Անելու եմ առավելագույնը. ով է Հայաստանի կարատեի միության նոր նախագահը
ՍպորտՕրերս Հայաստանի կարատեի միության խորհրդի անդամները, միաձայն որոշմամբ, 3 տարով միության նախագահ ընտրեցին Արշակ Գրիգորյանին։ Միության նորընտիր նախագահը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Պուշկինո շրջանի հայ համայնքի ազգային մշակութային ինքնավարության ղեկավարն է։
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է միաձայն ընտրվել միության նախագահ ու ստանձնել այս կարեւոր պաշտոնը, որն իրենից մեծ առաքելություն է պահանջում»,- ընտրությունից հետո` ասաց Հայաստանի կարատեի միության արդեն նորընտիր նախագահ Արշակ Գրիգորյանը։
«Սպորտով երկիր են ճանաչում, դրա համար, ի պաշտոնե, ես անելու եմ առավելագույնը, որպեսզի Հայաստանի կարատեի միությունը, իմ պաշտոնավարության ընթացքում, ունենա միմիայն հաջողություններ՝ միջազգային կարատեի ամենաբարձր ասպարեզներում ձեռքբերումներ ու նվաճումներ գրանցի»,- վստահեցրեց միության նորընտիր նախագահն ու հստակեցրեց, որ միության առաջընթացի համար պետք է գործի դնել ե՛ւ ֆինանսական ամենատարբեր աղբյուրները, ե՛ւ միջազգային կապերը։
«Ուրախ եմ, որ Հայաստանի կարատեի միության նախագահի կարեւոր պաշտոնը, 3 տարով ստանձնեց Արշակ Գրիգորյանը։ Երկար տարիներ ճանաչելով Արշակին՝ ավելին քան վստահ եմ, որ նրա հետ մեր համագործակցությունը երկար տարիներ կշարունակվի եւ կունենանք հաջողություններ»,- վստահեցրեց Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, ում առաջարկով էլ միության նախագահի պաշտոնում ներկայացվել է Արշակ Գրիգորյանի թեկնածութունը։
«Վերջերս, երբ մի քանի կարեւոր հանդիպումներով մեկնել էի Մոսկվա, հենց այդ ժամանակ էլ առաջարկեցի Արշակ Գրիգորյանին ներկայացնել իր թեկնածությունը՝ միության նախագահի պաշտոնում։ Արշակի համաձայնությունը ստանալով, նրան ներկայացրեցի միության խորհրդի անդամներին։ Արդյունքում, խորհրդի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին Ա․ Գրիգորյանի թեկնածությանը եւ նա այսօրվանից հանդիսանում է Հայաստանի կարատեի միության նախագահը»,- ներկայացրեց Կամո Ունանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կարատեի միությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Միության հիմնադիրը կարատեի Եվրոպայի եւ Աշխարհի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանն է: Հիմնադրումից ի վեր միությունը ակտիվ գործունեություն է ծավալել, Հայաստանը պատվով ներկայացնելով միջազգային մի շարք մրցաշարերում։ Միությունը 2020 թվականին մասնակցել է 3, իսկ 2021 և 2022 թվականներին՝ 4 միջազգային կարեւոր մրցաշարերում։

