Տերն ու ծառան-2022
ՎերլուծությունԵվ այսպես, ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում: Հասկանալու համար նախ պետք է մի քանի պարզ փաստեր արձանագրել: Նախ, տեղի ունեցողը, ավելորդ է ասել, որեւէ առնչություն չունի բնապահպանության հետ, որի անվան տակ են ազերիները հանդես գալիս: Առավել եւս, երբ ճանապարհ փակելուն հաջորդեց գազամատակարարման դադարեցումը: Այն է, սա մաքուր քաղաքական ակցիա է, ուղղված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, թե՝ Արցախի դեմ, եւ դա է պետք նախ պարզել:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԱՉԻՆՈՒՄ
Հաջորդ փաստերը: Արցախյան իշխանությունները, ինչպես նաեւ երեկվա ԱԽ նիստը ցույց տվեցին, որ փորձում են թիրախն ուղղել խաղաղապահների ուղղությամբ, թե՝ դա նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտում է, ուստի եւ բարի եղեք ապահովել, որ միջանցքը բացվի: Իհարկե, այստեղ ճշմարտություն կա: Բայց մեդալն ունի նաեւ հակառակ կողմը. իսկ ի՞նչ է արել նույն պաշտոնական Ստեփանակերտը, որ նման իրավիճակի բանը չհասնի: Առհասարակ, ինչո՞վ են զբաղված արցախյան իշխանությունները, եթե մի կողմ ենք թողնում անգամ այս կործանարար պահին իրարից աթոռ խլելն ու նման բաները: Այս համատեքստում՝ ինչպե՞ս հասկանանք Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ «Ինձ համար սկզբում անսպասելի էր, որ անվտանգությանը զուգահեռ շատերը, որպես խնդիր, անարդարության հարցն էին նշում»:
Եվ կոնկրետ դեպքում, կապված այս «բնապահպանական աղետի» հետ. այդ ի՞նչ տարօրինակ խաղերի մեջ են մտել, ո՞ւմ օգտին են խաղում, ինչո՞ւ այս ամենը համընկավ Արայիկ Հարությունյանի՝ «հույժ տարօրինակ» ֆրանսիական այցի հետ, ո՞վ էր հրավիրել նրան, ինչո՞ւ: Սրա հետ մեկտեղ ինչպե՞ս հասկանանք Արցախի ԱԺ խմբակցությունների միասնական հայտարարության այս դրվագը. «Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները...»: Լո՞ւրջ են խոսում, այդ դեպքում, ի՞նչ նկատի ունեն «ավելի կոշտ միջոցների» տակ, որ խաղաղապահները կրա՞կ բացեն ցուցադրաբար չզինված ազերիական խառնամբոխի վրա: Հասկանո՞ւմ են, թե դա մինչեւ ուր կարող է հասցնել: Ըստ այդմ էլ, իսկ պատահակա՞ն է, որ խաղաղապահները դեպքի վայրին մոտենալ չեն թողնում արցախյան պատգամավորներին, ինչն արդեն նմանվում է խորը անվստահության:
Ֆիքսենք նաեւ, որ ոչ պակաս տարօրինակ են պաշտոնական Երեւանի մոտեցումները: Նախօրեին Նիկոլը երկար-բարակ ապացուցում էր, թե արցախահայությունը կանգնած է ցեղասպանության շեմին: Ու դրան զուգահեռ, թե կոնկրետ Հայաստանն ինչ պետք է անի դրա համար, կա զրո բացատրություն եւ գործողություններ: Ավելին, ցեղասպան թուրքերը Նիկոլի համար միանգամայն ընդունելի հասկացություն են: Ի դեպ, այս ամենի հետ մեկտեղ շատ կարեւոր հարց է նաեւ, թե այս խառը օրերին այդ ինչո՞ւ է զբաղված ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը Բրիտանիայում, այդ թվում՝ ի՞նչ էր կորցրել բրիտանական հետախուզության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի մոտ...
