ՀՀ ԳԱԱ-ն կոչ է հղել գործընկեր կառույցներին. հայտարարություն
ՀասարակությունՀՀ ԳԱԱ-ն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի մասին, որում մասնավորապես ասված է.
«Տեւական ժամանակ է, ինչ բնապահպան ներկայացող ադրբեջանցիների մի մեծ խումբ շինծու պատրվակով փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ, կենսական նշանակության ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Փաստական ապացուցված է այն հանգամանքը, որ «բնապահպան» ադրբեջանցիները, որոնց շարքերում նկատվել են տարբեր պաշտոնյաներ, զինվորականներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ եւ այլն, որեւէ առնչություն չունեն բնապահպանի գործի հետ: Սակայն նրանց գործողությունների արդյունքում Արցախի բնակչությունն արդեն տասներորդ օրն է՝ հայտնվել է շրջափակման մեջ։
Մեր օրերում, երբ արդի քաղաքակիրթ աշխարհը համընդհանուր քննադատության է արժանացնում մարդու իրավունքների ոտնահարման նվազագույն փորձը, Արցախի բնակչությունը հումանիտար աղետ է ապրում՝ զուրկ պարենի եւ դեղորայքի ձեռքբերման, բուժօգնության, ազատ տեղաշարժի եւ այլ հիմնարար իրավունքներից։ Արցախում՝ իր պատմական հայրենիքում, այժմ բնակվում է 120 հազար մարդ, գրեթե նույնքան, որքան կազմում է, օրինակ, Օռլեանի (Ֆրանսիա), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) կամ Ցյուրիխի (Շվեյցարիա) բնակչության թիվը: Անհնար է պատկերացնել միջազգային հանրության լռությունը եւ անգործությունը, եթե նմանօրինակ վտանգի առջեւ հայտնվեին թվարկված քաղաքները (տարածաշրջանները)։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կոորդինացվող այս գործողությունները խախտում են ոչ միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը խաղաղության վերաբերյալ, այլեւ ուղղակիորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կողմից ընդունված եւ աշխարհի երկրների մեծ մասի կողմից ստորագրված մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները եւ համաձայնագրերը։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան խստիվ դատապարտում է արդի բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրիչ եւ վտանգավոր քայլերը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում իր միջազգային գործընկեր կառույցներին, միջազգային հումանիստական կազմակերպություններին բարձրաձայնելու իր իսկ պատմական հայրենիքում՝ սովի, բուժօգնության եւ դեղորայքի ձեռքբերման անհնարինության, ցեղասպանության իրական վտանգի առջեւ կանգնած հայերի հարցը, աջակցել եւ լուծումներ առաջադրել։ Հակառակ պարագայում մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք հռչակած երկրների, հումանիստական առաքելություն իրականացնող միջազգային խոշոր կազմակերպությունների հռետորաբանությունը կարող է տեղիք տալ լրջագույն կասկածների՝ դրանց ազնվության եւ կիրառելիության օբյեկտիվության հարցում»։
https://iravunk.com/sim/?p=244423&l=am/

