Տեղի է ունեցել Մասիսի պանթեոնին կից Խաչքար-կոթողի Օծման եւ բացման արարողությունը
Հասարակություն«Նախատոնական այս օրը, երբ շատ այլ համայնքներում անցկացվում են ամանորյա միջոցառումներ, մեր համայնքում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնում։ Իմ նախաձեռնությամբ եւ օրհնությամբ ու ձեռամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գեւորգ եպս. Սարոյանի, տեղի է ունեցել պանթեոնին կից Խաչքար-կոթողի Օծման եւ բացման արարողությունը։
Ողջունելով ներկաներին՝ նշել եմ, որ ի հիշատակ անմահ հերոսների կառուցված այս հուշահամալիրն այսուհետ կդառնա մի յուրօրինակ սրբավայր բոլոր որդեկորույս ծնողների համար։ Տեղեկացրել եմ նաեւ, որ գալիք տարում պանթեոնի տարածքում կկառուցվի թանգարան։ Այնուհետ կատարվել է Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված բոլոր նահատակների։ Համալիրն այսուհետ կկոչվի Սրբոց նահատակաց հուշահամալիր։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», - գրել է Մասիսի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ։

