Կիսիլյովն առանց ռուսերենի չի տեսնում ՀՀ ապագան
Արխիվ 16-20Հայաստանում գործող «Գրիբոյեդով» ակումբի հերթական հանդիպման առթիվ Հայաստանում է ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն ԴՄԻՏՐԻ ԿԻՍԻԼՅՈՎԸ, որն այդ ակումբի անդամ է: Ակումբի այս հանդիպումը եւս տեղի կունենա առանց լրագրողների լուսաբանման, ինչի մասին շեշտեց Դ. Կիսիլյովը: Ի դեպ, առ այսօր հայաստանյան որոշ շրջանակներ չեն կարողանում ներել ռուս սկանդալային լրագրողին, որը դեռեւս մի քանի տարի առաջ հայաստանյան հերթական այցի ժամանակ խոսել էր, թե ապշած է, որ հայ տաքսիստը ռուսերեն չգիտի: Թե տեղի ունեցած միջադեպից եւ դրան հաջորդած լայն արձագանքից հետո, ինչպիսի՞ն է այսօր նրա տեսակետը, վերջինս պնդեց նույնը.
– Իսկապես եղավ այդպիսի դեպք, երբ երիտասարդ տղան` տաքսիստը, չգիտեր անգամ ռուսերեն հաշվել, ինչն ինձ զարմացրեց: Այն ժամանակ իրոք բուռն արձագանքեցի դրան, որն էլ մամուլում որակվեց որպես միջադեպ: Իրականում այստեղ հարցն այն չէ, որ հայ տաքսիստը ռուսերեն հաշվել գիտի, թե` ոչ, այլ այն, որ ես ասում եմ` ռուսերեն իմանալը Հայաստանի անվտանգության գրավականն է: Սա էր կարեւորը: Հետեւաբար, հիմա էլ` առաջվա պես, էլի այդպես եմ մտածում եւ պնդում եմ, որ ռուսերեն ազատ խոսելը Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի: Ի վերջո, առանց դրա հնարավոր չէ տեսնել Հայաստանի ապագան: Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, եւ ով ուզում է բանավիճել այս հարցի շուրջ, պատրաստ եմ դրան: Ու պետք չէ այն, ինչ ասվել է ժամանակին, գնահատել որպես միջադեպ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

