի րոպե արի, քեզ վաստակավորի կոչումը շաբաթ տանք, ու հետո դու կգաս մեր հարսանիքն էլ կբեմադրես: Ու ինքն էլ դրանով երջանիկ ապրում է: Այդ արժեհամակարգի խնդիրն է: Երբ մենք այդպիսին ենք, ի՞նչ ենք ուզում մնացած մարդկանցից:

— Երբ ճանապարհները բացվեն, ի՞նչ ծրագրեր ունեք:

— Նույն վայրկյանին կմեկնեմ Ստեփանակերտ: Եվ պարտադիր պետք է կատակերգություններ բեմադրեմ: Ես այս պահին բանակցում եմ, որ ճանապարհները բացվելուց հետո՝ մեր «Հրեշը լուսնի վրա» ներկայացումով հանդես գանք արդեն Ռուսաստանի Դաշնությունում: Պլանավորում եմ բեմադրել նաեւ քաղաքական սատիրա: Ուզում եմ այս քաղաքական դաշտի հայելին հանել ու ցույց տալ մարդկությանը: Ասեմ` եկեք նայեք ձեր դեմքին: Բնականաբար, շատերը չեն սիրում սեփական դեմքին նայել, բայց ինձ համար միեւնույնն է: Ես իրենց ցույց եմ տալու իրենց իրական դեմքը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում