«Անքարտեզ Հայաստան»․ մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան
Ներքաղաքական«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անքարտեզ Հայաստան» վերնագրով ուղերձ է հրապարակել։
Չհամախմբվեցինք, սեւ-սպիտակ խաղացինք՝ հայրենազրկման տմարդի ու հարատեւ արշավանքներին չդիմացանք։ Ազգովի չունեցանք ուժ եւ արժանապատվություն՝ նոր, արտահերթ, ներդաշնակ, կուռ իշխանակարգ բերելու, մեր լավագույն ուստրերին ու դուստրերին կառափնարան ուղարկեցինք։
Առաջին հերթին՝ նա ուղարկեց, նա հանձնեց՝ հունվարից սեպտեմբեր, եւ այդպես շարունակ։ Ինքնակամ, անխիղճ, անհոգի։ Ըստ էության՝ անքարտեզ։
Օրհասական վիճակները կանխելի են, ոչ միայն՝ հետադարձով դատապարտելի։
Այսօրվա համապետական ճգնաժամը նույնքան ներքին հանցաղբյուր ունի, որքան՝ արտաքին բաղադրիչ։
Առանց ներսի ու դրսի հեքիաթային փրկիչների փնտրտուքի՝ մենք պարտավոր ենք համահայկական ջիղով, մտքով ու բազկով վերականգնել Հայաստանի կենտրոնաձիգ պետականությունը, մեր ամբողջականությունն ու պատմական առաքելությունը:
Պատերազմի գլխավոր մեղսագործները պետք է գտնեն իրենց արդարադատությունը, ներքին դավաճաններն՝ իրենց դատավճիռը։
Բայց այժմ եւ դրան զուգահեռ՝ մեզ հարկավոր է ուղղվել, սրբագործվել, ուշքի գալ եւ խոնարհաբար ինքնամաքրվել՝ անհատապես ու հավաքականորեն։
Հերթական «հետո»-ն մեզ պետք չէ։ Մենք գալիք նոր փորձություններից առաջ պիտի վերագտնենք մեր բռունցքն ու ողնաշարը, սիրտն ու ոգեղենը հայկական։
Ահա այստեղ է, ով խաղաղատենչ ժողովուրդ, որ ճշմարիտ այլընտրանք պարզապես չկա»։

