Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Ներքաղաքական

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի:

Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, քանզի միջազգային հանրության անտարբերության արդյունքում վտանգված են Արցախն ու Արցախահայության ճակատագիրը: Այս ծանր իրավիճակում զորակցություն եմ հայտնում իմ ընկերներին, բարեկամներին, Արցախում ապրող մեր հերոս, տոկուն, հայի իսկական տեսակին և թանկագին հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մաղթում եմ խաղաղություն և առողջություն, միասնություն և բռունցքվելու ու գոտեպնդվելու կարողություն՝ պատերազմական հանցագործներին դիմակայելու համար։ Ինչպես մեծն Թումանյանն է ասել . ‹‹Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան, Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան››։

2022 թվականը մոտենում է իր ավարտին։ Հայ ժողովրդի համար ավարտվում է դժվարություններով ու ցավով լեցուն ևս մեկ տարի… 2022-ին շարունակեցինք կրել Արցախյան քառասունչորսօրյա դաժան պատերազմի ծանր ու անողոք հետևանքները։ Նոր աղետ դարձավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, դարձյալ հարյուրավոր պայծառ երիտասարդների կորուստ կրեցինք, և այսօր էլ մեր Հայրենիքի շուրջ տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ։ Ուստի, Ամանորի տոնական տրամադրության փոխարեն հայ մարդուն պատել են մտահոգությունները, մեր հոգիներում անթեղված են անասելի ցավ ու տագնապ: Այն ամենին, ինչին ականատես ենք, ավա՜ղ, թուրք-ադրբեջանական զավթողական նկրտումների արդյունքն է, ցեղասպանությունների միջոցով խնդիրներ լուծելու, կենսատարածքներ գրավելու և մշակութային ցեղասպանության ճանապարհով հայկական քաղաքակրթության հետքերը շարունակաբար վերացնելու թուրքիայի և ադրբեջանի անպատիժ քաղաքականության հետևանքը: Ավելին՝ այս իրողությունները մարդկության խաղաղ ապագային ուղղված նոր կացնային հարված է:

Այո՛, դարեր շարունակ մեզ կոտորել են, սպանել, ոչնչացրել հայկականն ու հայեցին, սակայն մենք գտել ենք ապրելու և փյունիկի պես վեր հառնելու ուղին, մենք թույլ չենք տվել, որ թշնամին մեզ արմատախիլ անի, որովհետև մենք ապավինել ենք մեր մտքի զորությանն ու հավատքին: 2023 թվականից սպասումներ ունենք, ունենք փափագ և հույս, որ լավ է լինելու, հավատում ենք, որ թանձր խավարից հետո արշալույսն է ծագելու: Եվ հույսը երբեք չպետք է մարի, և, ապավինելով հույսին, Նոր տարին պարտավոր ենք դիմավորել այն վստահությամբ, որ ժողովուրդը դուրս է գալու թմբիրից և վերատեսության է ենթարկելու իր կյանքը, իր առաքելությունը և միասնաբար կերտելու է հզոր Հայաստան, որ Հայաստանում և Սփյուռքում առկա բոլոր հնարավորություններն օգտագործվելու են Արցախին և այնտեղ ապրող հայ ժողովրդի մի հատվածին փրկելու, նրանց արդար իրավունքները պաշտպանելու համար: Մենք չունենք ընկճվելու, զենքերը վայր դնելու՝ այդպիսով թշնամու ձգտումներին նպաստելու իրավունք: Հիշենք մեծ մարդասեր, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայտնի միտքը. «Հայոց պատմությունն անվերջ փորձարկումների պատմություն է, ապրելու փորձարկում»։ Հայրենիքը, հայոց պետականությունը, Արցախը և համազգային միասնությունն այն ամուր հիմքերն են, որոնց վրա յուրաքանչյուրս պիտի ավելացնենք մեր քարը և միասնաբար կառուցենք Հայաստանի անխորտակ տաճարը:

2023-ին մեր կարևոր անելիքը պետք է լինի ի սեր Հայրենիքի՝ համախմբվել, ձերբազատվել անհանդուրժողականության և ատելության չարիքից, հրաժարվել անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինել բարի, սիրով, միաբան ու միակամ, որպեսզի ի զորու լինենք թշնամուն հեռացնել մեր տարածքներից, Հայրենիքում վերստին հաստատել խաղաղություն և լծվել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի: Մնում է հավատալ, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի համախմբմամբ 2023 թվականը կդառնա հայրենափրկության և հայրենաշինության տարի։ Նոր տարվա նախաշեմին ցանկանում եմ հիշել Երվանդ Օտյանի հետևյալ խոսքերը. «Կան մարդիկ, որ հավատում են, կան մարդիկ, որ չեն հավատում: Ես այն մարդկանցից եմ, որ հավատում եմ»: Ես միանում եմ Երվանդ Օտյանի այս խոսքերին և համոզված պնդում, որ չհավատալը դյուրին ճանապարհ է. մերժում ես և վերջ: Իսկ հավատալը դժվար է, որովհետև, եթե հավատում ես, քեզ վրա բեռ ես վերցնում և ձգտում ես այդ բեռը պատասխանատվությամբ կրել: Ես հավատում եմ հայ ժողովրդի ներուժին, հավատում են ինձ այնքան հարազատ դարձած սփյուռքահայերին և կարծում եմ, որ մենք այս հավատով, հույսով և սիրով մեծ գործեր ենք անելու, հայրենաշունչ ծրագրեր կյանքի կոչելու։ Մեր պարտքն ու պատասխանատվությունն է սերունդներին փոխանցել հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի սրբության սրբոցները` Նաիրյան ոգու ապրելու և հաղթելու կենսուժը, Հայոց տենչի և Նաիրի երկրի պայծառ Տեսլականը, մեր հավաքական անկոտրում Ոգին, մաքառման Կամքը, հայրենասիրության տոհմիկ Առաքինությունը և Հայրենիքին ծառայելու Առաքելությունը։

Հավատանք Հայոց Հայրենիքի՝ Հայաստանի, այդ թվում Արցախի հավերժությանը և գոտեպնդված գործենք՝ ի կատարումն Վահան Տերյանի հավատո հանգանակի. «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման։ Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր… Հայրենիքի ճակատագրով պետք է մտահոգվենք բոլորս` միմյանց աջակցելով, միմյանց լրացնելով և հավատալով... Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»:

ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի