Արցախը պայքարում է, որպեսզի հայկական հարցը չլուծվի թշնամու ուզածով. Քրիստինե Վարդանյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ` շատերն այսօր չեն պատկերացնում ստեղծված իրավիճակի վտանգավորության աստիճանը:
— Մտավախություն ունեմ, որ երբ ասում ենք Արցախը շրջափակման մեջ է, որ փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Հայաստանում բնակվող մեր շատ հայրենակիցներ լավ չեն պատկերացնում, թե ինչ է: Գուցե, մարդիկ լինեն, որ մտածում են, թե սովորական ճանապարհ է փակ՝ պատկերացում չունենալով, թե ինչ ճանապարհ է: Իսկ իրականությունն այն է, որ 120 հազար մարդ հիմա կտրված է աշխարհի հետ կապից, մարդիկ, որոնց ընտանիքում կա զինվոր, զոհ, մարդիկ, որ մղել են երեք պատերազմ, պայքարել ապրելու իրավունքի համար եւ չեն պատրաստվում ապրելու համար պայքարը դադարեցնել: Շրջափակման մեջ է թշնամու կոկորդին կանգնած հայ ազգի ամենապայքարող, ամենից շատ կորուստներ ունեցած հատվածը, որն այս 30 տարիների ընթացքում իր վրա է ընդունել թշնամու հարվածները, իսկ հիմա էլ հարվածի կիզակետում է: Այո, շատ ծանր է Արցախում իրավիճակը, բայց արցախցիները չեն պատրաստվում զիջել իրենց կենսական իրավունքները, չեն պատրաստվում դադարեցնել պայքարը: Հետեւապես, պետք է ստանան մեր ամբողջական աջակցությունը: Որեւէ հայ աշխարհի ցանկացած վայրից հանկարծ չպետք է հնչեցնի մի քիչ զիջելու, հուսահատության կոչ: Հանկարծ չպետք է հնչեն հետքայլի կոչեր: Մի կարեւոր բան էլ, որ, կարծում եմ, վաղուց պետք է մենք հասկանայինք, բայց հատկապես հիմա այն սրվում է` չկա Արցախի հարց, Գեղարքունիքի հարց, Սյունիքի հարց, կա հայկական հարց: Թշնամին ուզում է հայկական հարցը լուծել: Արցախը պայքարում է, որպեսզի հայկական հարցը չլուծվի թշնամու ուզածով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

