ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅՍ ԽԱՌԸ ՊԱՀԻՆ
ՎերլուծությունԲայց ամեն դեպքում, հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում Լաչինի միջանցքի ուղղությամբ, իհարկե, չի կարելի աչքաթող անել մեկ էական գործոն՝ Թուրքիային:
Այս օրերին Թուրքիայից մեկ բավական ուշագրավ հայտարարություն լսվեց: Խոսքը՝ «Ապագա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ, նախկին ԱԳ նախարար, Էրդողանի նախկին թիմակից Ահմեդ Դավութօղլուի մասին է, ով հանկարծ հայտարարեց, թե հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացավ իր հողերի զգալի մասը հետ վերցնի Հայաստանից: Հայաստանը քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունի: Թուրքիայի համար լավ ժամանակ է՝ իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»:
Այսինքն, Դավութօղլուն Էրդողանին, ում համարում է գրեթե թշնամի, փորձում է մի այնպիսի խորհուրդ տալ, որից Թուրքիայի նախագահը օգտվելու դեպքում կմեծացնի՞ գալիք գարնանը վերընտրվելու իր շանսերը: Այն դեպքում, երբ Դավութօղլուի իրական տերերը՝ ամերիկացիները, ճիշտ հակառակն են անում՝ ամեն կերպ փորձում են ձախողել Էրդողանի վերընտրվելը: Ընդ որում, դրանով էրդողանական թիմի թշնամանքն ամերիկացիների հանդեպ հասել է այն աստիճանին, որ նախօրեին թուրքական խորհրդարանի էրդողանական պատգամավորներից մեկը մի մեծ կռիվ սարքեց այն բանի համար, որ իրեն անվանեցին «Ամերիկայի ընկեր»: Կարճ ասած, նման «խորհրդով» Դավութօղլուն ցույց տվեց, որ կա՛մ ամերիկացիներին էլ չի ենթարկվում, ինչը քիչ հավանական է, կա՛մ էլ, որ այդ աղվեսը մի այլ խնդիր է լուծում:
Միեւնույն ժամանակ նաեւ նկատենք, որ Լաչինի միջանցքի այս աղմուկի ֆոնին Թուրքիայի ձայնը, գոնե նախնական փուլում, գրեթե լսելի չէր: Հետո լսվեց միայն Չավուշօղլուի կեսբերան աջակցության հայտարարությունը, եւ վերջ: Ինչո՞ւ չի նետվում «փոքր եղբորը» պաշտպանելու, երբ նրա հասցեին ամեն կողմից մեղադրանքներ կան` բավարարվելով ներքին քննարկումներով: Չնայած, կոնկրետ դեպքում կտրում քայլով նա ռուսների հետ է հակամարտության նոր առիթ ստեղծելու: Այն դեպքում, երբ այս պահին նման հակամարտությունն Էրդողանին հաստատ պետք չէ:
Այսպես, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն նախօրեին հայտարարեց, որ Թուրքիայում գազային հաբի գաղափարը կիրականացվի: Դիվանագիտական նման զուսպ արտահայտությունների փոխարեն, այս օրերին Անկարայից ավելի բուռն հայտարարություններ են լսվում այդ թեմայով: Մասնավորապես, որ այդ ծրագիրն արդեն մտել է գործնական փուլ, որ օրակարգում է նաեւ գործողից բացի, գազի նոր ուղիների ձեւավորման հարցը՝ ՌԴ-ից, նաեւ՝ Իրանից: Ընդ որում, այս համատեքստում թուրք փորձագետներից մեկի մոտ կար ընդհուպ այն մասնագիտական կարծիքը, որ պետք է անպայման օգտագործել նաեւ Հայաստանի հնարավորությունները: Այն է՝ ՌԴ-ից Հայաստան եկող գազատարն ունի անհամեմատ ավելի մեծ թողունակություն, քան Հայաստանի պահանջարկն է, եւ պետք է միայն այն արդիականացնել: Նաեւ կարելի է համեմատաբար արագ եւ էժան քառապատկել Իրանից Հայաստան եկող հզորությունները, եւ հավելյալ ողջ ծավալները կտեղափոխվեն Թուրքիա:
Տնտեսական առումով գաղափարը նորմալ է: Իսկ քաղաքական տեսանկյունից դրա համար պետք է մեկ «հասարակ» բան՝ Հարավային Կովկասում հանդարտ իրավիճակ: Բայց ահա այդ նույն պահին մի կողմից՝ Ալիեւի մոտ են նկատվում քայլեր, որոնցից ամենաշատը կարող են օգտվել ամերիկացիներն ու ՀՀ ԱԽՔ-ի այդքան սիրելի բրիտանացիները՝ Գրիգորյանին ընդունած MI6-ով հանդերձ: Մյուս կողմից էլ՝ Դավութօղլուն է «բզում», թե այ Էրդողան, ինչի՞ ես սպասում: Ու էլի արդյունքում կշահեն ամերիկացիները, եթե հասնեն թուրք-ռուսական բախումների:
Իսկ ահա Էրդողանը, հանուն «եղբայրական հավատարմության», պատրաստ է անգամ Իրանի սահմաններին զորավարժանքներ անել: Բայց կգնա՞ ավելի գործնական քայլերի, առավել եւս, որ դրա հետեւանքներից մեկը կարող է դառնալ գազային հաբի հեռանկարի կորուստը, որը նրան հնարավորություն կտա ոչ միայն նկատելիորեն հեշտացնել իր վերընտրությունը, այլ նաեւ Եվրոպայի վրա նման լուրջ տնտեսաքաղաքական լծակ ունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