Ու սրան էլ, թերեւս, պետք է ավելացնել այն փաստը, որ պատահաբար հենց նույն օրն էլ Եվրոպան որոշեց, որ Հայաստանի սահմաններին երկու ամիս չգիտես ինչով զբաղվող իր դիտորդների ժամկետը չի ավելացնելու, այն է՝ այդ առաքելությունն ավարտված է: Այս կապակցությամբ, իհարկե, ընդունելի է Արմեն Աշոտյանի մեկնաբանություն-եզրակացությունը, թե՝ «Փաստորեն, Պրահայի հանդիպման ժառանգությունը գրեթե ավարտվեց»:
Ահա, մոտավորապես այս ընդհանրական ֆոնն էր, գոնե երեկվա դրությամբ, Լաչինի միջանցքի շուրջ: Առաջին հայացքից այս պատկերն ակնարկում է նման իրավիճակի մասին: Նախ, եթե «Պրահայի հանդիպման ժառանգությունը գրեթե ավարտվեց», ապա նաեւ ավարտվում է Ալմա-Աթայի համաձայնագրի հիման վրա սահմանները գծելու եւ դրանով Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու սցենարը, որը Ալիեւի համար երազանքների գագաթնակետ էր: Այս դեպքում Լաչինի միջանցքը «բնապահպաններով» փակելու գործընթացը կարելի է ընկալել, որպես Ալիեւի առաջին ռեակցիան ընդդեմ Մոսկվայի՝ «ձախողեցիք այդ գործընթացը, ուրեմն ես էլ կհարվածեմ նոյեմբերի 9-ի համաձայնագրին» սկզբունքով: Սակայն նման բացատրության դեպքում մի քանի հարց բաց է մնում: Ալիեւը պրագմատիկ գործիչ է եւ հազիվ թե լրջորեն հավատա, որ ինչ-որ «ակտիվիստներով» ճանապարհներ փակելով՝ լուծումներ կստանա: Նաեւ հաշվի առնելով, որ այդ դեպքում ռուսները եւս կարող են բազում այլ ադրբեջանական ճանապարհներ փակել ու էլի «ակտիվիստներով»: Օրինակ, դեպի ՌԴ գնացող երկաթուղին, որն Ադրբեջանին հսկայական վնասներ կտա: Կարող են նաեւ ողջ Կասպից ծովը փակել, եւ այդպես շարունակ: Այսինքն, ճանապարհ փակելով, երկար չես «ձգի», նաեւ հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հենց Ադրբեջանն է երաշխավորել միջանցքի անվտանգությունը, այն է՝ ինքն է պարտավոր իր «ակտիվիստներին» հեռացնել: Եթե ոչ, ապա դա կընդունվի, որպես համաձայնագրից դուրս գալու քայլ, որն արդեն այլ իրավիճակ է ենթադրում: Այդ թվում, որ ռուսներն այդ իրավիճակում կարող են հայտարարել, թե պահում են խաղաղապահ առաքելությունը՝ Արցախի բնակչությանը ցեղասպանվելուց փրկելու համար, որն արդեն վերածվում է Աբխազիայի կամ Մերձդնեստրի սցենարին: Այս դեպքում Ալիեւին կմնա ավելի արմատական քայլերի անցնել: Պատրա՞ստ է դրան Հեյդարովիչը:
ՆԻԿՈԼԻՆ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵ՞Լ
Այլ կողմից գանք. իսկ ինչի՞ կարող է հասնել Ալիեւը՝ ճանապարհ փակելով: Թերեւս, առավելագույնը, բանակցությունների կոշտացված դիրքերից: Ու հենց դա էր, որ դեռ նախօրեից նկատվում է:
Այսպես, այս միջադեպի հետ կապված, նախօրեին Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ինչպես Ալիեւի, այնպես էլ դրանից հետո նաեւ Նիկոլի հետ: Այսինքն, եթե ընդունենք, որ տեղի ունեցողն ընդամենը Ալիեւի «կապրիզներն» են, եւ այստեղ որեւէ դեր Նիկոլը չունի, ապա Նիկոլի հետ Պուտինի զրույցը ավելորդ կլիներ: Բայց...
Կրկնենք, Պուտինը Նիկոլի հետ խոսեց, երբ արդեն խոսել էր Ալիեւի հետ: Այսինքն, կա՛մ Ալիեւի հետ ինչ-որ բան քննարկեցին, որը պետք էր շարունակել քննարկել Նիկոլի հետ՝ ընդհանուր եզրեր գտնելու համար: Կա՛մ կարող է նաեւ Ալիեւի հետ խոսակցությունը լիովին ձախողվեց, եւ Պուտինը կապվեց Նիկոլի հետ՝ հետագա քայլերի հարցով պայմանավորվելու համար:
Ո՞ր տարբերակն է: Պատասխանը ստանալու համար նախ պետք է կռահել, թե ինչի՞ մասին կարող էին խոսել Պուտինն ու Ալիեւը:
Նկատենք, որ Լաչինի միջանցքը փակելուն զուգահեռ, Բայրամովը հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են... Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»: Եվ երբ նման «հույժ լավատեսական» ֆոնին Բաքուն նման արմատական քայլերի է գնում, նշանակում է, որ այդ «երկկողմ բանակցությունների» ինչ-որ դետալ Ալիեւի սրտովը չէ: Իսկ դա կարող է վերաբերել ամենաառանցքային խնդրին՝ Արցախի կարգավիճակի թեմային:
Այսպիսով, ելնելով նաեւ այն ելակետային տրամաբանական կետից, որ «Պրահայի հանդիպման ժառանգությունը գրեթե ավարտվեց», Պուտինի եւ Ալիեւի քննարկումները պետք է որ կենտրոնացած լինեն մոտավորապես այս միջակայքում: Ռուսներն առաջ են տանում «խաղաղության պայմանագրում» Արցախի հետ կապված՝ կարգավիճակի հետաձգված որոշելու մասին ռուսական առաջարկը, իսկ Ալիեւը՝ Պրահայում ընդուված սահմանազատման տարբերակը: Այս երկու կետերի միջեւ կարող են լինել մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը, որը կերաշխավորի ռուսական զորքերի անժամկետ ներկայությունն Արցախում, Մոսկվայի համար կարող է ընդունելի լինել: Ամեն դեպքում հասկանալի է, որ թեման պետք է քննարկվեր նաեւ Նիկոլի հետ: Այսինքն, երբ նա հաջորդ առավոտյան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, կարող է նշանակել, որ կա կոնկրետ առաջարկ, եւ պետք է տալ կոնկրետ պատասխան, այդ թվում՝ «խաղաղության պայմանագրի» ժամկետների հետ կապված, որը նորից Նիկոլը սկսել էր «ծամծմել»:
Ամեն դեպքում այն, որ Պուտինը Նիկոլի հետ Լաչինի թեման քննարկել է տարածաշրջանում կոմունիկացիաների վերագործարկման թեմայի համատեքստում, որը «խաղաղության պայմանագրի» գործընթացը «ծամծմելու» հիմնական պատճառներից մեկն է, թերեւս ակնարկ է այս վարկածի օգտին, որ այս ամենը միտված է արագորեն այդ պայմանագիրը կնքելուն:
ԱԼԻԵՎ-ՆԻԿՈԼ ԽԱՂՆ ԸՆԴԴԵՄ ՄՈՍԿՎԱՅԻ՞
Բայց, կրկնենք, միանշանակ չէ, որ Պուտինն ու Ալիեւն ինչ-որ կոնկրետ տարբերակի շուրջ պայմանավորվել են: Բայրամովը, նկատենք, խոսում է «երկկողմ բանակցությունների», մասին, որը, չմոռանանք, օրակարգ են բերել ամերիկացիները: Եվ այն, որ նա այդ հայտարարությունն արեց իր հերթին արեւմտյան ծագումնաբանությամբ միջոցառման ժամանակ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը, կարող է ակնարկ լինել, որ թեեւ «Բրյուսելի ձեւաչափը» չի գործում, սակայն այն փոխարինվել է ամերիկացիների առաջարկած «երկկողմ բանակցություններով», որը երրորդ կողմին՝ Ռուսաստանին խաղից դուրս թողնել է նշանակում: Ու եթե «երկկողմ բանակցություն», ապա դա կնշանակի, որ տեղի ունեցողը կարող է նաեւ Ալիեւի եւ Նիկոլի համատեղ խաղն է՝ ուղղված այդ գործընթացը կանգնեցնող միակ ուժին՝ ռուսական զորքերին Արցախից դուրս մղելուն:
Ամեն դեպքում այն, որ ամերիկացիներն արդեն տեւական ժամանակ ակտիվ խաղերի մեջ են, իր հերթին է խոսում այս վարկածի օգտին: Գումարած, «քաղաքակիրթ աշխարհը», ինչպես միշտ, այս դեպքում էլ «չի տեսնում», որ մի ամբողջ ցեղասպանություն է հասունանում, ինչպես եղավ 2020թ.-ին:
Բայց եթե ընդունենք, որ այս տարբերակն է, ապա հասկանալ է պետք՝ ինչքանո՞վ այն թուրքական թեւի համար էֆեկտիվ կարող է լինել: Ի վերջո, գալիս ենք նույն բանին՝ Ալիեւն ինչքա՞ն կարող է փակ պահել միջանցքը, եւ ձգձգման դեպքում ռուսներն ի՞նչ քայլերի են պատրաստ դիմել: Մեկ բան հաստատ է. խաղաղապահները երեկվա դրությամբ դեռ սպասում էին վերին հրամանի՝ կոնկրետ գործողությունների համար: Իսկ դա նշանակում է, որ «բազարները» դեռ շարունակվում են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

